Իշխանությունները հասան իրենց նպատակին. Վահագն Վարագյանը կդիմի դատարան
168.am-ը բազմիցս անդրադարձել է Երևանի պետական համալսարանի` Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի շուրջ ծավալվող իրադարձություններին, որը ղեկավարում է ՀՀԿ-ական Վահագն Վարագյանը:
Իշխանություններն ամեն կերպ ցանկանում էին փակել կենտրոնը. չէր ստացվում: Բոլոր օրինական տարբերակները սպառելուց հետո որոշեցին՝ առանց գիտխորհրդի կարծիքը հաշվի առնելու, հոգաբարձուների խորհրդի անդամներին հղած հարցման միջոցով լուծել կենտրոնը լուծարելու հարցը:
Լուծեցին. Մինչ հուլիսի 20-ի ժամը 18:00-ն տրված ժամանակահատվածում հարցմանը Խորհրդի 32 անդամներից նիստին ընդամենը մասնակցած 20-ից 19-ը, որոնց մեծամասնությունը կառավարության և լիազոր մարմնի կողմից առաջադրված անձինք էին, կողմ են քվեարկել Կենտրոնը լուծարելու հարցմանը, իսկ համալսարանական ներկայացուցիչների հիմնական մասը նիստը համարել էր հակաօրինական և չէր մասնակցել քվեարկությանը։
Մասնակիցներից ՀԲԸՄ նախագահ Վ․Յակուբյանը ձեռնպահ է քվեարկել:
Մեր տեղեկություններով` քվեարկությանը չի մասնակցել «ՎիվաՍել-ՄՏՍ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ Իսկ ահա «Սինոփսիս» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը կողմ է եղել Կենտրոնը լուծարելու` իշխանությունների նախաձեռնությանը:
Համալսարանականներից կենտրոնը լուծարելու հարցման կարգն անօրինական համարելու հիմքով հարցմանը չեն մասնակցել իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ Արթուր Վաղարշյանը, ով, ի դեպ, նաև ծավալուն եզրակացությամբ էր հանդես եկել, որում մանրամասնորեն շարադրել էր բոլոր հիմքերը, համաձայն որոնց` հարցման կարգով կենտրոնը լուծարելու կարգն ապօրինի էր, ԵՊՀ անգլերեն լեզվի թիվ 1 ամբիոնի վարիչ Մարգարիտա Ապրեսյանը, ԵՊՀ սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանը:
168.am-ի հետ զրույցում ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանն ասաց, որ այս պահին գտնվում է արձակուրդում, վերադառնալուն պես ձեռնամուխ է լինելու իրավական բոլոր ճանապարհներով վիճարկել կենտրոնը լուծարելու որոշումը:
Այս պատմության մեջ, թերևս, մի բան է զարմանալի ու անհասկանալի. եթե իշխանություններն ունեին բավարար կողմ ձայներ` կենտրոնի լուծարմանը հասնելու համար, ի՞նչն էր նրանց խանգարում օրինական ճանապարհով սեպտեմբերին Հոգաբարձուների խորհրդի նիստ գումարել ու լուծարել կենտրոնը, ինչո՞ւ էր պետք դրան հասնել` շրջանցելով օրենքը, և ի՞նչ էր նրանց տալու ուժի այս անիմաստ ցուցադրությունը: