ՀՀ-ին տրվող տարեկան աջակցությունը 35 միլիոն եվրոյից հասել է 70 միլիոնի. Սվիտալսկի

«ՀՀ-ին տրվող տարեկան աջակցությունն էականորեն ավելացել է»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին՝ անդրադառնալով ՀՀ-ին տրվող եվրոպական ֆինանսական աջակցությանը։

Պարզաբանելով վերջերս եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյա Դոնալդ Տուսկի Երևանում արած հայտարարությունը, թե ՀՀ-ին տրվող ֆինանսական աջակցությունն ավելացել է երկու անգամ, Պյոտր Սվիտալսկին ասաց, թե Տուսկը նկատի է ունեցել, որ վերջին տարիներին ԵՄ տարեկան աջակցությունը ՀՀ-ին երկկողմ ծրագրավորման շրջանակում եղել է 35 միլիոն եվրո։ Նա շեշտեց, որ խոսքը երկկողմ ծրագրավորման մասին է։

«2019-ի համար աջակցության մակարդակը կհասնի 70 միլիոն եվրոյի։ Ինչպես ասացի, միայն երկկողմ հատվածում։ Կան նաև բազմակողմ ձևաչափեր՝ ԱլԳ և այլ հիմնադրամներ, որոնք ԵՄ-ն կիրառում է իր հարևաններին աջակցելու համար։ Մենք տեղափոխվում ենք 35 միլիոնից 70-ի։ Մենք շատ կառուցողական քննարկումների մեջ ենք, թե որտեղ դնել այս գումարները։ Հուսամ՝ մինչև տարեվերջ կձևավորենք բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, չեմ բացահայտի՝ ինչ ուղղությամբ ենք գնում, այս գումարները կգնան շատ կոնկրետ ծրագրերի»,- ասաց դեսպան Սվիտալսկին։

Նա նաև ասաց, որ կան առաջնահերթ ծրագրեր, որոնց ուղղությամբ աշխատանքները տարվում են։ Նրա խոսքով՝ ԵՄ-ն թափանցիկ է, ԵՄ-ն սկսելու է տեխնիկական քննարկումներ հաջորդ բազմամյա ֆինանսական շրջանակի շուրջ։

«Մենք գիտենք, թե ինչ է հասանելի մինչև 2021 թվականը։ Բայց դրանից հետոյի հարցը քննարկվելու է Բրյուսելում։ Կարևոր է, որպեսզի այս տարվա աննախադեպ աջակցությունը Հայաստանի համար պահպանվի նաև ապագայում։ Հայաստանը այս տարի շահել է, այսպես կոչված, «Անձրևանոց» հիմնադրամով, բայց չգիտենք, թե ինչպես կընկալվեն ՀՀ-ի իրականացրած բարեփոխումները Բրյուսելում հետո, դա բաց հարց է։ Բայց եթե բարեփոխումների ներկայիս դինամիկան շարունակվի, ապա ես կպատասխանեմ, որ՝ այո, կլինի նույն աջակցությունը։ Երկրորդ բաղադրիչը Ձեր ծրագրերն են, քանի որ ԵՄ-ն աշխատում է կոնկրետ ծրագրերի հիմքի վրա։ Եթե մենք Հայաստանից ունենք շատ էական ցուցակ կարիքների, ապա մենք կարող ենք միացնել աջակցությունը այդ կարիքներին համապատասխան: Մեր աջակցության կլանման ունակությունը երրորդ կարևոր բադադրիչն է, պետք է դա լինի բարձր մակարդակի վրա»,- ասաց Սվիտալսկին՝ շարունակելով, որ եղել է, որ   աջակցությունը չի օգտագործվել, ուստի փոխանցված գումարները պետք է օգտագործվեն։

«Ես ապագային նայում եմ լավատեսորեն, քանի որ քննարկումները նախարարությունների հետ լավատեսություն են ներշնչում»,- ասաց նա։

 

Տեսանյութեր

Լրահոս