
Ինիեստան՝ դե Յոնգի, Գրիզմանի և Նեյմարի տրանսֆերների մասին

Այժմ Անդրես Ինիեստան հանդես է գալիս ճապոնական «Վիսել Կոբեի» կազմում, սակայն նա շարունակում է սերտորեն հետևել «Բարսելոնային» և վստահ է, որ ակումբի ամառային ձեռքբերումները կբարձրացնեն թիմի որակը:
Ֆրենկի դե Յոնգը նրանցից մեկն է, և հոլանդացու ժամանումն ակումբում հարցականի տակ է դնում Իվան Ռակիտիչի ապագան:
«Ես չգիտեմ, թե արդյո՞ք Ռակիտիչի տրանսֆերը քննարկվում է: Բայց ես գիտեմ, որ նա երջանիկ է և ցանկանում է մնալ «Բարսելոնայում»: Հուսով եմ, որ նա կկարողանա շարունակել հանդես գալ, ինչպես նախկինում: Ես ուրախ կլինեմ նրա համար»:
Անտուան Գրիզմանը ևս մեկ ֆուտբոլիստ է, ում ստորագրել է կատալոնական ակումբն այս տարի: Ինիեստան գոհ է փոխանցումից:
«Նա բացառիկ խաղացող է, ով լավ գիտի Լա Լիգան և նոր թիմակիցներին: Ամեն ինչ ցույց է տալիս, որ նա հաջողության կհասնի»:
«Բարսելոնան» շարունակում է պայքարել բրազիլացի հարձակվող Նեյմարի վերադարձի համար: Ըստ Ինիեստայի՝ Նեյմարն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից է:
«Ես բազմիցս նշել եմ, որ նա ինձ համար աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է»,- ասել է Ինիեստան:
Սիրարփի Աղաբաբյան