
Առնվազն 18 մարդ է զոհվել Քաբուլում իրականացված պայթյունի հետևանքով. TOLONews

Առնվազն 18 մարդ է զոհվել այն պայթյունի հետեւանքով, որն օգոստոսի 7-ի առավոտյան որոտացել է Քաբուլի արեւմտյան մասում գտնվող ոստիկանական տեղամասի տարածքում: Այդ մասին հայտնել է TOLONews հեռուստաալիքը՝ վկայակոչելով անվտանգության ոլորտի մի աղբյուր:
Եվս ավելի քան 100 մարդ վերքեր են ստացել: Տուժածների մեծամասնությունը խաղաղ բնակիչներ են, այդ թվում՝ կանայք ու երեխաներ: Ինչպես ավելի վաղ հայտնել է հեռուստաալիքը, ահաբեկչական գործողությունը տեղի է ունեցել Աֆղանստանի մայրաքաղաքի վեցերորդ ոստիկանական տեղամասի տարածք մուտքի վայրում:
Պայթել է պայթուցիչ սարքով հանդերձված ավտոմեքենան: Պայթյունի պատասխանատվությունն ստանձնել է «Թալիբան» արմատական շարժումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: