Բաժիններ՝

«Այդ միջադեպից 3 օր անց անսպասելիորեն թանգարանում հայտնվեց ՊՈԱԿ-ի գործունեության ներքին աուդիտորական քննություն անցկացնող խումբ…»

Ռուբեն Արևշատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ուրբաթ օրը հանձնեցի փաստաթղթերս՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան ինստիտուտի տնօրենի մրցույթին մասնակցելու համար։ Սակայն, հաշվի առնելով վերջին ամիսների զարգացումները, լրջագույն կասկածներ ունեմ, որ մրցույթի արդյունքները կանխորոշված են, ցանկալի թեկնածուն էլ՝ նախապատրաստված։

Ընդամենը մի քանի ամիս առաջ, երբ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ղեկավար նշանակվեց Վահագն Վերմիշյանը, մեր առաջին իսկ հանդիպումից հասկանալի դարձավ, որ կոմիտեի նախագահը, իմ առաջարկած թանգարանի զարգացման քաղաքականությանը հակադրեց կոշտ թայֆայականությունը։ Առավել մանրամասն՝ իմանալով իմ ընկերական հարաբերությունները Սարհատ Պետրոսյանի հետ, որի հետ նա ի սկզբանե ուներ լարված հարաբերություններ, առաջարկեց ինձ ընտրել, թե որ կողմում եմ։ Ինչին ստացավ շատ կտրուկ պատասխան, որ ինձ նման հարցերով այլևս չդիմի։

Այդ միջադեպից 3 օր անց անսպասելիորեն թանգարանում հայտնվեց ՊՈԱԿ-ի գործունեության ներքին աուդիտորական քննություն անցկացնող խումբ։ Աուդիտը ներառում էր 2017-2018 թվականները /հիշեցման կարգով նշեմ, որ ես, թանգարանի տնօրենի պաշտոնում նշանակվել եմ 2018 թ․ սեպտեմբերից, և հաշվետու ժամանակահատվածում պաշտոնավարել եմ ընդամենը 3 ամիս/։

Կոմիտեի նախագահը՝ լավատեղյակ լինելով, որ թանգարանն ունի բազմաթիվ ծրագրեր և պատրաստվում է մեծ միջազգային ցուցահանդեսի, աջակցության փոխարեն միտումնաբար 3 ամսվա ընթացքում պառալիզված պահեց թանգարանի աշխատակազմը, խափանեց ծրագրային ցուցահանդեսի ժամկետներն ու աշխատակազմի ներսում առաջացրեց լարված իրավիճակ, քանի որ աուդիտորական խումբը հաճախ իրեն պահում էր ոչ պատշաճ և աչքի էր ընկնում աշխատակիցների արժանապատվությունը վիրավորող ու նվաստացնող վերաբերմունքով։

Բայց դա դեռ ամենը չէ․ օրերս ստանում եմ աուդիտորական թիմի եզրակացության նախագիծը և պարզվում է, որ ՊՈԱԿ-ի գործունեությունը աուդիտորական գնահատմամբ համարվում է բարձր ռիսկային, իսկ աուդիտորական խմբի կարծիքը տնօրենի պաշտոնակատարի մասին բացասական է։

Իմ կառավարչական հմտությունները գնահատվել են բացասական, և նրանց ձևակերպմամբ ես չունեմ բավարար փորձառություն և հմտություն ՊՈԱԿ-թանգարանի ղեկավարի պաշտոնում աշխատելու համար։ Առնվազն զավեշտալի է, թե ինչպես է աուդիտորական թիմը գնահատել իմ աշխատանքը, երբ հաշվետու ժամանակահատվածում ես ընդամենը 3 ամիս եմ կառավարել։ Եվ այս ամենը կատարվում է տնօրենի հաստիքի համար հայտարարված մրցույթից բառացիորեն օրեր առաջ։

Անցած տարվա հուլիսին, երբ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի այն ժամանակվա նախագահ Ավետիք Էլոյանը առաջարկեց ինձ ստանձնել ճարտարապետության թանգարանի տնօրինությունը, ես երկար մտածում էի այդ առաջարկն ընդունելու շուրջ, քանի որ 15 տարի աշխատել եմ որպես անկախ համադրող և հետազոտող, գործելով միջազգային ասպարեզում։ Հասկանում էի, որ գործունեությանս հետ կապված ունենալու եմ թե՛ ժամանակային, թե՛ ստեղծագործական ազատության, ինչպես նաև ֆնանսական առումով որոշ սահմանափակումներ։

Սակայն, առաջարկը՝ ծառայեցնել տարիների ընթացքում ձեռք բերած փորձն ու միջազգային հեղինակությունս ճարտարապետության թանգարանի զարգացմանը, ինձ թվաց հետաքրքիր և սեպտեմբերի վերջին ես ընդունեցի այն։ Հետագա ամիսների ընթացքում թանգարանում կատարվեցին կոնցեպտուալ փոփոխություններ։ Թանգարանի տարածքը վերակազմակերպվեց՝ ձեռք բերելով այսօր արդեն հանրային հետաքրքրություն ներկայացնող և ակտիվորեն օգտագործվող դիսկուրսիվ հարթակ, հայտնի ճարտարապետների ընտանիքների հետ վերսկսվեցին ակտիվ բանակցություններ՝ ճարտարապետների արխիվները թանգարանին փոխանցելու կամ հետազոտման նպատակով ի պահ տալու ուղղությամբ, թանգարանը համալրվեց նոր արժեքավոր արխիվային նյութերով, համալրվեց նաև գրադարանը, որտեղ ավելացավ հետազոտողների ներհոսքը։

Անցկացվեց միջազգային կոնֆերանս, բազմաթիվ քննարկումներ, դասախոսություններ։ Ցուցահանդեսային գործունեությունը ստացավ նոր մոտեցում՝ թե՛ հետազոտական, թե՛ էքսպոզիցիոն առումով։ 2000-ականների սկզբից Խորհրդային մոդեռնիզմի իմ և դրսի գործընկերներիս կողմից անցկացվող հետազոտությունը, որը հիմք հանդիսացավ բազմաթիվ խոշոր միջազգային ցուցահանդեսների, գիտաժողովների համար՝ հրավիրելով համաշխարհային մասնագիտական հանրության ուշադրությունը Խորհրդային մոդեռնիստական ճարտարապետության ժառանգության պահպանման և հետազոտման խնդիրների վրա, վերջապես հասավ Հայաստան՝ ներկայացվելով «Վաղվա քաղաքը» նախագծում։

Սակայն իմ մտքով անգամ չէր կարող անցնել, թե միջազգային նման ցուցահանդեսը, որին մասնակցում և աջակցում էին աշխարհի բազմաթիվ հայտնի և հեղինակավոր թանգարաններ ու հետազոտողներ, ինչպիսի անտարբերության և խոչընդոտների պետք է հանդիպեր Երևանում։ Ցուցահանդեսը կայացավ և ունեցավ տեղային, ինչպես նաև միջազգային մեծ արձագանք, ունեցավ առանձին ծրագիր՝ «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում, ունեցավ աջակցություն դրսի, ինչպես նաև ներսի մշակութային հիմնադրամների կողմից, որոնց թվում էր նաև «Իմ քայլը» հիմնադրամը, սակայն ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը, որին ներկա էին բազմաթիվ հյուրեր, դեսպաններ, պետական պաշտոնյաներ, ՀՀ քաղաքաշինության կոմիտեից ներկա էր միայն աուդիտի ղեկավարը և ընկերս՝ Մարտուն Գրիգորյանը։

Օգոստոսի 2-ին կայանալու է ճարտարապետության թանգարանի տնօրենի մրցույթը, որին ես որոշել եմ չներկայանալ, քանի որ փաստաթղթերս հանձնելուց հետո տեղեկացա մրցույթի ձևաչափի և վերջնական որոշման կայացման վերաբերյալ որոշ մանրամասների, ինչպես նաև ինձ հայտնի դարձավ, որ կա ցանկալի թեկնածու՝ ի դեմս հանրային ռադիոյի նախկին տնօրեն Մարկ Գրիգորյանի։ Ես չեմ պատրաստվում մասնակցել նախապես կանխորոշված էժանագին թատրոնին, մանավանդ հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքաշինության կոմիտեն չունի թանգարանային գործունեության հետ կապ ունեցող գեթ մեկ կոմպետենտ մասնագետ։

Կոմիտեի ղեկավարի հետ երկրորդ հպանցիկ շփման ժամանակ նա իր վերաբերմունքն արդեն արտահայտեց, թե՛ իմ գործունեության, թե՛ թանգարանի զարգացման իր տեսլականի մասին։

Մեջբերում․ «Ընկեր ջան, դու էդ քո մոդեռնիզմ-շմոդեռնիզմը թարգի։ Մենք պետք է զբաղվենք հայկական ճարտարապետության պրոպագանդմամբ»:

Զավեշտալին այն է, որ տվյալ անձնավորությունը, ըստ երևույթին, անտեղյակ է, որ մոդեռնիզմը 20-րդ դարի հայկական ճարտարապետության գերակա մասն է, և նրա վերջին տարիների համաշխարհային հետաքրքրության և հետազոտության առարկա դառնալու հարցում ես անձնապես ունեցել եմ բավականին մեծ ներդրում։

Այսպիսով, ես հայտարարում եմ, որ չեմ մասնակցելու թանգարանի տնօրենի համար հայտարարված մրցույթին։ Հանրությունը լավատեղյակ է, թե ինչպես է փոփոխվել թանգարանը՝ իմ տնօրինության ժամանակահատվածում, և ծանոթ է իմ գործունեությանը և կարողություններին։ Ովքեր տեղյակ չեն ու ցանկանում են տեղեկանալ, ապա «Վաղվա քաղաքը» ցուցահանդեսը դեռևս ընթանում է։

Հ․Գ․ Այս մեկ տարին ինձ համար լուրջ փորձառություն էր պետական համակարգում պաշտոնավարելու առումով։ Ինձ համար հասկանալի դարձավ, որ հետհեղափոխական պետական համակարգը պատրաստ չէ յուրացնելու և ներգրավելու նախահեղափոխական ժամանակաշրջանում կարծրացած պետական համակարգին զուգահեռ գործող և իմաստներ արտադրող, ինչպես նաև ոլորտում ինստիտուցիոնալ նոր պատկերացումներ առաջարկող անձանց և խմբերին։ Համակարգը կարիք ունի կոնցեպտուալ առումով արմատական և անհապաղ փոփոխությունների, քանի որ այն դեռևս շարունակում է գործել հին, նախահեղափոխական մեթոդներով, աշխատակազմերով, կաշկանդող և ոչ էֆեկտիվ օրենքներով։

Վերջերս ընկերներիցս մեկը, որը ևս ստանձնել է պետական մարմիններում աշխատելու պարտավորություն, շատ դիպուկ բնորոշեց պետական համակարգը, որպես «անմրցունակ գործազուրկ»։ Երբ խոսվում է սաբոտաժից, և որի ազդեդցությունը իրապես զգացվում է մեր իրականության մեջ, այդտեղ քաղաքական դավադրություն փնտրելուց առաջ նախ պետք է անդրադառնալ բուն սաբոտաժ իրականացնող համակարգին։

Նախ և առաջ պետք է վերանայվի պետական համակարգի, պետական կառույցների աշխատանքի փիլիսոփայությունը, որ այն ձեռքը պարզված խեղճ ու կրակ ուզվորի կարգավիճակից կարողանա դառնալ՝ պրոակտիվ, և բաց լինի անհատական ներդրումների և նախաձեռնությունների համար, դիմացինի մեջ գող տեսնելու մոտեցումից վերափոխվի մասնագիտական կարողություններն ու փորձառությունը գնահատող համակարգի, Ժամանակ սպառող և ժամանակ սպանող պետական աշխատակազմերը փոխարինի էֆեկտիվ ու ճկուն, կոմպակտ ու արժանապատիվ աշխատավարձ ստացող աշխատանքային թիմերով։ Պետական կառույցը՝ լինի դա թանգարան, նախարարություն, թե կրթական հաստատություն, պետք է դիտարկի իրեն որպես ոլորտում առաջնային դերակատար։

Դա սկզբունքային ընկալում է, որը պետք է գործի իրապես, այլ ոչ դեկլարատիվ, իսկ դրա համար անհրաժեշտ են արագ և ռադիկալ փոփոխություններ, այլապես համակարգը վերարտադրելու է նույն իրականությունը, որի հետ մենք առնչվում ենք խորհրդային լճացման տարիներից ի վեր»։

Ուրբաթ օրը հանձնեցի փաստաթղթերս՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան…

Gepostet von Ruben Arevshatyan am Montag, 29. Juli 2019

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս