Նախորդ իշխանություններն ու Կալավանի «հրաշքը»
Շուրջ երկու շաբաթ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզի Կալավան զբոսաշրջային գյուղ իր այցելությունից այնպես էր տպավորվել, որ հանգստյան գոտու հիմնադիր Ռոբերտ Ղուկասյանին առաջարկեց դառնալ իր խորհրդականը։
Անհատական ջանքի մասին. Ռոբերտ Ղուկասյան:
Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Mittwoch, 31. Juli 2019
«Մի խումբ մարդիկ կարող են բնության հետ ներդաշնակ լինել, միավորվել ու զարգացնել գյուղը: Մենք միշտ գովում ենք մեր անցյալը, մոռանում ենք, որ նույն մարդկանց սերունդն ենք, մենք էլ ենք հետաքրքիր: Գյուղացին, մարդը ամենամեծ արժեքն է»,- վարչապետին ասել էր Ղուկասյանը՝ պատմելով իր բիզնես նախագծի մասին:
Նա հավելել էր նաև, որ կառուցել են 10 հյուրատուն, անտառային խոհանոց, սպասում են զբոսաշրջիկներին: «Հյուրատներ ունեինք, առաջինը բացվեց 2013թ.-ին՝ իմ տան երկրորդ հարկում: Վարկ վերցրեցի՝ 1 մլն 200 հազար դրամ, վերանորոգեցի, ու տունս դարձավ հյուրատուն»,- նշել էր Ռոբերտ Ղուկասյանը։
Էլի բաներ էր պատմել կալավանցի Ռոբերտ Ղուկասյանն իր նախաձեռնության մասին, բայց ոչ մի խոսք այն մասին, որ Կալավանի մասին հասարակությունն իմացել էր դեռևս նախորդ Կառավարության օրոք, երբ Գեղարքունիքի նախկին մարզպետ Կարեն Բոթոյանն իր թիմով ձեռնամուխ էր եղել Կալավան զբոսաշրջային գոտու ճանաչելիության մեծացմանը և ամեն բան մարզպետարանն անում էր՝ նրան աջակցելու համար։
Կալավանի մասին հիշատակելիս՝ վարչապետն էլ այդ մասին չխոսեց, սակայն փաստերն այլ բան են ասում։
Ներկայացվող տեսանյութում կալավանցի Ռոբերտ Ղուկասյանը 2017թ. օգոստոսի 26-ին վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Գեղարքունիքի մարզ կատարած նախավերջին այցելության ժամանակ վերջինիս է ներկայացնում Կալավանի գրանցած հաջողությունները։
Նույն այդ տեսանյութում Կարեն Կարապետյանն ասում է, որ ծանոթացել են նրանց՝ զարգացման 10-ամյա ծրագրին, հավանություն են տվել, ու հանձնարարում է ամեն կերպ աջակցել Ռոբերտ Ղուկասյանին։
Ի դեպ, այդ հանդիպմանը՝ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի հրավերով, բացի Ռոբերտ Ղուկասյանից, մասնակցել է նաև «Սարերի բարիք» սոցիալական ձեռնարկության հիմնադիր Արտուշ Խաչատրյանը, ով նույնպես՝ որպես օրինակ, ներկայացրել էր իր բիզնես ծրագիրը։
Եվ որքան էլ լռեն «Կալավան» գովազդային արշավի անմիջական մասնակիցները, որքան էլ թվացյալ տպավորություն ստեղծվի, որ նոր իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի կառավարության օրոք է խրախուսվում տեղական մանր ու միջին բիզնեսը, որ իրենք են յուրաքանչյուր նորամուծության հեղինակներն ու իրագործողները, տեղեկատվական տեխնոլոգիաների մեր դարաշրջանում շատ բարդ է թաքցնել իրականությունը։