«Վարչապետը խուսափում է աշնանը հանրությանը հաշվետվություն ներկայացնել, այդ պատճառով էլ 2050թ. հետ կապված ծրագիր ներկայացրեց». Քաղտեխնոլոգ
Հանրությունը և փորձագետները շարունակում են քննարկել օգոստոսի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հնչեցրած Նիկոլ Փաշինյանի ելույթը։ Այնտեղ վարչապետն անդրադարձել էր այն ծրագրերին, որոնք պետք է իրականացվեն մինչև 2050 թվականը։
Ըստ այդ ռազմավարության, մինչև 2050 թվականը Հայաստանի բնակչությունը պետք է հասնի առնվազն 5 միլիոնի, 1 միլիոն 500 հազար աշխատատեղ ստեղծվի, վերացվի աղքատություն և լուծվի 2.5 միլիոն մարդու զբաղվածության հարցը, և այլն։ Ծրագիրը ներկայացնելուց հետո վարչապետը վստահեցրել էր, որ այն, ինչ ասում է Հայաստանի մասով, Արցախին նույնպես վերաբերում է: «Որովհետև Արցախը Հայաստան է, և վերջ»,- ասել էր վարչապետը։
168.am-ի հետ զրույցում քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն անդրադառնալով վարչապետի ելույթին՝ այն բնորոշեց հետևյալ կերպ՝ վարչապետը խուսափում է աշնանը հանրությանը հաշվետվություն ներկայացնել, այդ պատճառով էլ 2050 թվականի հետ կապված ծրագիր ներկայացրեց։
«Նախորդ տարվա իշխանափոխությունից հետո անցել է 1, 5 տարի, և այսօր հանրությունն արդեն նոր իշխանություններից ակնկալում է գործնական արդյունքներ վարչապետի և իշխող քաղաքական ուժի գործունեությունից, սակայն դրական որևէ արդյունք նկատելի չէ։ Վարչապետն իշխանության գալուց խոստացել էր, որ մեկ տարի անց կախարդական փայտիկի միջոցով պետական բյուջեն կավելացնի 800-900 միլիոնով, Հայաստան կբերի բավականին շատ ներդրումներ։ Այն ժամանակ ասում էր, որ այդ ամենն իրականություն դարձնելու համար Հանրապետականը խանգարում է, բայց արդեն 1 տարի է ՀՀԿ-ն չկա, ու այդ խոստումները չեն կատարվել։ Արդեն աշնանը հասարակությունն իշխանություններից պահանջելու է հաշվետվություն, ուստի վարչապետը որոշեց փիառ քայլ կատարել, նախ՝ օրեր առաջ «հայտնագործեց» ինչ-որ գաղտնի փաստաթուղթ, իսկ դրանից հետո Ստեփանակերտի հրապարակից հանրությանը խոստումներ տվեց՝ կապված 2050 թվականի հետ»,- նշեց քաղտեխնոլոգը։
Նրա խոսքով, որքան էլ վարչապետը խոսի, որ մինչև 2050 թվականը բոլորը լավ են ապրելու, այդուհանդերձ հանրությանը չի համոզելու, քանի որ բոլորն էլ ցանկանում են այսօր լավ ապրել, այլ ոչ թե 31 տարի հետո։
Հարցին՝ հանրությունն ինչպե՞ս է արձագանքում վարչապետի այդ ելույթին, Արմեն Բադալյանը պատասխանեց, որ որևէ կերպ չի արձագանքում։
«Այդ ելույթը հանրության համար որևէ դերակատարում չունեցավ, քննարկում, ոգևորություն չեղավ։ Փորձագիտական շրջանակն այդ ելույթին անդրադարձավ, անդրադարձ կատարեց նաև ֆեյսբուքյան հանրությունը, իսկ դրանից դուրս այն անարձագանք մնաց։ Բայց սա չի նշանակում, որ աշնանը վարչապետից հաշվետվություն չեն պահանջելու։
Հիշեցնեմ, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հարցազրույցում ասել էր, որ աշնանը պատրաստվում է աջակցել այն խմբերին, որոնք վարչապետից հաշվետվություն պետք է պահանջեն, և վարչապետն այս ամենը տեսնելով ՝«տրյուկ» արեց, և օրակարգը հետաձգեց 31 տարով»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Անդրադառնալով Ստեփանակերտում վարչապետի՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», «Միացում» արտահայտություններին, քաղտեխնոլոգն ընդգծեց, որ «Արցախը Հայաստան է, և վերջ» արտահայտությամբ վարչապետը հակասության մեջ է մտնում իր մեկ տարի առաջ արած այն հայտարարության հետ, որ Արցախը՝ որպես ինքնուրույն սուբյեկտ, պետք է առանձին մասնակցի բանակցություններին։
«Հարց է առաջանում, եթե «Արցախը Հայաստան է, և վերջ», այդ դեպքում ո՞ւր մնաց Արցախի առանձին մասնակցությունը բանակցություններին։ Մենք տեսանք, որ այս ելույթից հետո ՀՀ արտգործնախարարությունը փորձեց հստակեցնել կամ շտկել այդ հայտարարությունը, իհարկե, պատասխանելով Ադրբեջանին, նորից վերադառնալ այն գործընթացին, որից սկսել են։ Այսօր ավելի կարևոր են վարչապետի այն քայլերը, որով ցանկանում է ամրապնդել իր անձի իշխանությունը՝ ՍԴ-ի օրենքում փոփոխություններ անելով, քան Արցախի ելույթը, որը, եթե այսօր փողոցում մարդկանց հարցնեք, ոչ էլ կհիշեն»,- եզրափակեց Արմեն Բադալյանը։
Զվարթ Խաչատրյան