«Տարօրինակ է, որ թիրախավորվում են այն դատավորները, որոնք իշխանության քիմքին ոչ հաճելի որոշումներ են կայացնում». Գևորգ Պետրոսյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի խոսքով՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի շուրջ տեղի ունեցող գործընթացներին իրավաբանական ճիշտ գնահատական տալու համար պետք է տեղյակ լինել գործի հանգամանքներին։
«Գործի հանգամանքներին տեղյակ չեմ, բայց կարող եմ ասել, որ Դավիթ Գրիգորյանին անձամբ ճանաչում եմ, նա գրագետ մարդ է, իրավաբան։ Ասում են՝ ինչ-որ խախտումներ են եղել, բայց չեմ ուզում, որ հետագայում հանկարծ պարզվի, որ Գրիգորյանի նկատմամբ իրականացված միջոցառումները ոչ թե իրականության հետքերով գնալու իշխանության քայլերն են, այլ ընդամենը հաշվեհարդար։ Ինձ համար տարօրինակ է, որ նման թիրախավորում ունենում են այն դատավորները, որոնք կայացնում են իշխանության քիմքին ոչ հաճելի որոշումներ։ Սա ինձ համար սկում է դառնալ համոզմունք, սա վատ է, ու տա Աստված, որ ես սխալվեմ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց պատգամավորը։
Անդրադառնալով Ստամբուլյան կոնվենցիային և Եռաբլուրում տեղի ունեցած դեպքին, Գևորգ Պետրոսյանն ասաց, որ կոնվենցիայի վերաբերյալ ԲՀԿ խմբակցությունն ունի դիրքորոշում և որոշում կկայացնի այն ժամանակ, երբ կոնվենցիան հայտնվի Ազգային ժողովում։
«Կուսակցության նախագահի գլխավորությամբ մենք այն համոզմանն ենք, որ այն, ինչ ուղղված է մեր արժեհամակարգի դեմ, սպառնալիք է մեր պետականությանը, մենք դրան դեմ ենք, այո, կոնվենցիային դեմ ենք քվեարկելու»,- շեշտեց նա։
Եռաբլուրում տեղի ունեցածն էլ պատգամավորը որակեց ոճրագործություն՝ ասելով.
«Մի քիչ թերահավատ եմ այն տեղեկատվության վերաբերյալ, թե իբրև մի կին Աստծուց «ցուցում» է ստացել, ինչն անհնար է օբյեկտիվորեն պատկերացնել, և արյուն է բերել ու շաղ տվել քարերի վրա։ Վախենում եմ, որ այստեղ լինեն ավելի խորքային պատճառներ, տա Աստված՝ սխալվեմ»։
Մանամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան