«Եթե փաստաթուղթը հայտնվել է այլ երկրի լրատվամիջոցում, և այն տրամադրել է ՀՔԾ-ն, ապա այդ ամենը համարվում է դավաճանություն». Էդուարդ Շարմազանով
Երեկ BBC-ին ընդարձակ հոդվածով անդրադարձել էր մարտի 1-ի դեպքերին և նշել, որ իրենց տրամադրության տակ է հայտնվել բացառիկ փաստաթուղթ, որից երևում է, որ ցուցարարների վրա կրակել է Արցախից բերված զորքը՝ գեներալ Սամվել Կարապետյանի՝ Օգանովսկու ղեկավարությամբ։
Անդրադառնալով այս հրապարակմանը, Սամվել Կարապետյանը չէր բացառել, որ հատուկ պատվեր լինի՝ «հատուկ» շրջանակների կողմից:
«Ինչ վերաբերում է «Մարտի 1»-ի գործին իմ առնչությանը, ապա, ինչպես 1000-ից ավելի վկաներ, այնպես էլ ես ժամանակին պատասխանել եմ քննչական մարմնին հետաքրքրող բոլոր հարցերին և պատրաստ եմ այսուհետ ևս՝ հարկ եղած դեպքում, տալ անհրաժեշտ պարզաբանումներ:
Վերջում կցանկանայի հիշեցնել մի կարևոր հանգամանքի մասին ևս. ես այն մարդկանցից չեմ, որ կարող է հրաման արձակել կամ անձամբ զենք բարձրացնել իր հայրենակիցների վրա, առավել ևս, որ երեկվա պատերազմի ժամանակ ես դա չէի անում անգամ մեր հակառակորդ երկրի քաղաքացիական բնակչության հանդեպ»,- ասել էր գեներալը։
168.am-ի հետ զրույցում ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադառնալով BBC-ի հրապարակմանը և մեր այն հարցին, թե ինչո՞ւ հոդվածը հրապարակվեց հիմա, և ինչո՞ւ է այնտեղ սլաքներն ուղղվում Արցախի գեներալի վրա, պատասխանեց՝ փաստ է, որ նոր իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, գուցե գիտակցված, գուցե՝ այլ ուժերի ուղղորդմամբ կամ հորդորով, արցախյան ճակատում, բանակցություններում, անվտանգության ոլորտում առաջացրել են բազմաթիվ խնդիրներ։
«Յուրի Խաչատուրովին հետ կանչեցին ՀԱՊԿ-ից, այնտեղ խնդիր առաջացավ, հրաժարվեցին Վիեննա-Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից՝ արդյունքում ստացանք Միլանի հայտարարություն, հրաժարվեցինք Ժնևի պայմանավորվածությունից՝ ստացանք Դուշանբեի վերելակ։ Բանակի հետ կապված ստացանք «դավադիր ուժեր», «օտարերկրյա գործակալներ», նման հայտարարությունները չեն կարող չազդել պետության ու ազգային անվտանգության վրա։
Մեր երկրի ղեկավարը՝ առանց փաստերի հրապարակման, բոլոր սպաներին ու գեներալներին հավասարեցրեց ու անվանեց սերմացու գողացող մկներ, բա այդ զինվորը կկռվի՞, եթե նման բան ասեն։ Արցախի մեր հերոսների նկատմամբ մենք տեսանք ուղղակի ոտնձգություն, երկուսին ձերբակալեցին, մեկին այնպես արեցին, որ թողնի անվտանգության քարտուղարի պաշտոնը, Վիտալի Բալասանյանի մեքենայում իբրև թե զենք էին փնտրում։ Այսօրվա իշխանությունն այնպես արեց, որ երկու ընտրագույն գեներալներ չաշխատեն՝ Լևոն Մնացականյանը և Սամվել Կարապետյանը։ Հիմա Արցախի հերոսներին հեղինակազրկելու, մրոտելու գործընթացը շարունակվում է»,- նշեց Է. Շարմազանովը։
Նրա խոսքով՝ հասկանալու համար, թե հերոսների նկատմամբ նման վերաբերունքի սկզբնաղբյուրը որտե՞ղ է, և այս ամենն ո՞ւմ պատվերով է կատարվում՝ պետք է գործի ՀՀ հատուկ ծառայությունը։
«Չեմ ուզում հեռուն գնալով ասել, որ Արցախի դեմ դավադրություն են պատրաստում, այնտեղ զիջումների են ցանկանում գնալ, որի համար նպաստավոր պայմաններ ստեղծելու համար ցանկանում են հեղինակազրկել մարդկանց՝ Սերժ Սարգսյանից ու Ռոբերտ Քոչարյանից սկսած՝ մինչև մեր գեներալները, որպեսզի իրենց նպատակին հասնեն, չնայած նման կարծիք հասարակության մեջ կա։
Բայց ես մեկ բան կարող եմ ասել, որ այն, ինչ արվել է և արվում է այս մեկ տարվա ընթացքում՝ մտահոգիչ է, և առաջին հերթին՝ մտահոգիչ պետք է լինի Նիկոլ Փաշինյանի համար, քանի որ նա է պետության ղեկավարը։
Նա պետք է գիտակցի, որ այն հասարակությունը, որը հեղինակազրկում է իր հերոսներին, չի կարող ունենալ ապագա։ Ասում էին` Ռոբերտ Քոչարյանն է հրամանը տվել, հետո թե՝ Սերժ Սարգսյանը, հիմա ասում են` Օգանովսկին է, վաղն էլ կասեն՝ Պողոսն է եղել»,- շեշտեց Էդուարդ Շարմազանովը։
Նա վստահեցրեց, որ այս միտումները երկիրը վտանգավոր ինչ-որ տեղ են տանելու, հատկապես այն դեպքում, երբ այս ամենին չի արձագանքում Նիկոլ Փաշինյանը։
Շարմազանովը նաև մեջբերեց Ռ. Քոչարյանի փաստաբանների պնդումները, որ «Մարտի 1»-ի գործին նման փաստաթուղթ կցված չէ, որի մասին անդրադարձ է կատարել BBC-ն։
Շարմազանովը պնդեց, որ այս ամենի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունը պետք է պաշտոնապես հայտարարություն տարածի և ասի, որ հրապարակումը չի համապատասխանում իրականությանը, հակառակ պարագայում, թե նման բան կա, և փաստաթղթերը հայտնվել են BBC-ի տրամադրության տակ, ապա այդ ամենը նախաքննական գաղտնիքի հրապարակում է և ենթադրում է քրեական գործ։
Ավելին, եթե փաստաթուղթը հայտնվել է այլ երկրի լրատվամիջոցում, և այն տրամադրել է ՀՔԾ-ն, ապա այդ ամենը համարվում է դավաճանություն։ Այսինքն՝ տեղի ունեցածը ՀՔԾ-ն կա՛մ պետք է հաստատի, կա՛մ հերքի։
«Այս ամենը ոչ միայն ազգային, այլև պետական անվտանգության խնդիր է։ Այս խնդիրների վերաբերյալ մեկ տարի խոսում եմ, բայց ձայն բարբառոյ հանապատի։ Ամենամեծ ազգային անվտանգության խնդիրը, երբ պետության ղեկավարն Իրանում հայտարարում է, թե Հայաստանում կան քաղաքական գործիչներ, որոնք օտարերկրյա գործակալներ են, որոնցից որևէ մեկը մինչև այժմ բացահայտված չէ։ Զարմանում եմ, որ բոլորը զարմանում են Նիկոլի սխալ քայլերի կամ անգործության վրա։ Ամենամեծ մարտահրավերն առաջացրել է Փաշինյանը, երբ հայտարարեց՝ միացում-միացում, կամ «սա Հայաստանն է, և վերջ«։
Էմոցիոնալ դաշտում այս հայտարարությունը գուցե լավն է, բայց արդյո՞ք սա օգնելու է Արցախի անվտանգության ամրապնդմանը, Արցախի միջազգային ճանաչմանը, թե՞ Հայաստանն աստիճանաբար դառնալու է իզգոյ Մինսկի խմբի համանախագահների մոտ։ Փաշինյանը պետության ղեկավար է, այլ ոչ թե ոտանավոր ասող»,- նշեց նա։
Զվարթ Խաչատրյան



