«Դրական եմ գնահատում, քանի որ վերջապես Կառավարությունում կհայտնվի մի մարդ, ով ինչ-որ հաջողության է հասել». փորձագետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կալավան համայնքի բնակիչ Ռոբերտ Ղուկասյանին կնշանակի ՀՀ վարչապետի խորհրդական: Այս մասին վարչապետը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

Նա, մասնավորապես, գրել է. «Որպես օրվա ամփոփում. Կալավանի բնակիչ Ռոբերտ Ղուկասյանի հետ պայմանավորվեցինք, որ նա 1-2 ամսվա ընթացքում կավարտի ընթացիկ գործերը և կնշանակվի ՀՀ վարչապետի խորհրդական՝ Կալավանի փորձը Հայաստանի այլ գյուղերում տարածելու առաքելությամբ»:

Հիշեցնենք, որ արձակուրդում գտնվող Նիկոլ Փաշինյանն այցելել էր Կալավան համայնք, որտեղ էլ գյուղի բնակիչ Ռոբերտ Ղուկասյանը պատմել է գյուղի զարգացման, հյուրատներ կառուցելու մասին։

Ֆեյսբուքում  և դրանից դուրս այս հայտարարությունն  իրարամերժ գնահատականների է արժանացել:

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը նոր խորհրդական նշանակելու՝ Փաշինյանի հայտարարության մասին 168.am-ի դիտարկմանն արձագանքեց. «Շատ դրական եմ գնահատում, քանի որ վերջապես Կառավարությունում կհայտնվի մի մարդ, ով ինչ-որ հաջողության է հասել: Ուղղակի, ինչպես միշտ, վերջերս ստացվում է,  որ բնակչի հաջողությունները հիմնականում կախված են Փաշինյանի նախորդների հաջողություններից, և  ոչ թե՝ Փաշինյանի հայտարարած տնտեսական հեղափոխությունից. մարդիկ իրենց բիզնեսը դրել են շատ ավելի վաղ»:

ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը նույնպես դրական արտահայտվեց.  «Բացասական չեմ վերաբերվում. ամեն ղեկավար ինքն է ընտրում իր մոտեցումը:  Ինտերնետում դրվածի հիման վրա եմ ասում՝ ինչքան նայեցի, ինքը պրակտիկ մարդ է, եթե կա 10 խորհրդական, թող մեկ-երկուսն էլ լինեն պրակտիկ»:

 

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս