«Հերոսներին պետք է ճանաչել, գնահատել ու հարկ եղած դեպքում պատասխանատվության կանչել սխալների համար, բայց չհեղինակազրկել ու չոչնչացնել». Միքայել Մինասյան
Բրիտանական BBC-ի հոդվածը «Մարտի 1»-ի մասին իր բովանդակությամբ վաղը մոռացված անցյալ կդառնա, բայց վերք կթողնի մեկ բան. հոդվածը թիրախավորում էր մեր հերոսին: Այս մասին իր ֆեյսբուքյան գրառման մեջ գրել է Սուրբ Աթոռում, Պորտուգալիայում և Մալթայի Ինքնիշխան Ուխտում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Միքայել Մինասյանը: Նա մասնավորապես գրում է.
«Ջորջ Մարտինն իր «Գահերի խաղը» գրքում գրել է. «Շատերին մոռացել են։ Շատերն արժանի են մոռացության։ Բայց հերոսներին կհիշեն միշտ։ Արժանիներին։ Լավագույններին և վատագույններին։ Եվ մի քանիսին, որոնք երկուսից էլ էին»։
Ուզենք, թե չուզենք, ցանկացած երկրի պատմություն հենց հերոսների պատմություն է։ Հանում ես հերոսներին, դառնում է անդեմ շարադրանք։ Այդ պատճառով մեր հանրային օրակարգի ամենամեծ վտանգը անխնա վերաբերմունքն է վերջին 30 տարիների մեր հերոսների նկատմամբ։ Նրանց նկատմամբ, կարծես, չհայտարարված «վհուկների որս» է։
Դրա վառ օրինակներից է բրիտանական BBC-ի հոդվածը Մարտի 1-ի մասին։ Եթե կա դրանից տպավորություն, ապա այն մեկն է. Արցախի ականավոր զինվորական, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի թիրախավորումը և հիպոթետիկ կապը նրա ու զոհերի միջև։ Հոդվածն իր բովանդակությամբ վաղը մոռացված անցյալ կդառնա, բայց վերք կթողնի մեկ բան. հոդվածը թիրախավորում էր մեր հերոսին։ Սամվել Կարապետյանը հերոս է:
Սքոթ Ֆիցժերալդն ասում էր` ցույց տվեք հերոսին, և ես կգրեմ նրա մասին ողբերգություն։ Ես չգիտեմ, դա մեր հավաքական ողբերգությունն է, թե առանձին վերցրած, օրինակ, գեներալ Մանվելի, ով այսօր ամբաստանյալի աթոռին է։ Նա, Մոնթեն և շատերը միասին ազատագրեցին Արցախը։ Ցավոք Մոնթեն զոհվեց, զոհվեց ու մնաց հերոս։ Մանվելը կա ու իր իրական մեղքերը քավելու հնարավորության փոխարեն անազատության մեջ է «տուշոնկա» կոչվող խեղկատակությամբ:
Ապրիլյան հաղթանակը կերտած տղերքը հերոսներ են: Բոլորը: Թե՛ Արցախյան հերոսամարտում, թե՛ ապրիլյան պատերազմում ընկած տղերքը հավերժ կմնան հերոս, մինչդեռ ողջերն այսօր ամբաստանյալ են կամ պոտենցիալ ամբաստանյալ:
Հերոսներն այդպես են։ Հակասական։ Միշտ է այդպես եղել։ Ու այդպես էլ կլինի։ Այլ հարց է, թե ինչպես պետք է վերաբերվենք նրանց։ Որպեսզի քաղաքական համատեքստից դուրս գանք, բայց հասկանանք խնդիրը, վերցնենք, օրինակ, Ռուբեն Հախվերդյանին։ Նա մեր ժամանակների աստղերից է` տաղանդավոր երևանցի, բազմաթիվ սիրված երգերի հեղինակ։ Բայց Հախվերդյանը միշտ աչքի է ընկել ամենաանհեթեթ հայտարարություններով ու խայտառակ հարցազրույցներով։ Արդյոք դրանից փոխվե՞լ է նրա կարգավիճակը կամ նրա նկատմամբ մեր վերաբերմունքը։ Ոչ։ Հիմա նույնը պատերազմի և երկրի հերոսների մասին է։
Անկախ բազմաթիվ բացթողումների և սխալների նկատմամբ մեր վերաբերմունքից` Հայաստանի, Արցախի և համայն հայության շրջանում չպետք է իրերն իրենց անուններով անվանելու բարդույթներ լինեն: Չի կարելի բարդույթավորվել և Լևոն Տեր-Պետրոսյանին չանվանել հերոս:
Որովհետև նախագահ Տեր-Պետրոսյանը Հայաստանի ղեկավարն է եղել մեր պետության և ժողովրդի համար օրհասական ժամանակներում, լինել-չլինելու երկընտրանքի ժամանակներում: Եվ, որպես ալեկոծված ծովում հայտնված նավի նավապետ` նա և իր թիմը կարողացան նավը բարեհաջող նավահանգիստ հասցնել:
Չի կարելի բարդույթավորվել ու Ռոբերտ Քոչարյանին չանվանել հերոս: Որովհետև նախագահ Քոչարյանը ղեկավարել է Արցախը հանրապետության երկունքի պահին, իսկ հետո ղեկավարել է Հայաստանի
Հանրապետությունն ու անառարկելի առաջընթաց ապահովել հայկական երկու պետությունների համար` քայլ առ քայլ ցեմենտելով պետականաշինության մեր նավը:
Չի կարելի բարդույթավորվել և Սերժ Սարգսյանին չանվանել հերոս: Որովհետև իր կյանքի ավելի քան 30 տարիների ամեն օրը պետականությանն ու անվտանգությանը նվիրած նախագահ Սարգսյանի առաջնորդությամբ Հայաստանը դիմագրավեց հնարավոր գրեթե բոլոր տիպի մարտահրավերները, նա արտաքին ու ներքին հավասարակշռության ապահովման նշաձող դրեց, բացեց երկիրն ու քչերի համար հասկանալի թևեր տվեց Հայաստանին, որ դեռ թռիչք պիտի ապահովեն:
Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը ինձ համար հերոսներ են` չնայած սխալներին, որ գործել են երեքն էլ: Ու նրանք այսօր էլ դեռ վճռորոշ ասելիք ունեն:
Անխոս հերոսներ են Վազգեն Մանուկյանը, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը և Պարգև Սրբազանը, ովքեր պատերազմում և հետպատերազմյան շրջանում պատմություն են կերտել:
Հերոսներ են Արկադի Տեր-Թադևոսյանը, Արշավիր Ղարամյանը, Լևոն Մնացականյանը, Վիտալի Բալասանյանը, Սեյրան Օհանյանը, Մովսես Հակոբյանը, Սամվել Բաբայանը, Յուրի Խաչատուրովը, Միքայել Հարությունյանը, Արթուր Աղաբեկյանը, Մանվել Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը, Սասուն Միքայելյանը, Ժորա Գասպարյանը, մյուսները` չնայած երեկ կամ այսօր կամ վաղը գործած կամ հնարավոր գործելիք նրանց սխալներին։
Չի կարելի ու չպետք է ապրել` «անցյալ չկա, կա միայն ներկա» թեզով։ Անցյալը կա, որում կան և՛ հաղթանակներ, և՛ սխալներ, բայց պետք է գնալ դեպի ապագա։ Հերոսներին պետք է ճանաչել, գնահատել ու հարկ եղած դեպքում պատասխանատվության կանչել սխալների համար։ Բայց չհեղինակազրկել ու չոչնչացնել։ Չզրկել երկիրն իր հիմքից։ Մեր հենման կետը, մեր ճակատագիր կերտողները հերոսներն են։ Նրանց հետ գուցե դժվար է, բայց առանց նրանց անհնար է։
Հերոսները նաև ողջերի մեջ են։ Պիտի համարձակություն ունենանք տեսնելու այն, ինչ հետո պատմությունն է արձանագրելու։ Իսկ թշնամինե՞ր՝ որքա՜ն ուզենք։ Միայն, թե սահմանից այն կողմ։ Հայաստանում մենք չպետք է թշնամի ունենանք: Ու չենք ունենալու:
Ոչ ոք անիմաստ չի ընկել մարտում և ոչ ոք անիմաստ չի ապրում այսօր: Ատելության վրա հնարավոր չէ սխրանքներ ու հեղափոխական փոփոխություններ կատարելու ունակ հասարակություն ունենալ։ Լավ ու անվտանգ ապրելու իրավունքը կարելի է վաստակել միայն համերաշխության մթնոլորտում: Եվ դա հնարավոր է»։
Ջորջ Մարտինն իր «Գահերի խաղը» գրքում գրել է. «Շատերին մոռացել են։ Շատերն արժանի են մոռացության։ Բայց հերոսներին կհիշեն…
Gepostet von Mikayel Minasyan am Freitag, 9. August 2019