![](/banners/BeFunky-design.jpg)
ԱՄՆ-ը պատրաստ է հազարավոր զինծառայողների դուրս բերել Աֆղանստանից թալիբների հետ համաձայնությամբ. WP
![](https://168.am/wp-content/uploads/2019/08/983633.jpg)
Միացյալ Նահանգների իշխանությունները պատրաստվում են իրենց հազարավոր զինծառայողների դուրս բերել Աֆղանստանից՝ հանրապետությունում խաղաղ կարգավորման գործարքի շրջանակներում «Թալիբան» արմատական շարժման կողմից մի շարք զիջումների փոխարեն: Օգոստոսի 1-ին այդ մասին հայտնել է The Washington Post (WP) թերթը՝ վկայակոչելով Սպիտակ տան իր աղբյուրները։
Նրանց տվյալներով՝ պայմանավորվածություններին համապատասխան՝ թալիբները պետք է Աֆղանստանի կառավարության հետ բանակցություններ սկսեն ավելի ընդգրկուն հաշտության համաձայնագրի շուրջը: Ըստ որում ԱՄՆ-ը երկրում իր զորակազմը կկրճատի մոտավորապես 14 հազարից մինչեւ 8 – 9 հազար զնծառայող: Մոտավորապես այդքան էր տեղաբաշխված հանրապետությունում, երբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը 2017 թվականին զբաղեցրեց իր պաշտոնը:
Համաձայնությունների շրջանակում թալիբները պետք է, մասնավորապես, պահպանեն հրադադարի ռեժիմը եւ հրաժարվեն «Ալ Քաիդա» ահաբեկչական ցանցի հետ կապերից: Համաձայնագիրը ձեւակերպվել է թալիբների եւ Աֆղանստանի խնդրով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Զալմայ Խալիլզադի միջեւ մի քանի ամիս տեւած բանակցությունների արդյունքներով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: