
Սիրիայի հյուսիսում թուրքական ռազմական գործողությունները նոր փուլ են թևակոխելու

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «Եփրատի վահան» և «Ձիթենու ճյուղ» անունները կրող ռազմական գործողություններով սկսված գործընթացը շատ շուտով նոր փուլ է թևակոխելու:
Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
«Հարկ եղած դեպքում բանակցելով, հարկ եղած դեպքում փափուկ ուժի կիրառմամբ մենք պաշտպանելու ենք մեր ազգային շահերը»,- նշել է Էրդողանը:
Սիրիայի հյուսիսային շրջանները «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներից մաքրելու պատրվակով Թուրքիան 2016-2017 թվականների ընթացքում իրականացրել է «Եփրատի վահան» անունը կրող ռազմական գործողությունները, որի շրջանակում հարվածներ է հասցրել Սիրիայի քրդերին: Գործողությունները սկսվել էին սահմանային Ջերաբլուս քաղաքից, ապա թուրքական զորքերը մտել էին Էլ-Բաբ: Ավելի ուշ՝ 2018 թվականին, նույն պատրվակով թուրքական բանակը ռազմական գործողություններ էր սկսել Աֆրինի շրջաններում, որը ստացել էր «Ձիթենու ճյուղ» անվանումը:
ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը օգոստոսի 6-ին հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի ընդունի Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում իրականացվելիք որևէ միայնակ գործողություն: