
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է սփյուռքահայ երիտասարդներին

Օգոստոսի 2-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում հյուրընկալվել են սփյուռքի երիտասարդ առաջնորդների վերապատրաստման դասընթացի մասնակիցները՝ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի գլխավորությամբ:
Սփյուռքահայ երիտասարդներին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Խոսելով նմանօրինակ հանդիպումների անցկացման արդյունավետության մասին՝ նախարարն ընդգծել է դրանց կարևորությունը Հայաստան-Սփյուռք կապերն ամրապնդելու և սփյուռքի համայնքներում երիտասարդական ներուժն առավել համախմբելու համար՝ ի նպաստ ՀՀ պաշտպանական և անվտանգային խնդիրների լուծման:
Հանդիպման ընթացքում սփյուռքի երիտասարդ առաջնորդներին են ներկայացվել ՀՀ պաշտպանական քաղաքականությունը, առկա անվտանգային միջավայրը, այդ շրջանակում ՀՀ կառավարության ծրագրի առաջնահերթությունները, ԼՂ հակամարտության ընթացիկ կարգավիճակը, ինչպես նաև միջազգային ռազմական համագործակցության հիմնական ուղղությունները:
Պաշտպանության նախարարը պատասխանել է սփյուռքահայ երտասարդներին հետաքրքրող հարցերին, անդրադարձել ԶՈՒ-երում կատարվող բարեփոխումներին և սպառազինության ու զինտեխնիկայի արդիականացման ծրագրերին, որոնք թույլ են տալիս օրեցօր կատարելագործել հայկական զինուժի մարտական պատրաստության աստիճանը, որակական առավելությամբ ու խելացի քայլերով արձագանքել ցանկացած իրավիճակի և հասնել նոր հաջողությունների: