Պետք է ներդրվի վարորդական իրավունքից զրկված վարորդներին հասարակական աշխատանքի ուղարկելու ինստիտուտը
Վերջին օրերին տեղի ունեցած ողբերջական ավտովթարներից հետո «Change.org» կայքում ստորագրահավաք է սկսվել՝ հանդիպակաց գծով վարելը քրեականացնելու պահանջով:
Ստորագրահավաքի առաջարկը տեղադրողները դիմում են ՀՀ Ազգային ժողովին՝ ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու պահանջով՝ կից ներկայացնելով պարզաբանում:
«Յուրաքանչյուր մարդ ունի ապրելու իրավունք։ Որևէ մեկին այդ իրավունքից զրկողը կամ զրկելու փորձ անողը պետք է պատժվի համարժեք պատժաչափով։ Պետությունը պարտավոր է ապահովել իր քաղաքացիների կյանքի անվտանգությունը։
Վարորդը, ով դիտավորյալ մտնում է հանդիպակաց երթևեկելի գոտի, ոչ միայն խախտում է օրենք, այլև վտանգում է դիմացից եկողների և իր մեքենայում գտնվողների կյանքը։ Լինի դա շտապելու կամ իրենց մյուսներից բարձր դասելու պատճառով, այս քայլին գնացողը պետք է դիտվի՝ որպես մարդասպանության փորձ անող անձ։ Տեսանկարահանումների, ոստիկանների կամ վկաների օգնությամբ ձեռք բերված ապացույցներով անհրաժեշտ է այս վարորդներին պատժել։
1) Վարորդի անձը չհայտնաբերելու դեպքում նվազագույնը 1 տարով տուգանային հրապարակ տեղափոխել և օրավարձ գանձել մեքենայի համար։ Վթարի ենթարկման դեպքում կամ վարորդին, կամ մեքենայի տիրոջը (եթե մեքենայի տերը «տեղյակ չէ», թե ով է մեքենան վարել) քրեական պատասխանատվության ենթարկել։
2) Վարորդին ենթարկել պատասխանատվության ՀՀ քր. օրենսգրքի «մարդասպանության փորձի» հոդվածներով։
3) Հանրությանը ներկայացնել ամենօրյա թարմացվող ցուցակ բոլոր վերը նշված վարորդների ու մեքենաների տվյալներով, վճարված տուգանքների, մեքենաների տուգանային հրապարակում լինելու փաստերով։
4) Տուգանքի չափը սահմանել (բացի 1-3 կետերից) նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկի չափով»:
Վարորդների իրավունքների պաշտպաններն ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները 168.am-ի հետ զրույցում հայտնեցին, որ կողմ են առաջարկին, բայց նշեցին, որ կարևորը վարորդների ինքնագիտակցությունը բարձրացնելն է:
Նրանք արձանագրում են՝ շատ քաղաքացիներ մահանում են հենց ճանապարհատրանսպորտային պատահարների արդյունքում: Վթարների պատճառը մեծ մասամբ անբարեխիղճ վարորդներն են:
«Շտապելով ոչ ոք արագ տեղ չի հասնելու: Եթե երթևեկենք թույլատրելի արագությամբ, 5 րոպե է տվյալ հատվածին հասնելու տարբերությունը լինելու: Փորձե՛ք երթևեկել տվյալ հատվածի համար նախատեսված արագությամբ, նույնիսկ, եթե ճանապարհն ազատ է կամ տեսալուսանկարահանող սարքեր չկան: Եթե ամեն մեկն իր կողքինին հուշի, որ չի կարելի արագ երթևեկել, կարծում եմ՝ տվյալ վարորդն ուշքի կգա ու կփորձի օրենքին համապատասխան երթևեկել: Այսպիսով կփրկեք թե՛ վարորդի, թե այլ քաղաքացիների կյանքերը»,- հորդորեց «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր Տիգրան Քեյանը:
Նրա խոսքով՝ պետք է աշխատեն որոշակի կրթական ծրագիր իրականացնել դպրոցներում, փորձել երեխաներին վաղ հասակից ճանապարհային երթևեկության կանոններ սովորեցնել, քանի որ երթևեկության մասնակից են ոչ միայն վարորդները, այլև հետիոտնը: Վերջինները շատ վտանգներ են ստեղծում վարորդների համար:
«Հանդիպակաց գծով վարող վարորդներն ամենաքիչը վեց ամսով պետք է զրկվեն վարորդական իրավունքից: Նույնը՝ նաև արագությունը գերազանցող վարորդների դեպքում: Պետք է ներդրվի վարորդական իրավունքից զրկված վարորդների վերապատրաստման, ինչպես նաև հասարակական աշխատանքի ուղարկելու ինստիտուտը՝ կոնկրետ նման դեպքերի համար»,- հավելեց Դավիթ Պեդանյանը:
Անի Կարապետյան