Բաժիններ՝

Twitter-ում խոստովանել են, որ օգտատերերի տվյալներն օգտագործել են առանց թույլտվության

Twitter սոցիալական ցանցի ղեկավարությունն օգոստոսի 6-ին ներողություն է խնդրել այն բանի համար, որ մոտավորապես մեկ տարի առանձին օգտատերերի տվյալներ օգտագործել է առանց նրանց թույլտվության: Այդ մասին ասված է սոցցանցի կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Դրա համաձայն, եթե օգտատերերը հեռախոսով սոցցանցում գովազդ են դիտել ինչ-որ շարժական հավելվածի վերաբերյալ, ինչից հետո ինչ-որ ձեւով փոխգործակցել են այդ հավելվածի հետ (օրինակ՝ այն տեղադրել են), Twitter-ը կարող էր նրանց վերաբերյալ որոշ տվյալներ բացահայտել իր գործընկերներին, նույնիսկ եթե մարդիկ չեն տվել դրա թույլտվությունը: Այդ խնդիրը գոյություն է ունեցել 2018 թվականի մայիսից:

Բացի այդ, նույն տարվա սեպտեմբերից Twitter-ը կարող էր օգտատերերին գովազդ ցույց տալ նրանց շարժական սարքերի տեսակի վերաբերյալ ենթադրությունների հիման վրա՝ նրանցից թույլտվություն չխնդրելով նման տեղեկատվության մշակման համար: Ընթացիկ տարվա օգոստոսի 5-ին անսարքությունը հայտնաբերվել է եւ վերացվել սոցցանցի կողմից:

«Մենք ներողություն ենք խնդրում, որ դա տեղի է ունեցել, եւ միջոցներ ենք ձեռնարկում՝ համոզվելու, որ մենք այդ սխալը չենք կրկնի»,-նշվում է հրապարակման մեջ: Միեւնույն ժամանակ հայտարարության մեջ նշվում է, որ էլեկտրոնային փոստի նշանաբառերը, հաշվեգրանցումները եւ նման այլ տեղեկություններ չեն փոխանցվել երրորդ կողմի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս