«Արայիկի մայրը վատառողջ կին է, մենք անմիջապես նրանք չենք ասել դեպքի մասին, հետո որոշեցինք, որ դրա մասին որդին պետք է ասի…». Եղեգիս համայնքի ղեկավար
Ադրբեջանում գտնվող ժամկետային հայ զինծառայող Արայիկ Ղազարյանի մոր ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, երբ իմացել է, որ որդին հայտնվել է հակառակորդի տարածքում։ Նրան տեղափոխել են Եղեգնաձորի հիվանդանոց։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը։
«Արայիկը մեկ եղբայր ունի, նա պայմանագրային զինծառայող է, ծառայում է Խաչիկ գյուղում։ Երեկ ժամը 18։00-ին ռազմական ոստիկանության հետ այցելել ենք Ղազարյանի ընտանիքին։ Արայիկի մայրը վատառողջ կին է, մենք անմիջապես նրան չենք ասել դեպքի մասին, հետո որոշեցինք, որ դրա մասին որդին պետք է ասի, իսկ ասելուց հետո նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացավ, ինչից հետո նրան տեղափոխեցինք հիվանդանոց։ Առավոտյան այցելել եմ նրան, գիշերվա հետ համեմատած, վիճակը մի քիչ լավ էր, նա սրտի հետ խնդիրներ ունի»,- նշեց Եղեգիսի ղեկավարը։
Նա տեղեկացրեց, որ Արայիկ Ղազարյանը երբեք չի դժգոհել իր ծառայությունից, նույնը՝ նաև ընտանիքի անդամները, ուստի իր համար անհասկանալի է, թե ինչու է նման դեպք տեղի ունեցել։
«Արայիկը վերջերս էր եկել արձակուրդ, գոհ էր ծառայակիցներից, գրեթե ամեն օր նա ծնողների հետ կապի մեջ է եղել, եղբորն է միշտ զանգահարել, դրա համար են տարել Արցախ՝ երևի քննություն իրականացնելու համար»,- նշեց Ա. Ստեփանյանը։
Նրա խոսքով՝ զինվորի ընտանիքի սոցիալական վիճակը ծանր է, ընտանիքի անդամները զբաղվում են անասնապահությամբ և գյուղատնտեսությամբ։
Նա հույս հայտնեց, որ գուցե երեկոյան կպարզեն, թե իրականում Արայիկ Ղազարյանն ինչպես է հայտնվել թշնամու մոտ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքերում, մարտական դիրքը լքել էր զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը: Այս մասին տեղեկացրել էր ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության՝ զինծառայող Ղազարյանը գտնվում է նրանց մոտ: Դեպքի մանրամասները պարզելու համար այս պահին կատարվում է քննություն:
Զվարթ Խաչատրյան