Հարավային Կորեան դադարեցրեց հիմնական առևտրական գործընկերների թվից Ճապոնիան բացառելու գործընթացը
Կորեայի Հանրապետության կառավարությունը դադարեցրել է այն օրենքում ուղղումների նախագծի քննարկումը, որի համաձայն Ճապոնիան պետք է հանվի Հարավային Կորեայի գերակա առեւտրական գործընկերների ցուցակից։
Ինչպես օգոստոսի 8-ին հայտնել է KBS հեռուստաալիքը, որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ ճապոնական կողմը հավանություն տվեց ֆոտոռեզիստների՝ երեք տեսակի բարձրտեխնոլոգիական հումքային նյութերից մեկի խմբաքանակի առաքմանը Հարավային Կորեա, որոնց մատակարարումների համար Տոկիոն ավելի վաղ սահմանափակումներ էր մտցրել:
Որպես հակամիջոց Սեուլն սպառնացել էր Ճապոնիան հանել գերակա առեւտրական գործընկերների իր ցուցակից՝ այն փոխադրելով հատուկ ստեղծված՝ արտահանման ընթացակարգի կոշտ սահմանափակումներով կատեգորիա: Ճապոնիայի կառավարությունը հավանություն է տվել մատակարարմանը՝ հանգելով այն եզրակացության, որ այն սպառնալիք չի ներկայացնում ազգային անվտանգության համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



