Բաժիններ՝

Ինչո՞ւ էր Գևորգ Ալթունյանը մի քանի հոգու մասին խոսում, և ինչպե՞ս կարող էր միայնակ կինն ակնթարթորեն այդքան շիրմաքար պղծել

Օրեր առաջ ֆեյսբուքյան հայկական տիրույթը փոթորկեց մի տեսանյութ, որում պատկերված էր, թե ինչպես են պղծվել Եռաբլուրում ննջող Ապրիլյան պատերազմի նահատակ մեր հերոսների գերեզմանաքարերը:

168.am-ի տվյալներով` տեսանյութը նկարվել էր հուլիսի 31-ի երեկոյան ազատամարտիկ Մերուժան Յավրումյանի թոռան կողմից: Տեսանյութը նկարահանող անձն այն մասին, որ գերեզմանաքարերի վրա ինչ-որ թափթփուկներ ներկ են լցրել, տեղյակ է պահել պահակակետում, խառնվել են իրար, աղմուկ է բարձրացել:

Օգոստոսի 1-ի երեկոյան՝ դեպքից մեկ օր անց, Ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, համաձայն որի՝ «Օգոստոսի 1-ին համացանցում «Եռաբլուրում պղծել են հերոսների շիրիմները» վերտառությամբ տեսանյութ էր տարածվել, ուր երևում է, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ապրիլյան պատերազմի հերոսների շիրմաքարերին ինչ-որ նյութից առաջացած հետքեր կան։

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարականով ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումներ՝ կատարվածի հանգամանքները կարճ ժամանակում բացահայտելու ուղղությամբ։

Արդյունքում՝ Աշտարակի ոստիկանները տեղեկություններ ստացան, որ Աշտարակի գերեզմաններում մի կին տարօրինակ վարքագիծ է դրսևորում և ինչ-որ գործողություններ է կատարում շիրմաքարերի մոտ։

Նա հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Աշտարակի բաժին։ Երևանի բնակիչ, 51-ամյա կնոջ հայտնածով՝ այրված մոմ է լցրել շիրմաքարերին՝ անեծքը հանելու համար։

Կինը հայտնել է նաև, որ նմանատիպ գործողություններ կատարել է Եռաբլուրում և այլ գերեզմանոցներում։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում»։ Ավելի ուշ կնոջն ազատ էին արձակել։

Ավելի վաղ սակայն Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանն ասել էր.

«Այն, ինչ մենք ենթադրում ենք, որոշակի հիվանդագին ուղղվածություն ունեցող ծիսակարգ է եղել, որը  դրսևորվել է նաև մի շարք այլ գերեզմանատներում։ Մարդիկ եկել են՝ պատրաստի տաքացված մոմով, կենտրոնական մուտքից չեն եկել, էս տարածքում ինչ-որ մի տեղից եկել են, տաքացված մոմը շաղ են տվել գերեզմանաքարերի վրա և հեռացել»:

Ապա նա հավելել էր՝ ասելով՝ արել էին ու փախել. Պետք է գտնել այդ մարդկանց ու հասկանալ, թե ինչու են արել։

«Երեկոյան է դեպքը տեղի ունեցել։ Այդ ժամերին Եռաբլուրի այս տարածք շատ մարդ է գալիս, քանի որ համ հով է, համ էլ գալիս են քայլելու։ Կոնկրետ այդ մարդկանց որևէ մեկը չի տեսել, սակայն մեր տպավորությամբ՝ տաք մոմով եկել են, ինչ-որ ծիսակատարության նման բան են արել, այնուհետ այդ մոմերը շաղ են տվել գերեզմանաքարերի վրա ու շատ արագ հեռացել են, երբ զգացել են, որ աշխատակիցները մոտենում են»,- ArmDaily.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Եռաբլուրում ապրիլյան հերոսների գերեզմանների պղծման դեպքին, ասել էր Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետը։

Ոստիկանության ու պաշտպանության նախարարության պաշտոնյայի հայտարարություններն առնվազն տարակուսելի են, քանի որ Գևորգ Ալթունյանը մի քանի անգամ հստակ նշում է, որ եղել են մարդիկ, և ոչ թե մեկ հոգի, և, որ նրանց Եռաբլուրի աշխատակիցներն առնվազն հեռվից տեսել են։

Իսկ ահա օգոստոսի 2-ին Armlur.am-ի հետ զրույցում ևս մեկ ուշագրավ հայտարարություն է անում Ռազմական ոստիկանության Երևանի բաժնի պետ Միսակ Սահակյանը։

«Ռազմական ոստիկանությունն այդ փաստով նյութեր է նախապատրաստում, քանի որ Եռաբլուրը համարվում է զորամասի տարածք, և այդ առնչությամբ Ռազմական ոստիկանության Երևանի բաժինը հետաքննություն է վարում, նյութեր է նախապատրաստում օրենքով սահմանված կարգով։ Այդ կնոջը ոստիկանության Աշտարակի բաժինը ազատ է արձակել, մենք բերման ենք ենթարկել, հարցաքննել ու էլի բաց ենք թողել»,- ասել էր ռազմական ոստիկանության պաշտոնյան։

Վերջինս նշեց նաև, որ որոշակի փոփոխություններ կան այդ կնոջ՝ ոստիկանությունում և ռազմական ոստիականությունում տված ցուցմունքների միջև։

«Ինքը հրաժարվում է, որ Եռաբլուրում եղել է, նման արարք կատարել է»,- ասել է Միսակ Սահակյանը՝ հավելելով, որ արյան նմուշ է վերցվել և ուղարկվել փորձաքննության։

168.am-ը Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանից հարցրեց, թե ինչպե՞ս կարող է մեկնաբանել կնոջ իրարամերժ հայտարարությունները։

Մեր հարցին Աշոտ Ահարոնյանի պատասխանը կարճ էր. «Զանգեք նախաքննական մարմին, ով գործը վարում է, կասեն»։

Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից էլ մեզ տեղեկացրին, որ ենթադրվում է, որ նյութերն իրենց պետք է ուղարկեն, բայց այս պահին գործի նյութերը դեռ չեն ստացել։

«Այս պահին գործը դեռ մեր վարույթում չէ»,- ասացին Քննչական կոմիտեից՝ խոստանալով նորություն լինելուն պես տեղեկացնել։

Մենք, իհարկե, հետևողական կլինենք այս թեման լուսաբանելու հարցում, սակայն փաստը, որ զարհուրելի արարքի մեջ մեղադրվող կնոջ հակասական, իրարամերժ ցուցմունքները պատկան մարմինների կողմից որևէ կերպ չեն մեկնաբանվում, արդեն իսկ, մեղմ ասած, անհասկանալի է։

Հասարակությունը որևէ պարագայում այս հրեշավոր դիպվածը չի մոռանալու, և ոտնձգությունը, որ կատարվել է մեր սուրբ նահատակների շիրիմների հանդեպ, անպատիժ չի մնալու։ Վստահ ենք, որ մեր հասարկությունը պահանջատեր է լինելու այս հանցագործության ամբողջական բացահայտման ու պատճառահետևանքային կապերը պարզելու հարցում։

Ի դեպ, դեպքի վայրում այդ օրը եղած մարդիկ, այդ թվում՝ նաև պատգամավորներ, փաստում էին, որ Եռաբլուրում այն քանակի արյունը, որ իրենք են տեսել, դժվար թե մեկ մարդու արյուն լիներ։

Ի վերջո, ինչո՞ւ էր Գևորգ Ալթունյանը մի քանի հոգու մասին խոսում, և ինչպե՞ս կարող էր միայնակ կինն ակնթարթորեն այդքան շիրմաքար պղծել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս