
Սիրիայում «անվտանգ գոտու» թեման քննարկելու համար Թուրքիա է ժամանելու ամերիկյան պատվիրակություն

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Համի Աքսոյը հայտարարել է, որ մոտ օրերին ԱՄՆ-ից Թուրքիա է ժամանելու զինվորական պատվիրակություն, որի հետ քննարկվելու է Սիրիայի հյուսիսում «անվտանգ գոտի» ստեղծելու թեման:
Այս մասին հայտնում է թուրքական «Միլլիեթ» լրատվամիջոցը:
«Թուրքիա եկող պատվիրակության հետ քննարկելու ենք Սիրիայի հյուսիսում՝ Եփրատ գետի արևելյան շրջաններում, «անվտանգ գոտի» ստեղծելու թեման: Թույլ չենք տալու, որ այս գործընթացը ավելի ձգձգվի: Եթե անգամ մեր սպասելիքները չարդարանան, ապա հանուն մեր երկրի ազգային անվտանգության պահպանման մենք պատրաստ ենք ցանկացած քայլի: Հետևաբար, ԱՄՆ-ի հետ համաձայնության չհասնելու դեպքում, մենք ստիպված կլինենք միայնակ ստեղծել «անվտանգ գոտին»,- նշել է Աքսոյը:
Սիրիայի հյուսիսում՝ Եփրատ գետի արևելյան շրջաններում, «անվտանգ գոտի» ստեղծելու մասին 2013 թվականին առաջին անգամ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ-ում: Ըստ այդ ծրագրի՝ Սիրիայում տեղի ունեցող բախումների պատճառով երկիրը լքող սիրիացիների համար կստեղծվի մի տարածք, որտեղ կապահովվի նրանց անվտանգությունը: Այդ տարածքից պետք է հեռացվեն Քրդական աշխատավորական կուսակցության և մյուս նմանատիպ կազմավորումների զինյալները: «Անվտանգ գոտի»-ն պետք է ունենա 30-40 կմ լայնություն և 460 կմ երկարություն: