«Ամենակարևորը ոչ թե բովանդակությունն է, այլ այն, որ, ի վերջո, ունենանք Սահմանադրություն, որին մարդիկ կողմ են քվեարկել». Դանիել Իոաննիսյան
«Ես միշտ ասել եմ, որ կարիք կա Սահմանադրությունը փոխելու։ Այո, փաստացի Նիկոլ Փաշինյանը 2015թ. ճիշտ էր, որ այս Սահմանադրությամբ հեշտ կլինի հեղափոխություն անելը, բայց դա չի նշանակում, որ այս Սահմանադրությունը լավն է։ Ուղղակի այս Սահմանադրությամբ Սերժ Սարգսյանը կատարեց ինչ-որ բաներ, որ թվում էր, թե իր համար է անում, բայց իրականում օգնեց հեղափոխությանը»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ղեկավար Դանիել Իոաննիսյանը՝ անդրադառնալով 2020թ. փետրվարին Սահմանադրական փոփոխությունների համար հատուկ խմբի ձևավորմանը և իր նախկին հայտարարությանը, թե գործող Սահմանադրությունն օգնեց հեղափոխությանը։
Ըստ նրա՝ ամբողջ հարցն այն է, որ ոչ միայն սահմանադրական կարգի առումով, այլև բազմաթիվ այլ առումներով իրոք Սահմանադրություն փոխելու կարիք կա. «Ամենակարևորը ոչ թե բովանդակությունն է, այլ այն, որ ի վերջո ունենանք Սահմանադրություն, որին մարդիկ կողմ են քվեարկել։ Հայաստանում սահմանադրական 4 հանրաքվե է անցկացվել, Սահմանադրությունը 3 անգամ փոխվել է, և այդ 3-ն էլ կեղծվել են։ Կարիք կա, իրոք, ունենալ մի Սահմանադրություն, որն ընդունված կլինի ՀՀ ժողովրդի կողմից։ Ընդ որում, կարծում եմ, որ առանձին հարցեր կարելի է դնել առանձին քվեարկության, ոչ թե ամբողջական փաթեթով քվեարկել»։
Թե առաջնահերթ ո՞ր դրույթները պետք է փոխել Սահմանադրությունում, Դ. Իոաննիսյանը նշեց, որ հարցերը շատ են, պետք է քննարկել, մտածել, հասկանալ.
«Ես ինչ-որ գաղափարներ ունեմ՝ Սահմանադրության փոփոխության հետ կապված, բայց դրանք նախնական են, պետք է լինեն նորմալ քննարկումներ, գաղափարներով կիսվենք, և ոոշում ընդունվի»։
Նրա կարծիքով՝ խորհրդարանական կառավարման համակարգի փոփոխության կարիք չկա, բայց դա ևս կարող է քննարկման հարց լինել։
Դ. Իոաննիսյանի համոզմամբ՝ ճիշտ կլինի, որ նոր Սահմանադրությունը գործի արդեն 2022 թվականից։