Բաժիններ՝

Նարեկացու մասին գրելը հոգուս ներքին պահանջն էր

Մայիսի 23-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ մատենագետ Աստղիկ Ղափլանյանի «Գրիգոր Նարեկացի: Մատենագիտություն» և «Վերմարդկայինը՝ Գրիգոր Նարեկացի» գրքերի շնորհանդեսը:

Գրքերի ստեղծման, առանձնահատկությունների, մատենագիտության մեջ ունեցած արժեքի մասին զրուցել ենք հեղինակի հետ:

-Տիկի՛ն Աստղիկ, ինչո՞ւ հանձն առաք կազմել Գրիգոր Նարեկացու մատենագիտությունը:

– Գրիգոր Նարեկացու մասին գրելն ինձ համար ավելի շատ հոգու ներքին պահանջ էր:

Ոչ ոք այն ինձ չէր հանձնարարել. իմ հոգու կանչին ականջալուր դարձա:
Գրիգոր Նարեկացու մատենագիտությունը նվիրված է Նարեկացուն Տիեզերական եկեղեցու Վարդապետ հռչակելուն և Մեծ եղեռնի 100-ամյակին:
Մատենագիտությունը բարդ, ծավալուն գործընթաց է, որի ընթացքում ստիպված ես շրջել Երևանի բոլոր գրադարաններով, որպեսզի կարողանաս քարտագրել, մուտքագրել, հավաքագրել, սրբագրել, խմբագրել Նարեկացուն առնչվող ցանկացած տեղեկատվություն: Աշխատանքը տևել է ավելի քան 10 տարի: Ես ստեղծել եմ մատենագիտություն մատենագիտության մեջ, այն է՝ մատենագիտությունը դյուրին դարձնել ընթերցողին: Այդ նպատակով մատենագիտական միավորները բաժանել եմ ըստ բնագավառների ու թեմաների: Օրինակ՝ Նարեկացին և աղանդավորությունը, Նարեկացու դավանությունը, լեզուն և այլն: Գրքի բացառիկությունը կարելի է համարել այն, որ իր տեսակի մեջ միակն է, որտեղ անդրադարձ է կատարվել ձեռագրերին. ոչ մի մատենագետ մինչ օրս նման խոշոր աշխատանք չի կատարել: Այստեղ ներկայացված են Նարեկացու ստեղծագործությունները, կենսագրական տեղեկություններ: Այս մատենագիտության առանձնահատկությունը նաև նրա ընդգրկունությունն է:

-Ի՞նչը շարժառիթ հանդիսացավ գրելու «Վերմարդկայինը՝ Գրիգոր Նարեկացի» գիրքը:

-«Վերմարդկայինը՝ Գրիգոր Նարեկացի» գիրքը նվիրված է ծնողներիս:

Մատենագիտությունը կազմելուց հետո ես գրքերում, ամսագրերում, մամուլում գտա բազմաթիվ նյութեր, հոդվածներ, որոնք քիչ հասանելի են ընթերցողին: Սա էլ հենց առիթ հանդիսացավ անել այնպիսի աշխատանք, որի շնորհիվ ընթերցողը կիմանա՝ ինչպիսի մեծություն է Գրիգոր Նարեկացին:

Գիրքը բաղկացած է երկու մասից՝ «Մեծերի մեջ մեծագույնը» և գրական ուսումնասիրություններ: Առաջին բաժնում ներկայացված են այն հռչակավոր մարդիկ, որոնք համեմատվել են Գրիգոր Նարեկացու հետ: Օրինակ՝ Նարեկացուն համեմատել են այնպիսի աշխարհահռչակ մարդկանց հետ, ինչպիսիք են Բախը, Դոստոևսկին, Մաշտոցը, Շնորհալին, Կոմիտասը և այլք: Ես վստահ եմ, որ գրքերում ընթերցողը կհանդիպի այնպիսի հոդվածների, որոնք ոչ մի տեղ չէր կարող գտնել: Օրինակ` նման հոդվածների շարքից է Բարսեղ Շահբազի «Իտալիոյ Նարեկացին ու իտալիցիին Նարեկը», որը հրատարկվել է 1903 թվականին «Բյուրակն» հանդեսում: Երկրորդ բաժնում անդրադարձել եմ Թորգոմ Գուշակյանի, Արշակ Չոպանյանի, Ստեփան Մալխասյանի, Սերգեյ Ավերինցևի և մի շարք այլ մարդկանց աշխատություններին:

Այս աշխատանքները ներկայացնում են Նարեկացու թողած բազմահարուստ ժառանգության համապարփակ պատկերը:

– Տիկի՛ն Աստղիկ, ի՞նչ պլաններ ունեք ապագայում:

 

– «Գրիգոր Նարեկացի: Մատենագիտություն» գրքի լրամշակված տարբերակը կյանքի կոչելու նպատակ ունեմ: Ցանկացած աշխատանք, առավել ևս՝ նման ծավալուն գործերն անհնար են, որ չունենան թերացումներ: Գրքի հրապարակվելուց հետո, որը, ի դեպ, ունի, 2252 աղբյուր, ևս 266 աղբյուր լրացվել է: Դա պայմանավորված է նրանով, որ փնտրտուքների մեջ ամեն աղբյուրից մեկ ուրիշ աղբյուր էր բացահայտվում: Արդյունքում նկատեցի, որ բազմաթիվ աղբյուներ կան, որոնք նույնպես արժե զետեղել: Շնորհակալ եմ Աստծուն, որ կարողացա այս մեծածավալ աշխատանքը հասցնել ավարտին:

Պատրաստեց Լիլիանա ՕՍԻՊՅԱՆԸ

Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» ամսաթերթ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս