Բաժիններ՝

Պակիստանի վարչապետը կոմիտե է ստեղծել Քաշմիրի վերաբերյալ Հնդկաստանի որոշմանը պատասխան տալու համար

Պակիստանի վարչապետ Իմրան Խանը կարգադրել է հատուկ կոմիտե ստեղծել Ջամուի եւ Քաշմիրի նահանգը լուծարելու Նյու Դելիի որոշմանը իրավական, քաղաքական ու դիվանագիտական պատասխան մշակելու համար: Այդ մասին հայտնել է Daily Times թերթը՝ վկայակոչելով վարչապետի կարգադրությունը:

Ինչպես նշում է թերթը, հատուկ կոմիտեն բաղկացած կլինի յոթ անդամից, որոնց թվում են՝ Պակիստանի արտաքին գործերի նախարարր Շահ Մեհմուդ Կուրեշին, Պակիստանի գլխավոր դատախազ Անվար Մանսուր Խանը, արտաքին գործերի առաջին փոխնախարար Սոխայիլ Մահմուդը, կրոնի հարցերով հատուկ դեպանորդ Ահմեդ Սուֆին, ինչպես նաեւ Միացյալ հետախուզական վարչության տնօրեն Ֆայիզ Համիդը, Պակիստանի ցամաքային զորքերի շտաբի ռազմական գործողությունների վարչության պետ Նաուման Զաքարիան եւ Հասարակայնության հետ կապերի միացյալ ծառայության տնօրեն Ասիֆ Գաֆուրը:

«Պակիստանի վարչապետը դրանով իսկ անհապաղ յոթ մարդուց բաղկացած թիմ է ստեղծում, որը պետք է հանձնարարականներ տա հնդկական Քաշմիրի օկուպացման հետ կապված վերջին իրադրձություններին իրավական, քաղաքական ու դիվանագիական պատասխան ձեւակերպելու համար»,- հրատարակությունը մեջբերում է կարգադրության տեքստը: Ավելի վաղ Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Ջամուի եւ Քաշմիրի նահանգի հատուկ կարգավիճակը չեղարկելու Հնդկաստանի կառավարության որոշումը, կարգավիճակ, որն ամրագրված է Հնդկաստանի Սահմանադրության 370-րդ հոդվածում: «Ինչպես հետեւում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւից, Նյու Դելիի ոչ մի գործողություն չի կարող փոխել այդ վիճելի տարածաշրջանի կարգավիճակը: Իսլամաբադը բոլոր հնարավոր միջոցները կձեռնարկի այդ անօրինական գործողությունները կասեցնելու համար»,- նշել է ԱԳՆ-ն:

Պակիստանի ցամաքային զորքերի շտաբի պետ, գեներալ Քամար Ջավեդ Բաջվան նախօրյակին հայտարարել է, որ պակիստանյան բանակը կաջակցի Ջամուիի եւ Քաշմիրի հնդկական նահանգի բնակիչներին՝ տարածաշրջանի հատուկ կարգավիճակը չեղարկելու Նյու Դելիի որոշման կապակցությամբ: Պակիստանի վարչպետ Իմրան Խանը հայտարարել է, որ Հնդկաստանի կողմից Ջամուի եւ Քաշմիրի նահանգի հատուկ կարգավիճակի չեղարկումը կբերի տարածաշրջանի խաղաղության ու կայունության կործանման:

Հնդկաստանի կառավարությունն օգոստոսի 5-ին հայտարարել է Սահմանադրության 370 հոդվածը չեղարկելու որոշման մասին, որը հատուկ կարգավիճակով է օժտում Ջամուի եւ Քաշմիրի նահանգը: Ինչպես խորհրդարանում հայտնել է Հնդկաստանի ներքին գործերի նախարար Ամիթ Շահը, Ջամուի եւ Քաշմիրի կառուցվածքը պետք է վերակազմվի: Կառավարության առաջարկության համաձայն, Ջամուն եւ Քաշմիրը կորցնում է նահանգի կարգավիճակը եւ դառնում միութենական տարածք (ավելի քիչ իրավունքներ ունի, քան նահանգը), նրանից անջատվում է Լադաքհ պատմական մարզը, որը նույնպես դառնում է միութենական տարածք: Նաեւ այլ փոփոխություններ են սպասվում Քաշմիրի կարգավիճակի եւ կառավարման ոլորտում: Ընդսմին Ջամուն եւ Քաշմիրը կպահպանի իր օրենսդիր մարմինը:

Ջամուում եւ Քաշմիրում՝ Հնդկաստանի միակ նահանգում, որտեղ բնակչության մեծամասնությունը կազմում են մուսուլմանները, ակտիվորեն գործում են անջատողականները, որոնք հանդես են գալիս նրա անկախության կամ Պակիստանին միանալու օգտին: Ընդսմին Քաշմիրում Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ չկա պաշտոնական սահման. երկու պետությունների բանակներին բաժանում է հսկիչ գիծը: Նյու Դելին Պակիստանի իշխանություններին մեղադրում է զինված անջատականներին աջակցելու մեջ: Իսլամաբադն այդ մեղադրանքները մերժում է, հայտարարելով, որ Քաշմիրի բնակիչներն ինքնուրույն են պայքարում իրենց իրավունքների համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս