Բաժիններ՝

Հերթական ապտակը. սա արդեն նույնիսկ ծիծաղելի չէ

168.am-ն իր ուշադրության կենտրոնում է պահում Երևանի պետական համալսարանի Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի շուրջ զարգացումները։

Արդեն իսկ տեղեկացրել էինք, որ  իշխանությունները հնարավոր ու անհնարին ամեն ջանք գործադրում են՝ փակելու համար ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը, որը ղեկավարում է ՀՀԿ-ական Վահագն Վարագյանը։

Մեզ հետ զրույցում ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի ղեկավար Վահագն Վարագյանն ասել էր, որ այժմ կենտրոնի լուծարմանն իշխանություններն ուզում են հասնել հոգաբարձուների խորհրդի միջոցով հարցման կարգով։ «Համալսարանի կանոնադրությունը ոտնահարելով, համալսարանի պատմության մեջ առաջին անգամ գիտխորհրդի կարծիքը չհարցնելով՝ փորձում են կառուցվածքային ստորաբաժանում լուծարել»,- ասել էր նա՝ շեշտելով, որ ըստ էության հոգաբարձուների խորհրդին այս կերպ ներքաշում են կեղծիքի մեջ։

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ, իրավաբան Արթուր Վաղարշյանը 168.am-ի հետ զրույցում հուլիսի 17-ին ասել էր, որ հարցումը ստացել է մեկ օր առաջ, սակայն այս պահին չի կարող  ասել, թե այն հակասո՞ւմ է բուհի կանոնադրությանը, թե՞ ոչ։

«Հիմա ուսումնասիրում եմ, որ հասկանամ՝ կանոնադրությանը համապատասխանո՞ւմ է, թե՞ ոչ, ըստ կանոնադրության՝ կառուցվածքային ստորաբաժանումներն ինչպե՞ս են ստեղծվում, ի՞նչ հիմքով, և այլն։ Նախորդ նիստում առաջարկեցի գիտխորհրդում քննարկել, հետ բերել, հիմա կարծես թե առանց գիտխորհրդի քննարկման՝ առաջադրել են»,- ասել էր Արթուր Վաղարշյանը։

Եվ ահա տեղեկացանք, որ Արթուր Վաղարշյանը բացասական եզրակացություն է տվել ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը լուծարելու՝ հոգաբարձուների խորհրդին առաջարկված հարցման կարգին՝ այն համարելով Համալսարանի կանոնադրությանը հակասող։

Մեզ հետ զրույցում Արթուր Վաղարշյանը հաստատեց տեղեկությունը՝ ասելով, որ բոլոր մանրամասների համար դիմենք հոգաբարձուների խորհրդին։ Մեր հարցին, թե իսկապե՞ս հարցման կարգով կենտրոն լուծարելը հակասում է ԵՊՀ կանոնադրությանը, նա դրական պատասխան տվեց՝ կրկին նշելով, որ բոլոր մանրամասներին տեղեկանալու համար դիմենք հոգաբարձուների խորհրդին։

«Ես եզրակացությունն ուղարկել եմ հոգաբարձուների խորհրդին։ Բոլոր մանրամասները կարող եք ճշտել այդ փաստաթղթից»,- ասաց իրավաբան գիտնականը։

Հոգաբարձուների խորհրդին ուղարկված այդ եզրակացությունը մենք գտանք ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ,  հոգաբարձուների խորհրդի անդամ Դավիթ Ափոյանի ֆեյսբուքյան էջում։

Ըստ Արթուր Վաղարշյանի՝ հոգաբարձուների խորհրդին ուղարկած եզրակացության՝ հոգաբարձուների խորհրդի բոլոր որոշումները պետք է ընդունվեն անդամների համատեղ, իրավազոր նիստում՝ քվեարկության միջոցով։

«Այսպիսով, «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի դրույթներից բխում է, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդն այսպես կոչված հեռահար կամ այլ նիստեր չի կարող գումարել։ Այդպիսին կարող են լինել միայն խորհրդի հավաք-նիստին նախորդող գործընթացները՝ հրավիրում, նախնական քննարկում, հարցում, տեղեկացում և այլն»,- կարդում ենք Արթուր Վաղարշյանի տված եզրակացության մեջ։

Ուշագրավ է, որ մեզ հետ զրույցում Արթուր Վաղարշյանն ասել էր, որ իր կայացրած որոշումը ամեն դեպքում չի հակասի համալսարանի կանոնադրությունը։

Վերջին օրերին, ի դեպ, շատ համալսարանականներ են հանդես եկել ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի լուծարման դեմ։ Նրանց թվում են ԵՊՀ դեկաններ, մասնավորապես՝ Բանասիրության ֆակուլտետի դեկան Ա. Ավագյանը, Իրավաբանական ֆակուլտետի դեկան Գ. Ղազինյանը, այլ պաշտոնատար անձինք։

168.am-ի հետ զրույցում ԵՊՀ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյանն ասաց, որ այդ կենտրոնը պետք է համալսարանին՝ ուսանողության շահերը պաշտպանելու, և ուսանողական հարցերի շոշափման իմաստով ինքը կարևորում է կենտրոնի լինելիությունը։

«Նախորդ տարիներին եղել եմ փոխդեկան, հիմա նոր դեկան եմ դարձել, մշտապես առնչություն եմ ունեցել, ուսանողության հետ իմ սերտ կապերը միշտ եղել են, կան ու կլինեն, իսկ այդ կենտրոնն էլ նորմալ գործել է»,- ասաց Գևորգ Բարսեղյանը։

Մեր այն հարցին, թե հաշվի առնելով այն հանգամանքը, որ կենտրոնը ղեկավարում է ՀՀԿ-ական Վահագն Վարագյանը, և այն, թե ինչ հետևողականորեն են փորձում ամեն գնով հասնել կենտրոնի լուծարմանը, չի՞ կարծում արդյոք, որ կենտրոնի ղեկավարը քաղաքական հետապնդման է ենթարկվում, Գևորգ Բարսեղյանն ասաց. «Չեմ կարող ասել, դժվարանում եմ պատասխանել։ Ինքս քաղաքականությունից հեռու մարդ եմ, միայն վստահաբար կարող եմ ասել, որ ուսանողական այդ կենտրոնը, ճիշտ է, որ գործի և լինի։ Որպես դեկան եմ ասում, որպես դասախոս և որպես նախկին փոխդեկան»։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս