«Կարող ենք չեղարկել Գրիզմանի տրանսֆերը». Լա Լիգայի նախագահ
Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը մեկնաբանել է հարձակվող Անտուան Գրիզմանի հրաժարագնի վերաբերյալ «Ատլետիկոյի» պահանջները «Բարսելոնայի» նկատմամբ:
««Ատլետիկոն» բողոք է ներկայացրել և կասկածի տակ է առել Գրիզմանի տրանսֆերի գրանցումը «Բարսելոնայում»: Գործն արդեն հետաքննվում է: Երկու ակումբների ներկայացուցիչները պետք է անձամբ հանդիպեն և կարգավորեն խնդիրը:
Հնարավոր է իրադարձությունների այնպիսի դասավորվածություն, որ մենք արգելափակենք ֆուտբոլիստի տեղափոխությունը: Լա Լիգայի ղեկավարությունը պետք է որոշի՝ ինչ ձեռնարկել նման իրավիճակում»,- հայտարարել է Տեբասը Onda Cero ռադիոկայանի եթերում:
Տեբասը հավելել է նաև, որ «Ատլետիկոն» նմանատիպ փաստաթղթեր է ուղարկել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիա և քաղաքացիական դատարան:
Նշենք, որ «Ատլետիկոյի» սեփականատերերը և մենեջերները կասկածում են Անտուան Գրիզմանին և «Բարսելոնային» պայմանավորվածության մեջ: Նրանք մեղադրում են ֆուտբոլիստին և կատալոնական ակումբին 2019թ. գարնանը նախնական համաձայնության գալու համար:
Այս տարվա հուլիսին Գրիզմանի հրաժարագինը 200 մլն եվրոյից նվազեց մինչև 120 մլն եվրո: «Բարսելոնան» հաստատեց, որ կվճարի ֆուտբոլիստի համար 120 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը