ՊՎԾ-ում ազատվեցին հայտնի հեղափոխական ակտիվիստից
Պետական վերահսկողական ծառայության արդեն նախկին իրավախորհրդատու Կարո Ղուկասյանն իր ֆեյսբուքյան էջում քիչ առաջ հետևյալ գրառումն է կատարել. «Այսօր ՀՀ ՊՎԾ պետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի ԷԼԲԵԿԻ Քյարամյանի հրամանով ես ազատված եմ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից։ Պատճառը հաստիքը կրճատումն է չնայած այն հանգամանքին, որ ժամանակավոր պետը և իր տեղակալը իրենց ծանոթ «բարեկամ»ներին տեղավորել են գործի։ Հ.Գ. մնացածը շուտով։)»։
168.am-ին Կարո Ղուկասյանն ասաց, որ այս պահին որևէ այլ մեկնաբանություն չունի, ինչ գրել, գրել է։
Սակայն նրա գրառման տակ եղած իր իսկ մեկնաբանությունից հասկանում ենք, որ իրավական ճանապարհով, այնուամենայնիվ, փորձելու է հասնել իր խախտված իրավունքների վերականգնմանը։
Ի դեպ, նոր իշխանությունների մոտ կարծես թե սովորություն է դառնում իրենց համար անցանկալի կադրերից նման եղանակով ազատվելը։ Երբ տեսնում են, որ որևէ հիմնավորմամբ մարդուն չեն կարողանում աշխատանքից ազատել, դա անում են «կառուցվածքային փոփոխություններ» ձևակերպման ներքո։
Նույն կերպ, օրինակ, ազատվեցին ՊԵԿ օպերատիվ հետախուզական վարչության նախկին պետ Կարեն Կարապետյանից։ Այդ դեպքում կարծես թե ՕՀՎ-ն լուծարեցին. այն միավորվեց մեկ այլ ստորաբաժանման հետ, և Կարեն Կարապետյանի հաստիքն ըստ էության կրճատվեց։
Այսպիսի օրինակները ներկայումս մեծ թիվ են կազմում պետական տարբեր գերատեսչություններում, երբ նոր եկած ղեկավարներն այս կամ այն աշխատակցից ազատվելու համար դիմում են հենց այս մեթոդին։
Ի դեպ, դատելով Կարո Ղուկասյանի գրառման ներքո եղած մեկնաբանություններից՝ կարելի է հասկանալ, որ այս հանգուցալուծումն անակնկալ չի եղել, և շատերի համար սա սպասելի էր։
Իսկ թե ինչո՞ւ էր ՊՎԾ պետի ժամանակավոր պաշտոնակատար, նշանակման օրվանից զանազան պատմությունների կիզակետում հայտնված Արգիշտի Քարամյանն այնքան ցանկանում ազատվել Կարո Ղուկասյանից, որ դրան հասավ վերջինիս հաստիքի լուծարման ճանապարհով, թերևս, կիմանանք ավելի ուշ։
Հիշեցնենք, որ Կարո Ղուկասյանը հայտնի հեղափոխական ակտիվիստ է։ Ըստ մամուլի հրապարակումների՝ համարվում էր Դավիթ Սանասարյանի կադրը։ Մասնակցել է «Էլեկտրիկ Երևանի» շուրջօրյա ցույցերին։ Այդ օրերի հայտնի լուսանկարի հերոսն է։