Վրաստանի Ազգային բանկի ղեկավարը նշել է լարիի անժեզրկման պատճառը

Դոլարի նկատմամբ լարիի կտրուկ անժեզրկման պատճառը զբոսաշրջիկների թվաքանակի կրճատումն է: Այդ մասին Վրաստանի Ազգային բանկի ղեկավար Կոբա Գվենեթաձեն հայտարարել է լրագրողներին:

Հունիսի 20-ից ի վեր դոլարի նկատմամբ լարիի փոխարժեքն ընկել է 2,5 տոկոսով: Եթե հունիսի 20-ին դոլարի նկատմամբ լարիի՝ Վրաստանի Ազգային բանկի կողմից հայտարարված պաշտոնական փոխարժեքը կազմում էր 2,7871, ապա հուլիսի 30-ին այն արդեն հասել է նոր հակառեկորդի՝ 2,9346-ի:

Գվենեթաձեի խոսքով՝ Վրաստանը վերապրում է արտաքին շոկ, որն ազդում է լարիի փոխարժեքի վրա: «Տուրիստական հոսքի սպասվող քանակությունը Վրաստանում կրճատվել է, եւ դա հաստատվում է թվերով:

Այս փուլում Վրաստան ավելի քիչ զբոսաշրջիկներ են եկել, քան առաջ, դա ազդում է փոխարժեքի վրա: Դա շատ հիվանդագին գործընթաց է: Ես միանգամայն հասկանում եմ բոլոր նրանց, ովքեր վերապրում են այդ ազդեցությունը»,-հայտարարել է Գվենեթաձեն: Վրաստանի Ազգային բանկի նախագահը կարծում է, որ ստեղծված դրությունից ելքը ապադոլարացումն է, հաղորդել է Sputnik-ը:

Տեսանյութեր

Լրահոս