Բաժիններ՝

«Եթե գործատուն համաձայն չէ մեզ հետ, կարող է մեր անհամաձայնությունը վիճարկել դատարանում». ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ

Այսօր ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «ԵՊՀ արհկոմիտեն որոշեց անհամաձայնություն հայտնել (համաձայնություն չտալ) առ այն, որ 2019 թ. օգոստոսի 26-ից ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի աշխատակիցների հետ աշխատանքային պայմանագրերը լուծվեն (աշխատանքային հարաբերությունները դադարեցվեն)»։

168.am-ի մոտ առկա փաստաթղթի մեջ, որը ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Ա. Ավետիսյանն ուղղել էր ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գ. Գևորգյանին, մասնավորապես կարդում ենք.

«ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն» կառուցվածքային ստորաբաժանման լուծարումը տեղի է ունեցել ԵՊՀ կանոնադրության 49-րդ կետի 2-րդ ենթակետի, 56-րդ կետի 5-րդ և 7-րդ ենթակետերի խախտումներով: ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի սույն թվականի հուլիսի 20-ին տեղի ունեցած հարցման կարգով նիստի օրակարգում ընդգրկված է եղել ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի լուծարումը, որը ներկայացվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից, սակայն ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանումներ ստեղծելու, վերակազմակերպելու, լուծարելու վերաբերյալ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդին առաջարկություն ներկայացնելու իրավասություն ունի ԵՊՀ գիտական խորհուրդը ռեկտորի ներկայացմամբ: Բացի դրանից՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի սույն թվականի հուլիսի 20-ին տեղի ունեցած հարցման կարգով նիստի օրակարգում ընդգրկված, ապա խորհրդի կողմից հաստատված ԵՊՀ հաստիքացուցակում առկա են նշված կենտրոնի բոլոր հաստիքները, ինչը վկայում է այն մասին, որ նշված կենտրոնի հաստիքները չեն կրճատվել:

Ելնելով վերոգրյալից՝ ԵՊՀ արհկոմիտեն  որոշեց  անհամաձայնություն հայտել (համաձայնություն չտալ) առ այն, որ Դուք 2019 թ. օգոստոսի 26-ից ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի թվով 9 ներքոհիշյալ աշխատողների հետ Ձեր նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրերը լուծեք (աշխատանքային հարաբերությունները դադարեցնեք)»։

Հաջորդիվ ներկայացված են 9 աշխատակիցների անունները՝ իրենց հաստիքային զբաղվածությամբ։

Նույն գրության մեջ ԵՊՀ արհեստակցական կազմակերպության արհկոմիտեն առաջարկել է ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանումներ ստեղծելու, վերակազմակերպելու, լուծարելու վերաբերյալ ցանկացած հարց ՀՀ օրենսդրությամբ, ԵՊՀ կանոնադրությամբ և ԵՊՀ ներքին իրավական ակտերով սահմանված կարգով քննարկել ԵՊՀ գիտական խորհրդում:

168.am-ի հետ զրույցում ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Ա. Ավետիսյանն ասաց, որ ԵՊՀ կոլեկտիվ պայմանագրի 2.5 կետը սահմանում է, որ գործատուի նախաձեռնությամբ աշխատողների որոշակի կամ անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի լուծումն իրականացվում է Արհմիության նախնական գրավոր համաձայնությամբ։

Ա. Ավետիսյանը նշեց նաև, որ ողջունելի է, որ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը, հանդես բերելով սոցիալական գործընկերության բարձր մակարդակ, դիմել է արհմիությանը: Կազմակերպությունն էլ, որին առաջին հերթին՝ հետաքրքրում են ԵՊՀ աշխատակիցների շահերը, ուսումնասիրելով Կենտրոնը լուծարելու որոշումը, գտել է, որ այնտեղ տեղ են գտել ընթացակարգային խախտումներ, ու իր անհամաձայնությունն է հայտնել այդ կապակցությամբ։

Մեր այն հարցին, թե արդյո՞ք իրենց անհամաձայնությունն իմպերատիվ ուժ ունի, Ա. Ավետիսյանը պատասխանեց.

«Համաձայն Աշխատանքային օրենսգրքի՝ գործատուն եթե համաձայն չէ մեզ հետ, կարող է մեր անհամաձայնությունը վիճարկել դատարանում»։

Այսինքն՝ կարող ենք այս պահի դրությամբ ասել, որ ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը չի լուծարվի, և եթե համալսարանական ու իշխանական որոշ շրջանակների մոտ բուռն ձգտում կա այն, ի վերջո, փակված  տեսնել, ուրեմն պետք է կատարվի դարձ ի շրջանս յուր, այսինքն՝ կենտրոնի լուծարմանը պետք է, այնուամենայնիվ, հասնել օրինական ճանապարհով։

Հիշեցնենք, որ կենտրոնը փակելու տարատեսակ ապարդյուն փորձերից հետո իշխանությունները որոշեցին՝ առանց գիտխորհրդի կարծիքը հաշվի առնելու, հոգաբարձուների խորհրդի անդամներին հղած հարցման միջոցով լուծել կենտրոնը լուծարելու հարցը:

Մինչ հուլիսի 20-ի ժամը 18:00-ն տրված ժամանակահատվածում հարցմանը Խորհրդի 32 անդամներից նիստին ընդամենը մասնակցած 20-ից 19-ը, որոնց մեծամասնությունը կառավարության և լիազոր մարմնի կողմից առաջադրված անձինք էին, կողմ են քվեարկել Կենտրոնը լուծարելու հարցմանը, իսկ համալսարանական ներկայացուցիչների հիմնական մասը նիստը համարել էր հակաօրինական և չէր մասնակցել քվեարկությանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս