Բաժիններ՝

«Սոցիալական պաշտպանության ոլորտում լուծումներ պահանջող հսկայական խնդիրներ ունենք». ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը նախաձեռնել էր կլոր-սեղան քննարկում

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը նախաձեռնել էր կլոր-սեղան քննարկում «Հայաստանում աշխատանքային իրավունքների պաշտպանություն. բացահայտված խնդիրներ և մտահոգիչ դրսևորումներ, հնարավոր լուծումներ» թեմայով: Քննարկմանը ներկա էին նաև ՀՀ նախագահի, վարչապետի, ՄԻՊ  աշխատակազմերի ներկայացուցիչներ, պատգամավորներ, փաստաբաններ, փորձագետներ:

«Սոցիալական պաշտպանության ոլորտում լուծումներ պահանջող հսկայական խնդիրներ ունենք, հատկապես աշխատանքային իրավունքների պաշտպանության առումով»,-բացման խոսքում նշեց ՀՅԴ Բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանը:

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը ներկայացրեց գրասենյակի կատարած հետազոտությունը. «Խնդիրները, որոնք ներկայացնելու եմ, այսօրվա խնդիրներ չեն, տարիներ շարունակ դրանք առաջացել են և տարիների վերլուծության արդյունքները բյուրեղացած մեկ զեկույցում փորձել ենք ներկայացնել և նպատակ ունենք մասնագիտական հանրության և քաղաքական որոշում կայացնողների ուշադրությունը հրավիրել»:

Նշենք, որ ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը մոնիտորինգն իրականացրել էր ինչպես ՀՀ աշխատանքային օրենսդրության մասնագիտական համակողմանի ուսումնասիրություններով, այնպես էլ միջազգային պրակտիկայի հիման վրա:  Արդյունքում՝ քննարկման մասնակիցների ուշադրությանն արժանացան խնդիրները, որոնք ուղղակիորեն վերաբերում էին աշխատանքի ոլորտի մի շարք բնագավառներում ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների թերի կատարմանը, աշխատողների և գործատուների իրավունքների ու պարտականությունների ոչ հավասարակշիռ ապահովմանը, օրինական և արժանապատիվ աշխատանքի համար անհրաժեշտ նվազագույն պայմանների բացակայությանը: «Գործադուլի իրավունք», «Նվազագույն աշխատավարձի կարգավորում», «Աշխատանքային ռեժիմ», աշխատանքային հարաբերություններին առնչվող ամենատարբեր թեմաներ դարձան կլոր-սեղան քննարկման առարկա:

Հասարակական լայն շրջանակներում քննարկված նվազագույն աշխատավարձի  կարգավորումներին անդրադառնալով՝ բանախոսը նշեց, որ նվազագույն աշխատավարձի և նվազագույն զամբյուղի անհամապատասխանությունը հակասում է տնտեսության սոցիալական ներառական զարգացման սկզբունքներին, ինչպես նաև մեր երկրի ստանձնած միջազգային պարտավորությունների պահանջներին, մասնավորապես՝ աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) թիվ 131 կոնվենցիային. «Չպիտի լինի միայն չափի բարձրացում, այլ պիտի լինի տարբերակված և  բազմագործոն սահմանման պահանջ:

Բազմագործոն սահմանում մենք չունենք.  բազմագործոն սահմանում նշանակում է՝ հաշվի առնելով ոչ միայն պետական բյուջեի հնարավորությունները, միայն դրա վրա հիմնված մոդելով հաշվել և ստանալ մի թիվ, այլ հաշվի կառնի նաև սոցիալական, նվազագույն սպառողական զամբյուղը»:

ԱԺ պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, սակայն, նկատեց, որ հաճախ պետք է առաջնորդվել ոչ թե  միջազգային փաստաթղթերի համապատասխանեցումով, այլև տնտեսական նպատակահարմարությամբ. «Որոշ դեպքերում դրանք մեկը մյուսի հետ խորը հակասության մեջ են գտնվում, կոնկրետ, օրինակ՝ նվազագույն աշխատավարձի  չափը, որ ասում ենք՝ նվազագույնը պետք է լինի միջին աշխատավարձի 50-60 տոկոսը, այստեղ տնտեսագիտական մոտեցումները շատ տարբեր են,  վերջին մոտեցումների համաձայն՝ օրինակ, ոչ թե միջին աշխատավարձի 50-60 տոկոսը, այլ մեդիանային աշխատավարձի միջնարժեքի  60 տոկոսը»:

Հետազոտությունների շրջանակում Թ. Ավետիսյանն անդրադարձավ նաև Հայաստանում օտարերկրացիների աշխատանքին: Նա նշեց, որ վերջերս հասարակական և մասնագիտական տարբեր շրջանակներում ակտիվացել են քննարկումները Հայաստանում օտարերկրյա քաղաքացիների աշխատանքի վերաբերյալ. «Հայաստանում օտարերկրացիների աշխատանքը կարգավորող օրենսդրության նկատմամբ պետական վերահսկողությունը գրեթե բացակայում է, դրանք իրականացնող մարմիններն իրենց վերապահված գործառույթներն ու պատասխանատվությունը ոչ լիարժեք են իրականացնում վերջին շրջանում:

2016 թվականին կասեցվեց օտարերկրացիների աշխատանքային թույլտվությունը, որովհետև համակարգային լուծումներ չկային. գործող կարգավորումը (2019 թ.-ից) նորից նույն ձևով կյանքի է կոչվել և կիրառվում է»:

Մանրամասները՝ տեսանյութում

Զարուհի Դիլանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս