Բաժիններ՝

Արտահանման ծավալների անկումն անհանգստացնող չէ. Րաֆֆի Մխչյան

Այս տարվա հունվար-մայիս ամիսներին Հայաստանից արտահանման դրական աճ է եղել դեպի ԵԱՏՄ երկրներ՝ 3.6%, իսկ դեպի ԵՄ երկրներ գրանցվել է 24.3% անկում: Սա են վկայում Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

168.am-ը Հայաստանի արտահանողների միության ղեկավար Րաֆֆի Մխչյանից հետաքրքրվեց՝ ի՞նչն է պատճառը, որ ԵԱՏՄ արտահանումներն ավելացել են, իսկ ԵՄ արտահանումները՝ զգալի պակասել:

«ԵՄ արտահանումների մեջ մեծ մաս են կազմում հանքահումքային նյութերը և, կախված համաշխարհային գնանկումից և մեզ մոտ առկա իրավիճակից, բնականաբար, անկում է գրանցվել: Հայտնի է, որ հանքարդյունաբերական հումքը բավականին մեծ ծավալ ունի արտահանումների մեջ, և անկման պատճառով նման պատկեր է ստացվել: Իսկ ԵԱՏՄ արտահանումների աճը գյուղատնտեսական շրջանի աշխուժացման հետ եմ կապում»,- ասաց Ր.Մխչյանը:

Ըստ նրա՝ այսօր բավականին մեծ աշխատանքներ են տարվում արդյունաբերության մյուս ոլորտներում աշխուժացում բերելու համար, բայց դրա արդյունքն արտահանման տեսքով դեռևս չի կարելի տեսնել և շոշափելի տոկոսներ հաշվել, որովհետև դրանք պետք է նոր զարգանան և լրացնեն բացը. «Մի հանքից հարյուրավոր, հազարավոր տոննաներով մոլիբդեն ու պղինձ էին հանում, պղնձի խտանյութն առանց մշակելու վաճառվում էր, իսկ այսօր քաղաքականությունը գնում է նրան, որ հումքը վերամշակվի, և մյուս ճյուղերը զարգանան»:

Ր.Մխչյանը նշեց, որ վիճակագրական այս անկումն անհանգստացնող չէ. «Ընդհակառակը, այսօր ԵՄ-ն մեզ հսկայական հնարավորություններ է պատրաստվում տալ՝ զարգացնելու մեր տնտեսության բոլոր ճյուղերը, որոնք պոտենցիալ արտահանման շանս ունեն դեպի Եվրոպա»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս