«…Բելառուսի 90-ական թվականների սկզբի համակարգն է. Ալեքսանդր Լուկաշենկոն՝ կոլտնտեսության նախագահը, ժողովրդի մարդը կամաց-կամաց սկսեց ձևավորել անձնիշխան համակարգ». Քաղտեխնոլոգ
Տարբեր հարթակներում շարունակում են քննարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հրապարակային տարաձայնությունները, իսկ մի քանի քաղաքագետներ կանխատեսում են նաև ներկուսակցական պառակտումներ:
Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, ի թիվս այլ հարցերի, խոսել էր նաև իր և Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի քննարկվող հարաբերությունների մասին: Նա մասնավորապես ասել էր, թե Ռ.Պետրոսյանի հետ քննարկելու բան չունի.
«Նա հիստերիայի մեջ էր ընկել, տեսել եք կայքերում: Դա մարզպետին վայել բան չէ, թռչկոտում էր, եսիմինչերի մեջ էր ընկել, մտնում էր տեղամասեր: …Գնացեք Աբովյան ու տեսեք, թե ովքեր են Ռոմանոս Պետրոսյանի կողքին՝ Կավալի տղեն, էն անձինք, որ խոր տալիք-առնելիք են ունեցել Կավալի հետ: Էդ մարդկանցով ա ինքը շրջապատված, էսօր արժեհամակարգից ա խոսում, նոր շարժումից ա խոսում, չգիտեմ ինչից ա խոսում»:
Կոտայքի մարզպետի արձագանքը չէր ուշացել՝ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Ցավում եմ, բայց ազնիվ չես նախ ինքդ քո հանդեպ և քո իսկ անցած ուղու, ապա նաև՝ իմ նկատմամբ և իմ անմնացորդ նվիրումի՝ հանդեպ մեր «ընդհանուր»… Դե, իսկ հավատարմության մասին, առ հեղափոխության նպատակներն ու դրա արժեքները, ես կլռեմ… Աստված է բոլորիս դատավորը. ժամանակն իր գնահատականը կտա։ Մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ ինձ համար գոյություն չունեն հեղինակություններ. իմ հավատամքը Հայաստանի Հանրապետությունն է, իսկ ես կամ և մնալու եմ մեր պետականության, օրենքի գերակայության պետության և իրավահավասարության հասարակության անխոնջ զինվորը։ Հ.Գ. Լրատվամիջոցների մեր հարգարժան գործընկերներին ներողություն եմ հայտնում հարյուրից ավելի զանգերն անպատասխան թողնելու համար և խնդրում եմ՝ երեկվա հետ կապված հարցադրումներ չանել. այլևս ոչ մի դիտարկում չեմ անելու, միայն գործելու եմ, և գործելու եմ ինչպես միշտ՝ բացառապես հանուն Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացու»։
Նշենք, որ ըստ շրջանառվող լուրերի՝ Ռոմանոս Պետրոսյանի և Սասուն Միքայելյանի միջև լարվածությունը սկսվել էր Աբովյանի քաղաքապետի ընտրությունների ընթացքում, երբ Ս. Միքայելյանը չէր սատարել համակուսակից Ռ. Պետրոսյանի առաջադրած թեկածուին:
168.am-ը քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանից հետաքրքրվեց, թե ո՞ւր կտանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների այս հեռակա «փոխհրաձգությունը», և ապագայում որքանո՞վ են հնարավոր ներկուսակցական պառակտումները: Ըստ Ա. Բադալյանի՝ այդ հարցի պատասխանը հասկանալու համար պետք է նկարագրել, թե ինչպիսի կառավարման համակարգ է հիմա իշխում Հայաստանում. «Ապրիլ-մայիսյան իրադարձությունները Հայաստանում իրոք հեղափոխություն էր, որը շատ արագ վերափոխվեց իշխանափոխության:
Ինչ տեղի ունեցավ՝ քրեաօլիգարխիկ համակարգը Հայաստանում վերացավ սկզբում՝ Կառավարությունում, հետո՝ Ազգային ժողովում, բայց ստեղծվեց մի նոր համակարգ, որը կոչվում է անձնիշխան համակարգ, երբ ամբողջ համակարգը սպասարկում է մեկ անձի շահերը: Ինչպես նախկինում այդ համակարգը սպասարկում էր քրեաօլիգարխիայի շահերը, հիմա էլ այդ համակարգը՝ անկախ նրանից, թե կոչվում է «Քաղաքացիական պայմանագիր» թե «Իմ քայլը», սպասարկում է մեկ գործչի»:
Անդրադառնալով ներկուսակցական խմբավորումներին՝ նա նշեց՝ որտեղ կա մարդկանց խումբ և իշխանության հարց, միշտ խմբավորումներ լինում են.
«Վերցնենք ԱՄՆ-ը և ԵՄ-ն ՝ որպես ժողովրդավարական երկրներ, այնտեղ գոյություն ունեցող կուսակցություններում նույնպես կան խմբավորումներ, բայց այդ խմբավորումները տարբերվում են իրենց գործունեությամբ, այսինքն՝ այդ խմբավորումները բոլորն էլ նույն «իզմերի» անդամն են շարունակում մնալ. ընդունում են այդ «իզմը», բայց տարբեր ձևով են ուզում իրականություն դարձնել: Իսկ Հայաստանում վարչապետը նշեց, որ մերժում է բոլոր տեսակի «իզմերը»: ՀՀ-ում ձևավորվող այս համակարգը, ինչպես նախկինում, ապագաղափարական և ապաքաղաքական է, և ինչպես նախկին համակարգի ժամանակ կային խմբավորումներ, որոնք ուզում էին ավելի մոտ լինել ղեկավարությանը, նույն երևույթն այժմ նորից շարունակվում է՝ այն տարբերությամբ, որ նախկինների նման նորերը չեն ձգտում մոտ լինել իշխանությանը սեփական գրպանի համար (գոնե այս պահի դրությամբ), այլ մոտ լինելով գլխավոր անձնիշխանին, այդ հանգամանքը օգտագործելով՝ կարողանալ այդ համակարգի ներսում վարչական ռեսուրսի տիրապետել: Եթե հիշում եք, ԵԿՄ ղեկավարն իր հայտնի հարցազրույցում մի նախադասություն ասաց, թե Կոտայքի մարզպետը ցանկանում է ասող լինել այդ տարածքում»:
Քաղտեխնոլոգը նման խմբավորումները համարեց բնական և նկատեց՝ քանի որ «իզմեր» չկան, վարչական ռեսուրսին տիրապետելու խնդիր է, իսկ հայաստանյան ներկա համակարգի մասին ճիշտ պատկերացումների համար բերեց Բելառուսի օրինակը. «Հայաստանի կառավարման համակարգը Բելառուսի 90-ական թվականների սկզբի համակարգն է. Ալեքսանդր Լուկաշենկոն՝ կոլտնտեսության նախագահը, ժողովրդի մարդը կամաց-կամաց սկսեց ձևավորել անձնիշխան համակարգ, նույնը ՀՀ-ում է տեղի ունենում»:
Մեր զրուցակիցը հավելեց, որ Աբովյանի քաղաքապետի ընտրություններն ընդամենը առիթ էին տեսնելու այդ տարաձայնությունները, ևս նման առիթ էր, ըստ նրա, նաև ՊՎԾ ղեկավարի և Առողջապահության նախարարության միջև ծագած հայտնի կոնֆլիկտը:
Զարուհի Դիլանյան