Բաժիններ՝

Նախարարությունը՝ Ֆրանսիական համալսարանի ուսանողներին տարկետման իրավունքից զրկելու մասին

Հայաստանում Ֆրանսիական համալսարանի շրջանավարտներ Վահե Թումանյանը, Սամվել Ղարիբյանը, Հայկ Դավթյանն ու Գրիգոր Մարկուպչյանը ՀՀ կառավարության 2018թ. ապրիլի 12-ի թիվ 451-Ն որոշման կարգով այս տարի դիմել են տարկետման իրավունք ստանալու համար, սակայն մերժվել են՝ հաշվի առնելով նշված որոշման մեջ սահմանված պահանջները, որոնք, նրանց խոսքով, ակնհայտ անարդար են ՀՖՀՀ շրջանավարտների նկատմամբ և անհավասար պայմաններ են ստեղծում նրանց համար:

Ուսանողները նշում են, որ քանի որ համալսարանում ֆրանսիական դիպլոմի գերազանցության միավորը 16-ն է, հայկական գերազանցության դիպլոմները տրվում են 14 միավորից սկսած: 18-ից բարձր միավոր համալսարանի գրեթե 20 տարվա գործունեության ընթացքում արձանագրվել է միայն 4-5%-ի մոտ։

Խնդրի հետ կապված գրավոր հարցում ուղարկեցինք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ պարզելու, թե ո՞րն է եղել ուսանողներին մերժելու պատճառը, նախարարությունում տեղյակ եղե՞լ են, որ այդ համալսարանում գնահատականների այլ համակարգ է գործում: Ի՞նչ է սպասվում այս ուսանողներին, արդյոք որոշումը վերանայվելո՞ւ է, թե՞ ոչ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից պատասխանեցին, որ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման տրամադրման հիմքերը սահմանված են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 22-րդ հոդվածով: Հիշյալ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ տարկետման իրավունքից կարող են օգտվել նաև գիտության, կրթության, մշակույթի, արվեստի և սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներ: ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմամբ հաստատվել են գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգն ու պայմանները:

Նրանց փոխանցմամբ՝ Վահե Թումանյանը, Սամվել Ղարիբյանը, Հայկ Դավթյանն ու Գրիգոր Մարկուպչյանը վերը նշված որոշմամբ սահմանված կարգով դիմել են ՀՀ կրթության և գիտության նախարարություն՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով:

«ՀՀ ԿԳ նախարարության եզրակացություն տվող հանձնաժողովի կողմից ուսումնասիրվել և գնահատվել են վերոգրյալ դիմորդների կրթության և գիտության բնագավառում նշանակալի նվաճումներն ու տրվել են եզրակացություններ այն մասին, որ վերջիններս չեն կարող հավակնել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքի՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմամբ սահմանված մեթոդաբանությամբ հաշվարկված գիտության և կրթության բնագավառում ունեցած նրանց նվաճումների ցուցանիշները:

ՀՀ կառավարության 12.04.2018թ. N 451-Ն որոշման հավելվածի 8-րդ կետի համաձայն՝ գերակայություն ճանաչված յուրաքանչյուր ոլորտի մասնագիտություններով մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրթական ծրագրերով սովորող (կամ դիմորդ հանդիսացող) քաղաքացիների նշանակալի նվաճումները գնահատվում են` ըստ մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ընդունելության մրցույթների արդյունքների և ուսումնառության շրջանակներում միջին որակական գնահատականի (ՄՈԳ) (մագիստրատուրայի համար՝ բակալավրի, իսկ ասպիրանտուրայի համար՝ մագիստրոսի կրթական ծրագրով ուսումնառության շրջանակներում), որը պետք է կազմի ՄՈԳ-ի առավելագույն արժեքի առնվազն 90 տոկոսը:

Հիշյալ պահանջը պարտադիր է բոլոր դիմորդների համար՝ անկախ բարձրագույն ուսումնական հաստատությունից»,- նշված էր նախարարությունից ուղարկված նամակում:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս