Եթե մինչև հիմա Հայաստանում ներդրումներ են արել «ախպոր ախպերները», ապա հիմա նրանք էլ չկան

Ավելի քան մեկ տարի պահանջվեց՝ հասկանալու համար, որ ներդրողների ուշքը չի գնում Հայաստանում ներդրումներ անելու համար։ Այնպես չէ, որ նրանք սպասում էին թավշյա հեղափոխությանը և Նիկոլ Փոշինյանի վարչապետ դառնալուն, որպեսզի Հայաստանի տնտեսության առջև բացեին իրենց քսակները։

Նախորդ գրեթե մեկ ու կես տարին ցույց տվեց, որ Հայաստանի տնտեսությունը նույնիսկ իշխանափոխությունից հետո չի փայլում ներդրումային բարձր գրավչությամբ։ Ու եթե նախկինում «ախպոր ախպերներն» էին ներդրումներ անում, հիմա նրանք էլ չկան։

Հիշենք, թե մի առիթով ինչ էր ասում Նիկոլ Փաշինյանը մինչև այժմ Հայաստանում կատարված ներդրումների վերաբերյալ.

«Սովորաբար կառավարությունում և ԱԺ-ում հավաքվել են լավ տղերքը և ասել են, թե՝ հիմա ո՞նց պետք է ներդրում բերենք, մենք բոլորս ախպերներ ենք և մենք ունենք ուրիշ լավ ախպերներ, կան ախպոր ախպերներ, և կան ախպոր ախպոր ախպերներ: Հիմա ո՞նց ենք ներդրում բերում, դե, ամեն մեկս պետք է ասենք մեր ախպորը, մեր ախպերն էլ՝ իր ախպորը, ախպոր ախպերն էլ՝ իրենց ախպերներին, և ախպերներով պետք է մի բան անենք, մի բան լինի։ Եկեք նայենք մեր երկրի ներդրումների պատմությունները, ինչի՞ պատահական մարդ Հայաստանում ներդրումներ է արե՞լ, կամ եղել է ախպեր կամ ախպոր ախպեր: Դրա համար Հայաստանի ամբողջ տնտեսությունը կամ ախպեր ա, կամ ախպոր ախպեր ա: Մենք ասում ենք՝ այս համակարգից հրաժարվում ենք, սա է հեղափոխությունը, մենք դաշտ ենք ստեղծում, որ ոչ թե ախպերները լինեն տնտեսության ֆակտորը, այլ լինեն գաղափարները, մեխանիզմները»:

Վարչապետի դիտարկումների մեջ գուցե որոշակի ճշմարտություն կա։ Բայց այնպես չէ, որ Հայաստանում մինչև հիմա ներդրումներ են արել միայն «ախպոր ախպերները»։ Դրա համար կան բազմաթիվ օրինակներ։

Ասենք` օրերս մեկնարկած Երևանում նոր ջերմային կայանի կառուցման ծրագիրը, որը մաքուր օտարերկրյա ներդրում է, և որի հետ այս իշխանությունները որևէ կապ չունեն։ Ծրագրին մասնակցում են միջազգային մի քանի հայտնի ընկերություններ և ֆինանսական կառույցներ, որոնց հետո «ախպոր ախպերների» կապը, լավագույն դեպքում, կարող է այն լինել, որ նման ներդրողներ են բերել Հայաստան։

Կամ՝ նույն «Ամուլսարը», որը գրեթե ավարտին էր, բայց իշխանափոխությունից անմիջապես հետո հայտնվեց փակուղու առջև, և մինչև այժմ կառավարությունը լուծում չունի այս խոշոր ներդրումային ծրագրի վերաբերյալ։

Այս երկու օրինակը բավարար է՝ հասկանալու համար, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանը չափազանցնում էր ներդրումների հետ կապված իրավիճակը։ Եթե նույնիսկ ընդունենք, որ այդպես է եղել, ապա ո՞րն է նոր իշխանությունների ներդրումային քաղաքականությունը։ Այս հարցը, իշխանափոխությունից անգամ 15 ամիս հետո, շարունակում է բաց մնալ։

Կառավարությունը մինչև այժմ չի կարողանում հստակեցնել իր ներդրումային քաղաքականությունը։ Այդպես էլ բաց է մնում այն հարցի պատասխանը, թե ինչո՞ւ պետք է ներդրողները գան Հայաստան, այդ ո՞ր առավելության համար։ Կամ՝ ի՞նչ լրացուցիչ պայմաններ է ստեղծել կառավարությունը, որպեսզի գրավի ներդրողներին։

Հուսալ, որ թավշյա հեղափոխությունը բավարար է դրա համար, չափազանց պարզունակ մոտեցում է։ Ու ինչքան էլ ասվի, որ Հայաստանում այլևս կոռուպցիա չկա, իսկ մենաշնորհներն ընդհանրապես ջախջախված են, դրանով ներդրողներին դժվար է գայթակղել։

Իշխանափոխությունից գրեթե մեկ տարի հետո, երբ կառավարությունը հասկացավ, որ այն, ինչ առաջարկում է ներդրողներին, չափազանց քիչ է կապիտալի հոսքեր ապահովելու համար, որոշեց ստեղծել նոր կառույց` «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»։ Այլ հարց է, որ այդ անունը քիչ բան կարող է ասել ներդրողին, միայն մեկ տարի պահանջվեց գաղափարը կյանքի կոչելու համար։

«Ցանկանում եմ հիշեցնել, որ այս խոսակցությունը ծագել էր դեռ անցած տարի, և հիմնադրամը ձևավորվել է Հայաստանում ներդրումային միջավայրը բարելավելու կամ, ավելի ճիշտ, պոտենցիալ ներդրողներին սպասարկելու խնդրի համատեքստում»,- օրերս «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» գործունեության վերաբերյալ քննարկումների ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Թե ի՞նչ կստացվի այս կառույցի ստեղծման արդյունքում, ժամանակը ցույց կտա։ Բայց մի բան հստակ է, որ այս ընթացքում Հայաստանում ներդրումային միջավայրը չի բարելավվել։ Ավելին, կան բազմաթիվ գործոններ` թելադրված կառավարության գործողություններից, որոնք հակառակ ազդեցությունն են ունեցել ներդրումային մթնոլորտի և ներդրողների հետաքրքրությունների վրա։ Այսօր էլ շարունակում են ունենալ։

Թեև խնդիրը միայն դա չէ։ Հայաստանի տնտեսության ներդրումային հետաքրքրությունները չափազանց թույլ են։ Առավել ևս՝ աշխարհաքաղաքական այն զարգացումների պայմաններում, որոնք տեղի են ունենում մեր երկրի շուրջ։ Կառավարությունն առայժմ չի կարողանում ոչինչ հակադրել դրան։

Նախկինի նման՝ շարունակում են պահպանվել ենթակառուցվածքների հետ կապված խնդիրները։ Որքան էլ մեկ տարի առաջ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ոգևորված խոսում էր բեռնափոխադրումների համար ցամաքային այլընտրանքային ճանապարհների բացման նոր հնարավորությունների առաջացման մասին՝ դա կապելով թավշյա հեղափոխության, իշխանափոխության ու նոր իշխանությունների հետ, այնուհանդերձ երկար ժամանակ պետք չէր համոզվելու համար, որ գործ ունենք հերթական չհիմնավորված լավատեսության հետ։

Այսօր էլ Հայաստանը խիստ սահմանափակ հնարավորություններ ունի արտաքին շուկաներ դուրս գալու ճանապարհին։ Ավելին, այս առումով նոր ռիսկեր են ի հայտ եկել։

Մի կողմից՝ ներքին սահմանափակ սպառումը, մյուս կողմից` արտաքին շուկաներ մտնելու խոչընդոտներն ու դժվարությունները չեն կարող գրավիչ դարձնել Հայաստանի տնտեսության արտահանելի հատվածը։ Իհարկե, սա չի նշանակում, թե այստեղ ներդրումներ չեն լինելու։ Անշուշտ, կլինեն, սակայն ոչ մեծ ծավալներով։ Մինչդեռ Հայաստանի ապագան արտահանման ուղղվածություն ունեցող տնտեսությունն է։

Ու չնայած դրան, իշխանափոխությունն այս առումով ոչինչ չի տվել տնտեսությանը։ Ընդհակառակը` տնտեսության արտահանման պոտենցիալն այս ընթացքում նույնիսկ նվազել է։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս