Բաժիններ՝

«Շատ կարևոր է Կենտրոնական բանկի գնահատականը և ռիսկերի գնահատումը». Արկադի Խաչատրյանը՝ «հիպոթեքային արձակուրդի» մասին

Կառավարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Բնակարանային հիպոթեքային կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ, որը նպատակ է սահմանել՝ բարելավել հիպոթեքային վարկավորման ինստիտուտը և թեթևացնել կյանքի որոշակի դժվար իրավիճակներում հայտնված անձանց վարկային բեռը՝ ապահովելով բնակարանաշինության զարգացմանն ու բնակարանային ապահովմանն ուղղված պետական քաղաքականության շարունակականությունը:

Այսինքն՝ ներդրվում է «հիպոթեքային արձակուրդ» հասկացությունը և սահմանվում են դրա տրամադրման առնչությամբ առանցքային դրույթները:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արկադի Խաչատրյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ դեռևս ծանոթ չէ նախագծին, թե ո՞ր վարկերի վրա է այն տարածվում, ի՞նչ դասակարգում ստացած վարկերի, և ո՞ւմ վրա է տարածվելու այն։

Ըստ Ա.Խաչատրյանի՝ հասկանալի է, որ նախագիծը սոցիալական ուղղվածություն պետք է ունենա, բայց կարևոր է, թե ինչ հասցեականություն այն ունի, և ինչ ֆինանսական ռիսկեր կան.

«Հիպոթեքային վարկերն այլ մարդկանց ավանդներն են և ֆինանսական կայունության խնդիրը ևս չափազանց կարևոր հարց է։ Բնականաբար, սոցիալական հարցերի լուծումը կարևոր է, բայց դա կայունության հարց չպետք է առաջացնի։ Շատ կարևոր է Կենտրոնական բանկի գնահատականը և ռիսկերի գնահատումը»։

Նշենք, որ նախագծի հեղինակը Ֆինանսների նախարարությունն է։ Փաստաթղթի հիմնավորման մեջ նշվում է.

«ՀՀ կառավարությունը մշտապես շարունակական քայլեր է իրականացնում հիպոթեքային վարկավորման համակարգի, բնակարանաշինության զարգացման և բնակարանային ապահովման խնդիրների լուծման ուղղությամբ: Ներկայում գործում է բնակարանային խնդիրների հաղթահարմանը միտված պետական նպատակային աջակցության ընդգրկուն համակարգ՝ ուղղված հասարակության տարբեր շերտերի կարիքների բավարարմանը: Պետության կողմից ձեռնարկված միջոցառումների և ֆինանսական կազմակերպությունների կողմից առաջարկվող բազմազան գործիքների շնորհիվ հիպոթեքային շուկան զգալիորեն ակտիվացել է:

Նման պայմաններում ավելի ու ավելի արդիական է դառնում վարկառուների շահերի պաշտպանության և երաշխիքային գործուն համակարգի ձևավորումը: ՀՀ-ում գործող վարկատու կազմակերպությունների կողմից այժմ էլ առաջարկվում են վարկային պարտավորությունների վերակառուցման տարբեր գործիքներ, սակայն դրանք ուղեկցվում են այդ գործընթացի հետ կապված լրացուցիչ վճարներով: Մինչդեռ Նախագծով օրենսդրորեն ամրագրվում է հիպոթեքային արձակուրդից օգտվելու վարկառուների իրավունքը և դրա իրացման պայմանները՝ զգալիորեն մեղմելով հիպոթեքային վարկավորման պայմանները:

Կյանքի տարբեր իրավիճակներում հայտնված վարկառուների պարտավորությունների կատարման հետաձգման մեխանիզմներ կիրառվում են զարգացած բանկային համակարգ ունեցող բազմաթիվ երկրներում: Օրինակ, Մեծ Բրիտանիայում բոլոր բանկերի կողմից քաղաքացիների առանձին խմբերի համար նախատեսվում է հիպոթեքային արձակուրդ՝ մինչև 12 ամիս տևողությամբ: Գերմանիայում գործում են վճարումների հետաձգման հատուկ ծրագրեր՝ նախատեսված ժամանակավոր ֆինանսական դժվարություններ ունեցող անձանց համար: Ծրագրերի շահառու դառնալու հստակ պայմանները որոշվում են հաճախորդի և բանկի կողմից համատեղ: Իռլանդիայում դժվարին իրավիճակում (շտապ վերանորոգում, ուսումնառություն, հղիություն, ծննդաբերություն և այլն) հայտնված վարկառուներին հիպոթեքային արձակուրդներ տրամադրվում են բոլոր բանկերի կողմից: Հիմնական գումարի մարումները կարող են հետաձգվել մինչև 6 ամիս ժամկետով, իսկ տոկոսագումարները՝ մինչև 12 ամիս ժամկետով:

Ֆրանսիայում աշխատանքը կորցրած և այլ դժվարություններ ունեցող վարկառուների համար նախատեսված է վճարումների հետաձգման հնարավորություն ցանկացած տեսակի, այդ թվում՝ հիպոթեքային վարկի դեպքում: Այդ արտոնյալ ժամանակահատվածը կարող է լինել առավելագույնը 24 ամիս: 2019 թվականից հիպոթեքային արձակուրդի տրամադրման վերաբերյալ օրենսդրական փաթեթ է ընդունվել նաև ՌԴ-ում: Արդյունքում՝ օրենքով սահմանված պայմանների առկայության դեպքում վարկառուները հնարավորություն ունեն ստանալու մինչև 6 ամիս ժամկետով արտոնյալ ժամանակահատված:

Նախագիծը մշակվել է միջազգային լավագույն փորձին համահունչ, և դրա ընդունումը թույլ կտա զգալիորեն թեթևացնել դժվար կացության մեջ հայտնված վարկառուների ֆինանսական բեռը, որոնց կյանքի պայմանները փոխվել են հիպոթեքային վարկ ստանալուց հետո: Առաջարկվող փոփոխություններն ուղղված են նաև վարկառուների գույքային իրավունքների պաշտպանության լրացուցիչ երաշխիքների ապահովմանը, հաշվի առնելով, որ կրեդիտավորման պայմանագրով ստանձնած պարտավորությունների չկատարման դեպքում վարկառուն կարող է զրկվել իր միակ բնակարանից»:

Նախագծով «կյանքի դժվարին իրավիճակներում» հայտնված վարկառուներին տրվում է հիպոթեքային արձակուրդ վերցնելու մեկանգամյա հնարավորություն: Միաժամանակ, սահմանվում է կրեդիտավորողի պարտավորությունը՝ հիպոթեքային արձակուրդի տրամադրման պայմանների վերաբերյալ տեղեկատվությունը կրեդիտավորման պայմանագրում ներառելու:

Նախագծով սահմանվում են նաև այն պայմանները, որոնք համարվում են «կյանքի դժվարին իրավիճակ»: Այդ պայմաններին բավարարելու դեպքում վարկառուն կարող է դիմել մինչև 6 ամիս ժամկետով հիպոթեքային արձակուրդ ստանալու նպատակով՝ կողմերի միջև համաձայնեցված պայմաններով: Արտոնյալ ժամկետի ավարտից հետո վճարումները շարունակվում են կրեդիտավորման պայմանագրով սահմանված նախնական պայմաններով, իսկ հիպոթեքի պայմանագրի ժամկետը կողմերի միջև կնքված համաձայնագրով երկարացվում է արձակուրդի տևողության չափով:

Նախագծի ընդունման դեպքում «Հիպոթեքային արձակուրդից» օգտվելու դեպքում վարկի դասակարգումը չի փոխվի, տույժեր և տուգանքներ չեն գանձվի, ինչպես նաև դա որևէ կերպ չի արտացոլվի ընթացիկ վարկային զեկույցներում (վարկային պատմություն): Իսկ վարկատուների շահերը կշարունեն մնալ պաշտպանված անշարժ գույքի գրավով, կանխավճարով, ինչպես նաև լրացուցիչ ռեզերվ ստեղծելու անհրաժեշտության բացակայությամբ:

Նախագծի հեղինակները հուսով են, որ նախագծի ընդունման արդյունքում կմեղմվի վարկատու կազմակերպությունների կողմից վարվող վարկային քաղաքականությունը, ինչը կարող է խթանել հիպոթեքային վարկերի նկատմամբ պահանջարկը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս