
«Աշխարի բժիշկները» կոչ են արել Նոտր Դամի մոտ արյան անալիզ վերցնել բոլոր սովորողներից

«Աշխարհի բժիշկներ» ոչ կառավարական կազմակերպության աշխատակիցները կոչ են արել կապարի առկայությունն ստուգելու համար արյան անալիզ վերցնել Փարիզի Աստվածամոր տաճարի մերձակայքում գտնվող բոլոր կրթական հիմնարկությունների աշակերտներից, տաճար, որտեղ ապրիլի 15-ին հրդեհ տեղի ունեցավ: Օգոստոսի 6-ին Franceinfo ռադիոկայանին տված հարցազրույցում այդ մասին հայտարարել է բժիշկ Մադի Դենանտը։
«Իրավիճակը պահանջում է, որ մինչեւ 18 տարեկան բոլոր երեխաներն արյուն հանձնեն կապարի առկայությունն ստուգելու համար,- նշել է նա:- Կապարը վնասակար է բոլորի, այդ թվում՝ չափահասների համար, բայց առանձնապես երեխաների համար, որոնց ուղեղը դեռ զարգանում է, ուստիեւ առանձնապես զգայուն է կապարով թունավորման նկատմամբ»:
Ինչպես նշել է բժիշկը, հրշեջները եւ մյուս մասնագետները, որոնք մասնակցել են տաճարում հրդեհի մարմանը, «ամենայն հավանականությամբ, շատ կապար են շնչել, նրանք նույնպես պետք է գտնվեն հսկողության տակ»:
Ընդամենը հրդեհի ընթացքում կրակից հալվել է շուրջ 400 տոննա կապարե թերթ, որոնցով ծածկված Է եղել տաճարի տանիքը: Հալված մետաղի մի մասը լցվել է տաճարի ներսը, սակայն մեծ ծավալի մանրագույն կաթիլներ՝ մրի եւ ծխի հետ խառնված, բարձրացել են օդ: Փարիզի պրեֆեկտուրան աղտոտման պատճառով անորոշ ժամանակով փակել է երեք դպրոցների շենքեր, որոնք պետք է օգտագործվեին արձակուրդի ժամանակ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: