Իշխանափոխության 15 ամիսները. Ի՞նչ էինք սպասում և ի՞նչ ունենք
Դժվար է ասել, թե դեռ ինչքան ժամանակ կպահանջվի, որպեսզի թավշյա հեղափոխության խոստացած արդյունքները հասանելի դառնան հասարակությանը։ Այս տեմպով գնալու դեպքում, միանշանակ է, որ դա շուտ չի լինելու։ Ու դեռ հարց է՝ ընդհանրապես լինելո՞ւ է, թե՞ ոչ։ Իշխանափոխության 15 ամիսները ցույց տվեցին, որ նոր իշխանությունները պատրաստ չեն բավարարել հասարակության սպասելիքները։ Արագ փոփոխությունների հույսերն արդարացված չեն ու չեն լինելու։
Տնտեսական իրավիճակն ու սոցիալական կյանքը Հայաստանում իշխանափոխությունից 15 ամիս անց ոչնչով չի լավացել։ Հասարակության ստվար հատվածն առաջվա նման շարունակում է հազիվ գոյություն պաշտպանել։ Նրանց եկամուտները նույնքան ցածր են, որքան նախկինում էին։ Այս առումով իշխանափոխությունը, կարելի է ասել, մինչև այժմ ոչինչ չի տվել։
Աշխատանքի վարձատրության ոլորտում գրեթե փոփոխություններ չկան։ Չհաշված, որ պետական կառավարման ոլորտում հաստատված իմքայլականները սկսել են պետական միջոցների հաշվին իրենց շռայլորեն պարգևատրել։ Ոչինչ, որ իշխանափոխությունից 15 ամիս հետո Հայաստանում կենսաթոշակ չի բարձրացել։ Իհարկե, սպասվում է. դա կլինի հաջորդ տարվանից` մի ամբողջ 10 տոկոսի կամ 3-4 հազար դրամի չափով։
Գուցե կառավարությունը դա կհամարի թավշյա հեղափոխության լրջագույն ձեռքբերումներից մեկը։ Բայց հազիվ թե կարելի է կարծել, որ, եթե իշխանափոխություն տեղի չունենար, կենսաթոշակների նման բարձրացում չէր լինելու։ Նախորդ կառավարությունն արդեն այդպիսի հիմքեր ստեղծել էր։ Ընդհակառակը` իշխանափոխությունը մի բան էլ հետաձգեց դրա իրականացումը։
Նախկինում էլ կենսաթոշակները պարբերաբար բարձրացել են։ Այլ բան է, որ դա բավարար չի եղել։ Հայաստանում կենսաթոշակները չափազանց ցածր են։
Այնպես չէ, որ սպասվող 10 տոկոսանոց բարձրացումից հետո պատկերը կփոխվի։ Դրանք կշարունակեն ցածր լինել։
Կառավարությունն ի վիճակի չեղավ այս ոլորտում մեծ քայլ կատարել։ 15-ամսյա վարչապետության ընթացքում Նիկոլ Փաշինյանը գրեթե ոչինչ չարեց հասարակության այդ հատվածի սոցիալական վիճակը թեթևացնելու համար։ Այնպես որ, այսուհետ ևս նրանք կշարունակեն ապրել նույնքան վատ պայմաններում, որքան նախկինում էին ապրում։
Թավշյա իշխանափոխության 15 ամիսներին Հայաստանում այդպես էլ գնանկում տեղի չունեցավ։ Մի կողմից՝ հասարակության եկամուտները չավելացան, մյուս կողմից` ամենուրեք թանկացումներ են։ Առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը երբեմն հասնում է 60-70 տոկոսի` մեծացնելով սոցիալական լարվածությունը։ Հասարակության դժգոհությունները կառավարության գործողություններից պատահական չեն։ Ինչքան էլ փորձ արվի դա կապել նախկինների ռևանշիստական նկրտումների հետ, փաստն այն է, որ սոցիալական վիճակը երկրում լավ չէ։ Մարդիկ աշխատելու ու ընտանիք պահելու հնարավորություններ չունեն, ինչքան էլ կառավարությունը հայտարարի, որ բոլորի համար գործելու հավասար դաշտ է ստեղծել։
Անգամ, եթե այդպես է, միամտություն է կարծել, որ իշխանափոխությունից հետո Հայաստանում բոլորը պիտի գործարար դառնային։ Գործարարությամբ զբաղվելու համար ոչ միայն ձիրք, այլև հնարավորություններ են պետք, այդ թվում` ֆինանսական հնարավորություններ։ Եթե մարդը փող չունի ընտանիքի առօրյա հոգսերը հոգալու` ինչպե՞ս կարող է գումար ներդնել և բիզնես սկսել։ Եվ հետո, ո՞րն է այն բիզնես դաշտը, որտեղ պետք է գործունեություն իրականացնել։
Գործունեության ոլորտները Հայաստանում շատ սահմանափակ են, և այնպես չէ, որ նույնիսկ ֆինանսական միջոցի առկայությունը բավարար պայման է բիզնեսով զբաղվելու համար։ Եթե գործարարությամբ զբաղվելն այդքան հեշտ է, ո՞ւր է կառավարության թիմի գործարար հաջողությունը երկրի տնտեսության մեջ։
15 ամսում կառավարությունը չկարողացավ որևէ լուրջ օտարերկրյա ներդրում բերել Հայաստան` չնայած նրան, որ մինչև վարչապետ դառնալը Նիկոլ Փաշինյանը ներդրումային սարեր էր խոստանում։ Ահա սա է վարչապետի և կառավարության աշխատանքի իրական գնահատականը։ Ահա սա է ներդրումային դաշտի բարելավման առումով կառավարության կատարած աշխատանքի արդյունքը։
Եվ ոչ մի նշանակություն չունի, թե Հայաստանի ներդրումային միջավայրի վերաբերյալ ի՞նչ հայտարարություններ կանի և ի՞նչ խոստումներ կտա վարչապետը։ Ներդրումների բացակայությունը բավարար է ասելու, որ կառավարությունը վատ է աշխատում, որ ներդրողները չեն վստահում Հայաստանի տնտեսությանը, գուցե՝ նաև իշխանություններին, որ ինչքան էլ կառավարությունը թմբկահարում է, թե ստեղծել է փայլուն պայմաններ ներդրողների համար, փաստերն այլ բան են ասում։
Ու բնավ զարմանալի չէ, որ իշխանափոխության 15 ամիսների ընթացքում տնտեսական կյանքը Հայաստանում մեռած վիճակում է։ Այն աճերը, որ կան, ոչինչ են, ու այդպես կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ հասարակությունը չի զգում դրանց ազդեցությունը։
Գուցե նախկինում էլ այդպես էր։ Բայց դա բնավ էլ չի արդարացնում այն կառավարությանն ու իշխանությանը, որը եկել է մարդկանց կյանքը բարելավելու, տնտեսությունը նախկին թալանչիներից ազատելու, գողացած միլիոնները հետ բերելու և տնտեսական աճի արդյունքները հասարակությանը վերադարձնելու համար։ Իշխանափոխությունից 15 ամիս անց կառավարության հռչակված ներառական տնտեսության վերաբերյալ հայտարարությունները հայտարարություն էլ մնում են։ Էլ չասենք վարչապետի խոստացած տնտեսական թռիչքներն ու հեղափոխությունները, որոնք 15 ամսում ոչ մի կերպ միս ու արյուն չդարձան։
Գուցե 15 ամիսը քիչ ժամանակ է շատ ու շատ հարցերը լուծելու համար։ Բայց կան բաներ, որոնք բնավ էլ ոչ թե՝ ժամանակի, այլ՝ կառավարության գործողությունների հետ են կապված։ Չի կարելի աջ ու ձախ մեղադրել ներդրողներին ու տնտեսական հատվածի մասնակիցներին, իսկ հետո ակնկալել, որ ներդրումներ կլինեն, իսկ տնտեսությունը կզարգանա ու կընդլայնվի։
Ահա այս սկզբունքով է առաջնորդվում կառավարությունը։ Արդյունքներն էլ պատահական չեն։
Իշխանափոխության անցած 15 ամիսները շատ բան չտվեցին հայ հասարակությանն ու երկրի տնտեսությանը։ Եթե այսպես պիտի շարունակվի նաև առաջիկա ամիսներին ու տարիներին, ապա անիմաստ է լուրջ ակնկալիքներ ունենալը։ Կառավարությունը պատրաստ չէ տնտեսությունն այս վիճակից հանելու նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը։ Ավելին, փորձում է պատասխանատվությունը տեղափոխել այլ դաշտ։
Հեղափոխական բարեփոխումները, որոնք ակնկալվում էին, իշխանափոխությունից 15 ամիս հետո նկատելի չեն։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ