
Լոնդոնը պատրաստ է Բրյուսելի հետ քննարկել Brexit-ի պայմանների շուրջ գործարքի փոփոխման հարցը. Ջոնսո

Մեծ Բրիտանիան պատրաստ է Եվրամիության հետ բանակցություններ վարել հանրակցության կազմից Միացյալ Թագավորության դուրս գալու պայմանների վերաբերյալ համաձայնագրի մի քանի կետերի վերանայման շուրջ: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Բելգիայի կառավարության ղեկավար Շառլ Միշելի հետ օգոստոսի 12-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում:
Ինչպես իրազեկել է բրիտանական վարչապետի մամուլի ծառայությունը, Ջոնսոնը «հավաստել է հանձնառությունը երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը, այդ թվում՝ այնպիսի հանգուցային բնագավառներում, ինչպիսիք են անվտանգությունը, առեւտուրը եւ ահաբեկչության դեմ պայքարը»:
«Brexit-ի կապակցությամբ վարչապետ Ջոնսոնը հայտարարել է, որ արդեն առկա գործարքը երեք անգամ մերժվել է խորհրդարանի կողմից, ուստի պետք է փոփոխվի: Նա կրկնել է, որ Մեծ Բրիտանիան պատրաստ է ազնվորեն բանակցություններ վարել «բեքստոպի» (Եվրամիության մաքսային միության եւ ընդհանուր եվրոպական շուկայի կազմում Հյուսիսային Իռլանդիայի գտնվելու ռեժիմը Brexit-ի անցումային շրջանի սկսվելուց հետո) այլընտրանք գտնելու շուրջ, սակայն եթե Եվրամիությունը շարունակի պնդել դուրս գալու վերաբերյալ համաձայնագրում փոփոխություններ մտցնելու անհնարինությունը, ապա մեզ հարկ կլինի առանց գործարքի դուրս գալ հոկտեմբերի 31-ին»,- ասել է մամուլի քարտուղարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: