Բաժիններ՝

«Արարատ-Արմենիա»-«Լինկոլն Ռեդ Իմպս». հայկական ակումբը խաղի ֆավորիտն է

«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայի համար պայքարից, բայց առաջիկա երկու խաղերում փորձելու է անել ամեն բան՝ Եվրոպա լիգայի հաջորդ փուլի ուղեգիր նվաճելու համար:

«Արարատ-Արմենիա»

«Արարատ-Արմենիան» դաձավ Հայաստանի բարձրագույն առաջնության չեմպիոն և իրավունք վաստակեց խաղալ Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում: Սակայն Վարդան Մինասյանի թիմը չկարողացավ հաղթահարել ԱԻԿ-ի արգելքը՝ սեփական հարկի տակ 2:1 հաղթելուց, բայց մրցակցի դաշտում 3:1 պարտվելուց հետո:

Հիմա հայկական թիմը պետք է ամեն բան անի Եվրոպա լիգայում հաջողության հասնելու համար:

Կարդացեք նաև

«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի խոսքով՝ թիմը ամբողջությամբ վերականգնվել է ԱԻԿ-ի հետ խաղից հետո՝ թե՛ հոգեպես և թե՛ ֆիզիկապես:

Վարդան Մինասյանը նշում է, որ թիմը պրոֆեսիոնալ է և անգամ չի էլ մտածում մրցակցին թերագնահատելու մասին: Ըստ Մինասյանի՝ կա ֆավորիտ, բայց այդ ֆավորիտը միայն թղթի վրա է:

«Շատ վատ հետևանքներ կունենա, եթե անգամ 1 տոկոսով թերագնահատենք մրցակցին»:

Հայկական ակումբն այս խաղից առաջ չունի կադրային որևէ խնդիր՝ բոլոր ֆուտբոլիստները պատրաստ են և կարող են մասնակցել խաղին:

«Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Արմեն Համբարձումյանի խոսքով՝ թիմը մտածում է միայն հաղթանակի մասին և ամբողջությամբ կենտրոնացած է խաղի վրա:

«Լինկոլն Ռեդ Իմպս»

«Լինկոլն Ռեդ Իմպսը» ևս պայքարը սկսեց Չեմպիոնների լիգայում, բայց չկարողացավ նվաճել հաջորդ փուլի ուղեգիր: Թիմը չկարողացավ հաղթահարել Կոսովոն ներկայացնող «Ֆերոնիկելի» արգելքը:

«Լինկոլն Ռեդ Իմպսը» գլխավորող Վիկտորն Աֆոնսոն նշում է, որ հայկական ակումբն իրոք բավականին ուժեղ և պատրաստված մրցակից է:

Աֆոնսոն նշում է, որ իրենք ուսումնասիրել են հայկական ակումբի խաղը Չեմպիոնների լիգայում և գիտեն, թե որքան արագ ֆուտբոլ է նախընտրում ակումբը: Ամեն դեպքում, Ջիբրալթարը ներկայացնող ակումբը պայքարելու է դրական արդյունքի համար:

«Լինկոլն Ռեդ Իմպսը» ևս չունի կադրային խնդիրներ, սակայն մարզիչը նշում է, որ թիմում կան երկու նոր ֆուտբոլիստներ:

«Արարատ-Արմենիան» Չեմպիոնների լիգայում համառ պայքար մղեց ֆավորիտ համարվող ԱԻԿ-ի դեմ խաղում և շատ մոտ էր հաջորդ փուլ անցնելուն: Ըստ մասնագետների՝ Ջիբրալթարը ներկայացնող թիմի դեմ խաղը հայկական ակումբի համար ավելի հեշտ է լինելու, քան Շվեդիայի չեմպիոնի դեմ հանդիպումն էր:

Խաղի ֆավորիտը հայկական ակումբն է, ով կարգով գերազանցում է մրցակցին:

Հանդիպումը տեղի կունենա այսօր՝ 19:00-ին, ՀՖՖ Ակադեմիա մարզադաշտում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս