«Չեմ կարծում, որ Իրանի ներսում որևէ բան է փոխվել հայության ու Հայաստանի հանդեպ». Իրանագետը՝ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդի մտահոգությունների մասին

Օրերս Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Գրիգոր Եպիսկոպոս Չիթչեանը hetq.am-ի հետ զրույցում նշել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի փետրվարին Իրան կատարած այցից հետո իրանահայերի համար խնդիրներ են ստեղծվել։

Վարչապետի հանրահայտ սելֆին իրանահայերի հետ, «Արարատ» միության շենքում, Ատրպատականի ադրբեջանցիները տարածել են և տարբեր մեկնաբանություններ արել։ Քանի որ շենքի միության պատին գրված էր, որ Արցախը Հայաստան է, և վերջ։

168.am-ի հետ զրույցում ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանն անդրադառնալով առաջնորդի մտահոգություններին՝ նշեց, որ իրանահայ համայնքը գտնվում է շատ բարվոք վիճակում, այստեղ խոսքն առաջին հերթին՝ իրանական պետության վերաբերմունքի մասին է, որը ցուցաբերում է համայնքին։

«Հայերն Իրանում թե՛ պետական կառույցների կողմից, թե՛ հասարակական  շրջանակներում ունեն դրական ընկալում։ Ինչ վերաբերում է խնդիրներին, նախ պետք է նշենք, որ բազմաթիվ խնդիրներ կապված են համայնքի, ցավոք, նոսրացման հետ։

Մենք գիտենք, որ իրանահայ համայնքը, հատկապես՝ վերջին տասնամյակում, թվաքանակի առումով զգալիորեն պակասել է, խոսքը վերաբերում է դեպի Արևմուտք և ԱՄՆ  ելքին։ Մասամբ գալիս են նաև Հայաստան, այս դեպքում գոնե համալրում են մեր երկրի բնակչության շարքերը։

Սակայն ԱՄՆ մեկնելու դեպքում փաստացիորեն մենք Իրանի ներսում կորցնում ենք ազդեցիկ լծակներ, որոնք պատմականորեն հայերն ունեցել են այս երկրի տարածքում ու կյանքում։ Հայերն Իրանում նաև ընկալվում են՝ որպես «առաջինների» ժողովուրդ, քանի որ Իրանի կյանքում շատ նորամուծություններ կապված են հայերի անվան հետ, խոսքը վերաբերում է  առաջին տպագրությանը, առաջին թատրոնին և այլն»,- շեշտեց իրանագետը։

Նրա խոսքով՝ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների պայմաններում որոշակի դժվարություններ են կրում նաև իրանահայ գործարարները, սակայն այդ դժվարությունները միայն հայերին չեն վերաբերում: Դա, ըստ նրա՝ վերաբերում է երկրի ողջ գործարար շրջանակներին, այստեղ էլ հայերը բացառություն չեն կազմում։
«Ընդհանուր առմամբ, իրանահայ համայնքի մշակութային կյանքը, քաղաքական ներգրավվածությունը, Իրանի խորհրդարանում ունենք երկու հայ պատգամավոր, դրական է, և այս իմաստով իրանցիներն էլ քաջ գիտակցում են այդ երկրի պատմության ողջ ընթացքում, նաև՝ արդի ժամանակահատվածում հայերի դերը»,- ասաց Վարդան Ոսկանյանը։

Ինչ վերաբերում է վարչապետի սելֆիին և գրությանը, իրանագետը նկատեց՝ ակնհայտ է, որ իրանական պետությունը կենտրոնացվածությամբ չափազանց մեծ աստիճան ունի, և այս իմաստով երկրի ներքին անվտանգությունը, կապված նաև տարածաշրջանում առկա լարվածության հետ,  գտնվում է  բարձր մակարդակի և վերահսկողության տակ։

«Արցախի հիմնախնդրի հարցում իրանցիները, համենայնդեպս պետական որոշումներ կայացնողների մակարդակով, չունեն այլ կարծիք, որը հայության համար դրական չի կարող չլինել։ Այլ հարց է, թե ինչ է բարձրաձայնվում, բոլորովին այլ հարց, թե ինչ քաղաքականություն է վարում Իրանը։

Իրանի ազգային շահերի և անվտանգության տեսանկյունից այսօրվա դե ֆակտո իրավիճակը, որի արդյունքում հայ-իրանական սահմանը երկարաձգվել է 100 կմ-ով (խոսքը վերաբերում է Արցախ-Իրան ճանապարհին), բխում է այդ երկրի ազգային ու անվտանգային շահերից, քանի որ կրճատվել է ադրբեջանաիրանական սահմանը և դրանից բխող բոլոր այն վտանգները, որոնք առկա են հատկապես Իրանի հյուսիս- արևմուտքի նկատմամբ։

Քանի որ Ադրբեջանն ըստ էության հակաիրանական կազմավորում է, և շատ դեպքերում դժվար է ասել՝ արդյոք Ադրբեջանում գերիշխում են հակահայկակա՞ն, թե՞ հակաիրանական տրամադրությունները։ Այս իմաստով հակաիրանական տրամադրությունները «մրցակցում» են հակահայկական տրամադրությունների հետ։ Բնական է, որ միջադեպը, նաև Իրանի իմ նշած քաղաքական համատեքստում, չէր կարող անտեսվել, հատկապես որ, այն օգտագործվեց Իրանի ներսում որոշ պանթուրքական շրջանակների կողմից։ Իրանական պետության ցուցադրական և իրական դիրքորոշումները միմյանցից բավականին տարբեր են։ Չեմ կարծում, որ Իրանի ներսում որևէ բան է փոխվել հայության ու Հայաստանի հանդեպ՝ կապված այդ միջադեպի հետ»,- եզրափակեց իրանագետը։

Զվարթ Խաչատրյան

 

Տեսանյութեր

Լրահոս