Փոխադարձ մեղադրանքներ ԱԺ-ում. ո՞վ է մեղավոր Սևանի վիճակի համար
Այսօր ԱԺ-ում Սևանա լճի հիմնախնդիրների և դրանց լուծման ուղիների շուրջ աշխատանքային քննարկման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը դժգոհեց կառավարության գործունեությունից, որ ասում են, թե այս կամ այն հարցը շուտով լուծում են, բայց որևէ բան չի փոխվում:
«Կառավարությանը հենց հարց ես տալիս, ասում է՝ գնում եմ, 2 ժամից հանդիպեմ, էդ հարցը լուծենք: Բայց, եղբա՛յր, կառավարությունը պետք է ունենա ժառանգականություն»,- ասաց նա:
Մելքումյանը հիշեցրեց, որ 2003թ.-ին օտարվել է 5000-ից ավելի կիլոմետր կոլեկտորը, խողովակները վաճառվել են ու որևէ ներդրում չի արվել: Նա հարցադրում արեց՝ ո՞վ է մեղավոր:
Մելքումյանը նաև հարցադրում արեց՝ պետական կառավարման համակարգում ո՞վ ի՞նչ չի արել էս վերջին 2-3 տարում, ինչո՞ւ հեղափոխությունից հետո չենք կարողանում չկեղտոտել Սևանը:
«Սևանի ազգային պարկը անգործության է մատնված: Եթե Սևանի ազգային պարկը մեզ հետ համատեղ աշխատեր, մենք 10-ի փոխարեն՝ կունենայինք 20 մաքրման կայան օբյեկտներում»,- հայտարարեց Սևանա լճի պահպանման փորձագիտական հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը:
Սակայն «SOS Սևան» նախաձեռնության անդամ, բնապահպան Սիլվա Ադամյանը մեղադրեց Յ.Ջավադյանի ղեկավարած կառույցին. «Դուք ջրբացթողումները պետք է կարգավորեիք, տարիներ շարունակ արել եք ամեն ինչ, որ Սևանն այսօր այս վիճակին հասնի: Ձեր հանձնաժողովի անդամները տարիներ շարունակ ասել են, որ ամեն ինչ լավ է, կառավարության բոլոր որոշումները ճիշտ են: Իսկ հիմա եկել եք այստեղ, ասում եք, որ, видите ли, Ազգային պարկն է մեղավոր: Ամենամեծ մեղավորը դուք եք»:
Յ.Ջավադյանը հայտարարեց, թե հանձնաժողովի անդամներն ակադեմիայի ինստիտուտների տնօրեններն են, որոնք գիտակ են և մեծ աշխատանք են տանում, իսկ իրենց արձանագրությունները 3 օրվա ընթացքում ուղարկում են կառավարություն:
«Անընդունելի է այն, ինչ դուք ասում եք, ես չեմ տեսնում ձեր գործունեությունը»,- հայտարարեց Ս.Ադամյանը: