
Ոստիկանները հայտնաբերեցին գողության մեղադրանքով հետախուզվողին

Օգոստոսի 10-ին Նոյեմբերյանում գրանցված մի ընկերության հաշվապահ ոստիկանությունում հաղորդում էր տվել, որ նույն օրը աշխատասենյակից գողացել են իր դրամապանակը, որի մեջ եղել է 235 դոլար, 50.000 դրամ, տարբեր երկրների մետաղադրամներ, փաստաթղթեր ու քարտեր:
Հաղորդումից մեկ օր անց ոստիկանության Նոյեմբերյանի և Իջևանի բաժինների ծառայողների համատեղ միջոցառումներով հանցագործությունը բացահայտվեց: Գողությունը կատարելու կասկածանքով Իջևանի հյուրանոցներից մեկում հայտնաբերվեց ու ոստիկանություն բերման ենթարկվեց 58-ամյա մի քաղաքացի: Նա խոստովանեց կատարածը:
Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվեցին դրամ, դոլար, տարբեր երկրների մետաղադրամներ: Ըստ կասկածյալի հայտարարության՝ հայտնաբերված 100 դոլարը, մոտ 50.000 դրամը գողացել է Նոյեմբերյանի հյուրանոցներից մեկից:
Ոստիկանները հետագա միջոցառումներով պարզեցին, որ բերման ենթարկվածը ոստիկանության Աշտարակի բաժնի կողմից 2018 թվականից հետախուզվում է ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի՝ գողության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:
Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
58-ամյա տղամարդը կալանավորված է: