![](/banners/BeFunky-design.jpg)
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է հարավարևելյան սահմանագոտի
![](https://168.am/wp-content/uploads/2019/08/67669037_1061237367600453_4479319086324514816_n.thumb_.jpg)
Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին զեկուցվել է օպերատիվ իրավիճակի և զորամասում ընթացող աշխատանքների մասին: ԶՈՒ ԳՇ պետը զրուցել է ուսումնական ստորաբաժանման կուրսանտների հետ, ովքեր ուսումնառության ավարտին, ըստ իրենց մասնագիտությունների, որպես սպա ծառայելու են զինված ուժերում, լսել նրանց խնդիրները և առաջարկությունները:
Նույն օրը, հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ, այցելել է հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մշտական տեղակայման վայր և առաջնագիծ:
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը տեղում ծանոթացել է օպերատիվ-մարտավարական իրադրությանը, կատարված ինժեներա-ամրաշինական աշխատանքներին, հետաքրքրվել դիրքապահների սոցիալ-կենցաղային պայմաններով, սննդի որակով, ուսումնասիրել ներդրված նորագույն սարքավորումներն ու զինատեսակները:
Այցի ավարտին գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ու գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը հետևել են նաև հրետանային զորամասերից մեկի հետ անցկացվող զորախաղերի ընթացքին և քննարկել ռազմական համագործակցության և գործողությունների համադրման հետագա անելիքները: