Փաշինյանի «սոցիալական կտերը»

Պետական քաղաքականության բաղկացուցիչ մասերից է սոցիալական քաղաքականությունը, որի նպատակն է՝ բավարարել մարդկային կարիքները անվտանգության, կրթության, աշխատանքի, առողջապահության և բարեկեցության ոլորտներում: Առօրյա կյանքում սոցիալական քաղաքականությունը հասցեավորում է, թե ինչպես են պետությունները և հասարակություններն արձագանքում սոցիալական, ժողովրդագրական և տնտեսական փոփոխություններին, աղքատության, միգրացիայի և գլոբալիզացիայի գլոբալ մարտահրավերներին: Այն ընդգրկում է անհատի փոքր տարիքից մինչև տարեց տարիքն աջակցելու և ծառայություններ մատուցելու գործընթացներում ազգային կառավարությունների, ընտանիքի, քաղաքացիական հասարակության, շուկայի և միջազգային կազմակերպությունների դերերը: Նշյալ քաղաքականության նպատակն է նաև բացահայտել և գտնել աջակցության և ծառայությունների հասանելիության անհամաչափությունների նվազեցման ուղիները սոցիալական տարբեր խմբերի միջև: Նշվածից հետո ներկայացնենք, թե ինչ է տեղի ունենում այսօր ՀՀ-ում՝ գործող իշխանությունների կողմից վարվող սոցիալական պսևդոքաղաքականության մասով:

Կառավարությունը սկսել է սոցիալական ծրագրերի մի յուրահատուկ «շքերթ», որը մի տեսակ քաոտիկ իրավիճակ է ստեղծել սոցիալական սեկտորում:

Ինչպես հայտնի է՝ կառավարության համապատասխան որոշմամբ առողջապահության ոլորտում տեղի ունեցավ մի կարգավորում, ըստ որի՝ մինչև 0-18 տարեկան երեխաների համար սահմանվեց անվճար բուժօգնություն: Իսկ արդեն այսօր կառավարության նիստում Փաշինյանը հայտարարեց առաջիկայում կենսաթոշակների բարձրացման փաստի մասին: Սրան զուգահեռ՝ հավելենք, որ դեռևս հունվարից հայտարարվել էր, որ սեպտեմբերից բարձրանալու են՝ ուսուցիչների, իսկ հունիսից՝ զինվորականների աշխատավարձերը:

Իրականում պետք է փաստել, որ այս ընթացքում որոշակի ֆինանսական ռեզերվներ, այնուամենայնիվ, կուտակվել է՝ ստվերի որոշակի կրճատման առումով, բայց քանի որ տնտեսության ընդհանուր վիճակն անառողջ է, դժվար է հասկանալ, թե ինչպես է կարողանալու տնտեսական աճի տեմպեր ու ֆինանսական համապատասխան հոսքեր ապահովել: Սա նման է այն վիճակին, երբ գյուղացին օրըստօրե նիհարող անասունին շարունակում է նույն հաճախականությամբ կթել, ինչի հետևանքով, ի վերջո, կենդանին հյուծվում  է և մի օր ուղղակի սատկում: Այսինքն՝ իրավիճակն այնպիսին է, որ ինչ-ինչ հարցերի հատվածական ու իրավիճակային լուծումներ տալով, տնտեսությունում ներդրումներ, առավել ևս՝ աշխատատեղեր չես կարող ունենալ: Այստեղ նաև անհասկանալի է մնում, թե ինչպես կարող է մի տնտեսոթյուն զարգանալ կամ տնտեսական աճ ունենալ, երբ այդ երկրում շարունակվում է ավելանալ գործազուրկների թիվը: Ակնհայտ է, որ Փաշինյանն այս մարտավարությանմբ երկար չի «ձգի», նաև պարզ է, որ այս սոցիալական աննշան բարձրացումներով նա ուղղակի փորձում է հանրության աչքին «թոզ փչելով»՝ հերոս երևալ:

Այս պարագայում հարկ է նշել, որ, հատկապես ուսուցիչների ու զինվորականության շրջանում նախատեսվող այդ բարձրացումները հիմնականում արվել են կրճատումների  հաշվին. ոլորտում նկատելի կրճատումներ տեղի ունեցան, հարյուրավոր ուսուցիչներ կրճատվեցին դպրոցների  փակվելու և միավորվելու պատճառով: Սրանք փաստեր են, որոնք կառավարությունը զգուշորեն շրջանցում է և չի բարձրաձայնում՝ դրանք համարելով «կառուցողական քաղաքականութուն»: Տեղին է նշել, որ այդ կրճատումների հաշվին ոչ թե մեղմվել, այլ ավելի է մեծացել սոցիալական լարվածությունը, և դա առավել նկատելի է հատկապես մարզերում, որտեղ սոցիալական զգայուն շերտն ավելի մեծ ու զգայուն է: Ստացվում է այնպես, որ ոչ թոշակների չնչին բարձրացումը (ի դեպ, հավելենք, որ նպաստառուների շարքում բողոքավորների թիվը կտրուկ ավելացել է, քանի որ գործող իշխանությունները մի յուրահատուկ «խաչակրաց արշավանք» են սկսել այդ սեկտորի բնկաչության ուղղությամբ՝ հազարավոր մարդիկ զրկվել են այդ պետական աջակցությունից), ոչ էլ աշխատավարձերի նվազագույն բարձրացումն էական հարց չեն լուծում՝ ժողովրդի լեզվով ասած՝ «յարա չեն բուժում»:

Ասվածի մասին խոսելիս՝ դիտարկենք մի կարևոր դրվագ ևս. կառավարության որոշմամբ առաջիկայում բարձրանալու է նվազագույն աշխատավարձը՝ 55 հազարից դառնալով 68 հազար դրամ: Ըստ էության, առաջին հայացքից հրաշալի ու առաջանցիկ որոշում է, սակայն, ինչպես ասում են, «սատանան մանրուքի մեջ է»: Դժգոհությունների հիմնական առիթ է հանդիսացել՝ հատկապես ՏԻՄ համակարգի հաստիքների մասով: Բանն այն է, որ համայնքապետարաններում ու համայնքային ենթակայության կառույցներում բավականին շատ են նվազագույն աշխատավարձ ստացող քաղաքացիները, իսկ այդ 13 հազար դրամը լուրջ բեռ է դառնալու համայնքների բյուջեների վրա, որովհետև հայտնի չէ, թե այդ գումարային տարբերությունն ինչ կարգավորմամբ է լրացվելու, և դա մնալու է համայնքապետերի «վզին»: Ակնհայտ է, որ համապատասխան գերատեսչությունների պատկան անձինք չեն հասկանում, թե սա ինչ հիմնարար խնդիրների կարող է հանգեցնել այս ոլորտում (լուրեր կան, որ այս որոշման նախագիծը գործադիրի համապատասխան շատ գերատեսչությունների կոմիտեներում մասնագիտական քննարկում չի անցել):

Այս ամենը փաստելով՝ կարող ենք ընդգծել, որ Փաշինյանը փորձում է սոցիալական պատրանք ստեղծել, որպեսզի մաքսիմալ երկարաձգի իր հանդեպ հանրային աջակցության ալիքը: Պարզ է մի բան՝ Փաշինյանը հասկացել է, սոցհարցումներից էլ պարզ է, որ մարդիկ ձանձրացել են տրված սուտ խոստումներից ու սին հանձնարարականներից:

Այստեղ հարց է առաջանում՝ արդյո՞ք կուտի հայ հանրությունը՝ ուսուցիչը, զինվորն ու թոշակառուն, այն «սոցիալական կուտը», որը նրանց մատուցվում է ՀՀ գործող վարչապետի կողմից։

ԱՐՄԵՆ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս