«Ես չեմ կարծում, թե նախագահ Թրամփը պատերազմ է ցանկանում, բայց ենթադրում եմ, որ նրանք, ովքեր նրան շրջապատում են, դեմ չէին լինի». Զարիֆ
Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը կարծում է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի ցանկանում պատերազմ սկսել Թեհրանի դեմ, սակայն Միացյալ Նահանգների ղեկավարի շրջապատի անձինք ցանկանում են դա: Այս կարծիքն Իրանի ԱԳ նախարարության ղեկավարը հայտնել է NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը հրապարակվել է հուլիսի 15-ին։
«Ես չեմ կարծում, թե նախագահ Թրամփը պատերազմ է ցանկանում, բայց ենթադրում եմ, որ նրանք, ովքեր նրան շրջապատում են, դեմ չէին լինի»,- ասել է Զարիֆը: «Կարծում եմ, որ նախագահ Թրամփը հրապարակորեն հայտարարել է, որ իրենք ձգտում են հասնելու դրան, բայց չեմ կարծում, թե նրանց մոտ կստացվի, քանի որ վերջին հաշվով կգերակշռի ողջամտությունը»,- հավելել է նա:
Նախարարն արձանագրել է, որ «Իրանը խոշոր եւ հպարտ պետություն է»: «Մենք թեթեւամտորեն չենք վերաբերվում ռազմական հարվածին»,- ընդգծել է Զարիֆը: Զարիֆին նաեւ տրվել է հարց այն մասին, թե ինչու է, նրա կարծիքով, Թրամփը հրաժարվել հունիսի վերջին Իրանին հարված հասցնելու մտադրություններից:
«Կարծում եմ, գերակշռել է ողջամտությունը: Մարդիկ հասկացել են, որ դա սահմանափակ գործողություն չի լինի»,- ասել է նախարարը: Իարնի ԱԳ նախարարության ղեկավարը նաեւ հայտնել է, որ Թեհրանը պատրաստ է Վաշինգտոնի հետ կոնսուլտացիաների, եթե ԱՄՆ-ը վերացնի երկրի դեմ ավելի վաղ սահմանած սահմանափակումները:
«Երբ պատժամիջոցները վերացվեն, այն ժամանակ հնարավորություն կհայտնվի բանակցությունների համար»,- ասել է նա: Զարիֆն արձանագրել է, որ ամերիկյան ատժական միջոցների պատճառով տառապում են Իրանի քաղաքացիները, այդ թվում «մարդիկ, որոնք դեղորայքի, հատուկ խնամքի կարիք ունեն», հաղորդել է ՏԱՍՍ-ը: