«Հոգեբանն է բանակցում դռան մյուս կողմից». Անի Խաչատրյանը նոր մանրամասներ է հայտնում Աղբյուր Սերոբի 11/2 հասցեի միջադեպից
«Դեռ ոչ մի կոնկրետ բան չկա. հոգեբանն է բանակցում դռան մյուս կողմից՝ ներսում գտնվող մարդկանց հետ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը՝ անդրադառնալով Աղբյուր Սերոբի 11/2 հասցեում տեղի ունեցած միջադեպին:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն ուղիղ եթերով հայտնել է, որ ոստիկանության աշխատակիցներն անօրինական գործողություններ են իրականացնում Աղբյուր Սերոբի 11/2 հասցեում, փորձում են բացել բնակարանի դուռը, որտեղ 3 մանկահասակ երեխաներ կան:
Ա. Խաչատրյանը հավելեց, որ ոստիկանները տեղում են, կան նաև ՄԻՊ գրասենյակից ներկայացուցիչներ:
Ի դեպ, դեպքի կապակցությամբ ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել:
«Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամներ Անի Խաչատրյանի և Թեհմինա Վարդանյանի, փաստաբան Նինա Կարապետյանցի ահազանգերի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Երևանում գտնվող մի բնակարանից քաղաքացիների վտարման իրականացման վայր։
Ըստ ահազանգի՝ բնակարանում գտնվում են նաև երեխաներ։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կապի մեջ է նաև Ոստիկանության հետ»,- ասվում է հաղորդագրությունում։
Զարուհի Դիլանյան