ՀՀ առողջապահության նախարարությունը սկզբունքորեն դեմ է մարիխուանայի ազատականացմանը. բազմաթիվ վտանգներ կան
Նարկոլոգիական հանրապետական կենտրոնի տնօրեն Պետրոս Սեմերջյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ Հայաստանում 2019թ. հունվարի 1-ի դրությամբ հաշվառված է 6951 թմրամոլ, և նախորդ տարվա հետ համեմատած՝ 6 տոկոսով աճ կա:
Նրա փոխանցմամբ՝ 6951 հաշվառված թմրամոլներից 116-ը կանայք են, իսկ 3-ը՝ անչափահաս: Ինչ վերաբերում է տարիքային խմբին, ապա ամենաշատը 30-40 տարեկան մարդիկ են հաշվառված:
168.am-ի հարցին՝ մարիխուանայի ազատականացման վերաբերյալ խոսակցություններ կան, այն ի՞նչ խնդիրներ կարող է առաջացնել, և ի՞նչ վտանգներ է պարունակում, Պետրոս Սեմերջյանը պատասխանեց.
«ՀՀ առողջապահության նախարարությունը սկզբունքորեն դեմ է մարիխուանայի ազատականացմանը և օրինականացմանը, որովհետև այդտեղ առողջապահական բազմաթիվ վտանգներ է տեսնում: Կախված է նրանից, թե երկիրն ինչպե՞ս է ազատականացումն ու օրինականացումն ընկալում։ Տարբեր երկրներ, որոնք օրինականացրել են, միևնույն ժամանակ մտցրել են որոշակի սահմանափակումներ, ասենք, մինչև 18 կամ 24 տարեկանների համար, հանրային վայրերում, որոշակի աշխատանքներ իրականացնելիս և այլն»:
Նարկոլոգիական հանրապետական կենտրոնի տնօրենը նկատեց՝ ամեն երկիր ընտրում է իր մոտեցումը, իսկ Հայաստանը դեռևս 1993 թվականին ստորագրել է թմիամիջոցների վերաբերյալ ՄԱԿ-ի կոնվենցիան՝ պարտավորություններ վերցնելով բոլոր դրույթների, այդ թվում՝ կանեփից պատրաստված թմրամիջոցների խիստ հսկողության:
Պետրոս Սեմերջյանը հայտնեց նաև, որ Նարկոլոգիական հանրապետական կենտրոնում մարդը 100 տոկոսով բուժվում է, ազատվում կախվածությունից:
Անի Կարապետյան