Բրիտանական գամբի՞տ, թե՞ «տրոյական ձի»

Հանրության մոտ կա մի տարածված կարծիք, համաձայն որի՝ աշխարհի բոլոր հեղափոխությունների ակունքների հետևում երևում են Մեծ Բրիտանիայի «ականջները»։ Խորամուխ չլինելով հեղափոխությունների պատմության և դավադրապաշտական այլ տեսությունների մեջ, ուղղակի փաստենք մի քանի դրույթ։ Ապացուցված փաստ է, որ Առաջին համաշխարհային պատերազմի փաստացի մեղավորներից մեկը հանդիսանում է Բրիտանական կայսրությունը։ Առաջին համաշխարհայինն ընդունված է համարել նաև կայսրությունների կործանման պատերազմ, ինչի արդյունքում մարդկության թատերաբեմից վերացան ռուսական, գերմանական, օսմանյան կայսրությունները․ իր գոյությունը պահեց, և ներկայումս էլ դեռևս 300 տարի առաջ որդեգրած՝ սեփական քաղաքական օրակարգը թելադրելու քաղաքականությունն է շարունակում վարել Բրիտանական թագավորությունը։

Բրիտանական կայսրության հատուկ ուղղորդված քաղաքականության արդյունքում, որի նպատակն էր տեղում վերացնել ազգային արժեքների կրող տեղական իշխանություններին, և սեփական արհեստական «փրկչին» ներդնել, ավելի ուշ կազմակերպված «միջոցառումների» շղթա սկսվեց նախ Հնդկաստանում՝ ի դեմս Մահաթմա Գանդիի, այնուհետև նաև Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում՝ Նելսոն Մանդելայի «թամադությամբ»։

Երկու դեպքերում էլ ձեռագիրն ու ընտրված տակտիկան միմյանց բավականին նման էին, և այնպիսի տպավորություն էր, որ աշխատել է նույն թիմը։ Ահա այս ամենինց հետո, հեռավոր Հայաստանում մեկուկես տարի առաջ տեղի ունեցած իշխանափոխությունը նույնպես, բավականին նման էր Գանդիի և Մանդելայի «հեղափոխություններին»։ Չնայած այն բանին, որ իր իշխանազավթման ակցիաների ժամանակ Փաշինյանը կոկորդ պատռելով խոսում էր, որ ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացները չունեն արտաքին վեկտորներ և ֆինանսավորում, ժամանակն աստիճանաբար ամեն ինչ հստակեցնում է։

Այսպիսով՝ երեկ հայտնի դարձավ, որ Ալան Գոգբաշյան անունով դիվանագիտական մի պաշտոնյա նշանակվել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան՝ որպես Ջուդիթ Ֆարնուորթի իրավահաջորդ: Այս մասին հաղորդել է Մեծ Բրիտանիայի կառավարության պաշտոնական կայքը: Նշվում է նաև, որ Գոգբաշյանն իր պարտականությունների կատարմանը կանցնի 2019 թվականի սեպտեմբերին: Փաստենք, որ սա առաջին դեպքն է, որ հայ դիվանագետը Հայաստանում դեսպան է լինելու:

Կարդացեք նաև

Ի դեպ՝ հավելենք, որ Գոգբաշյանը Մեծ Բրիտանիայի ԱԳ և համագործակցության նախարարությունում 2008-2010թթ. զբաղեցրել է Արտահանման և լիցենզավորման թիմի ղեկավարի պաշտոնը, 2011-2014թթ. եղել է Մարոկկոյի Թագավորությունում Մեծ Բրիտանիայի փոխդեսպանը, 2014-2017թթ. զբաղեցրել է Կարիբյան տարածաշրջանի, Կենտրոնական Ամերիկայի և Մեքսիկայի բաժնի ղեկավարի պաշտոնը, 2017-2018թ. եղել է նախարարության Մարդկային ռեսուրսների բաժնի ղեկավարը, և մի շատ կարևոր դրվագ, 2018-19 թթ․ նա անցել է ռուսաց լեզվի խորացված դասընթաց։

Ակնհայտ է, որ դեսպանի հայկական ծագումն ունի որոշակի լուրջ աշխարհաքաղաքական ենթատեքստեր, որոնք առաջին հայացքից այդքան էլ տեսանելի չեն։

Պարզ է այն, որ ծավալապաշտական հերթական քաղաքականությունն իրականացնելու համար դեսպան Գոգբաշյանը կլծվի՝ հնարավոր բոլոր տարբերակներով իրականացնել նորին գերազանցության քաղաքական ամբիցիաները, փորձի իր «պատմական» հայրենիքում լինել ավելի ազդեցիկ, էլ ավելի արժանապատվություն և հավատ ներշնչի հայկական միջավայրում։ Ինչպես պարզվում է նորանշանակ դեսպանի կենսագրականից, նա ունի ռուսերեն լեզվի մասնագիտացում, հատուկ պատրաստվածություն, սա խոսում է այն մասին, որ բրիտանացիները «ֆուլ» թեմայի մեջ են մտնելու ամբողջ տարածաշրջանում սպասվող քաղաքականության զարգացումներում, ինչպես նաև ավելանալու է ՀՀ ներքին քաղաքականությանը միջամտելու բրիտանական սադրիչ ու կեղեքող գործելաոճը։

Հենց այս միջամտելու քաղաքականությունն ամբողջովին համապատասխանում է մեկուկես տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողմից տարվող արտաքին քաղաքական վեկտորի հետ։

Ըստ էության՝ բրիտանացիները փաստացի շարունակում են իրենց առանձին ագրեսիվ արտաքին քաղաքականությունը ՀՀ-ում՝ ցույց տալով, որ իրենք այս տարածաշրջանում քաղաքական «լուրջ ներդրումներ» են արել և ակնկալում են դրանց արդյունքները։ Հարկ է նշել, որ սա անմիջական ազդեցություն է ունենալու տարածաշրջանի ռուսական գոտիների, այդ թվում՝ հայ-ռուսական հարաբերությունների, ինչպես նաև Իրանի թնջուկի շուրջ ընթացող զարգացումների մասով։

Արմեն Հովասափյան

 

Տեսանյութեր

Լրահոս