«Հայկ Մարությանն ընդհանրապես տեղյա՞կ է ստեղծված իրավիճակից». բողոքի ակցիա՝ քաղաքապետարանի դիմաց
Երևանի քաղաքապետարանի դիմաց Երևանի կենդանաբանական այգու նախկին աշխատակիցներն այսօր՝ հուլիսի 3-ին, բողոքի ակցիա են իրականացրել:
«Մենք պահանջում էինք հանդիպում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ, որովհետև կասկածներ ունենք՝ ինքն ընդհանրապես տեղյա՞կ է ստեղծված իրավիճակից, թե՞ ոչ, որովհետև բազմիցս փորձել ենք հանդիպել իր հետ, սակայն չի ստացվել: Միշտ եկել են Քաղաքապետարանի ներկայացուցիչներ, ովքեր երբեք ոչ մի սպառիչ պատասխան չեն տվել: Այս անգամ նույնպես իր հետ չստացվեց հանդիպել: Քաղաքապետարանի ներկայացուցիչն ասաց, որ մասնակիցների հայտ պետք է ներկայացնենք, որպեսզի կազմակերպվի մասնագիտական հանդիպում՝ այգու աշխատողների և տնօրենի հետ: Նման փորձ եղել է ԲՀԿ-ի կողմից, բայց Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը մերժեց հանդիպել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Կենդանաբանական այգու նախկին աշխատակիցներից Անուշ Ռաֆայելյանը:
«Անընդհատ հայտարարում են, թե Ռուբեն Խաչատրյանը ներկայացնում է եվրոպական մասնագետների եզրակացությունը: Ստացվում է, որ պետական փողերով պետք է ֆինանսավորվի պետական կառույցը, որին, սակայն, պետք է եզրակացություն տան անհայտ ծագում ունեցող եվրոպացի անձինք»,- հավելեց նա:
Անուշ Ռաֆայելյանի փոխանցմամբ՝ իրենց պահանջը շարունակում է նույնը մնալ՝ Ռուբեն Խաչատրյանը չպետք է մնա՝ որպես տնօրեն, քանի որ ոչ մասնագիտական, սխալ կառավարում է իրականացնում՝ լինի կենդանիների խնամքը, կերակրումը, բազմացումը, անգամ շինարարությունը:
«Պաշտոնական տվյալներով՝ 800 միլիոնի վանդակի շինարարություն է կատարվել, բայց պարզվում է՝ այսօր մեկ միլիոն դրամ չկա, որ Կարմիր գրքում ընդգրկված բեզոարյան այծերի վանդակի ցանկապատը վերանորոգեն, որպեսզի ամիսը մեկ կենդանիների փախուստ չլինի, որովհետև բոլոր փախուստներն էլ ավարտվում են կենդանիների անկումով»,- նշեց Կենդանաբանական այգու նախկին աշխատակիցը:
Հավելենք, որ ավելի վաղ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նախկին աշխատակիցներից Կարեն Մարտիրոսյանն ասել էր. «Մենք ցանկանում ենք, որ Կենդանաբանական այգին լինի մաքուր, կազմակերպված՝ առանց անօրինությունների: Միանձնյա ու սարսափելի որոշումներ կայացնել մենք թույլ չենք տա: Մարդիկ այն ժամանակ էլ բարձրացրել են հարցեր, սակայն ազատվել են աշխատանքից: Նրանց համար ստեղծվել են այնպիսի պայմաններ, որ մեր փայլուն մասնագետները թողնեն-գնան: 8 տարիների ընթացքում 100-ից ավելի աշխատակցի են հեռացրել աշխատանքից»:
Նրա փոխանցմամբ՝ արգելվել է բազմացնել կենդանիների:
«Նույնիսկ Կարմիր գրքում գրանցված թունավոր օձեր կային, որ Մոսկվայից էինք բերել, ամեն ձև փորձում էր հեռացնել: Տեղեկություններ ունեմ, որ Հոլանդիայի կենդանաբանական այգում նրանց համար տեղ էին պահել: Մեր նախկին փոխտնօրենն ասում էր՝ գիտե՞ս, որ մեր օձերի համար արդեն տեղ են այնտեղ պատրաստել: Փառք Աստծո, նախկին քաղաքապետարանը թույլ չտվեց: Ամեն օձը 600 դոլարով գնել ենք: Ժամանակին, եթե թույլ տային՝ դրանք բազմանային, կուղարկեինք Մոսկվա, որովհետև այնտեղ արդեն խնդիր կա, չունեն այդ օձերից իրենց կենդանաբանական այգում: Այդ օձերը ծերացել են, հիմա չեն էլ բազմանա, բայց այն ժամանակ բոլորին առանձնացնել տվեց, արգելեց բազմացումը: Դրա համար բերել են կռտած լեմուրներ: Մենք 5000 թռչնի համար ինկուբատոր ունեինք, թռչունները վերարտադրվում էին: Դրանք քանդեց, արգելեց որևէ թռչուն բազմացնել: Ոսկեգույն փասիանը 15.000 դրամ արժե, ու մարդն ասուլիս է տալիս՝ ասելով, թե Եվրոպայից փասիաններ ենք բերել, երբ որ մենք 100-ներով վերարտադրում էինք: Սա կոչվում է արհեստական սնանկացում:
Եթե կենդանիները այգում չեն վերարտադրվում, ծերանում, սատկում են: Բոլոր բաժիններում է արգելվել կենդանի բազմացնելը: Ասում էր՝ մեզ բազմացում պետք չէ: Ո՞վ է թույլ տվել, որ ունենանք աղքատ կենդանաբանական այգի: Մենք հիմա անգամ մասնագետներ չունենք: 20-ամյա երեխան որ գա աշխատելու, նրան փորձ է պետք, մասնագետ չկա, ընդամենը հավաքարարներ են: Եթե հակառակն ասեն՝ կանչելու եմ բոլորին ու 5 մանկական հարց տամ, տեսնեմ՝ կպատասխանե՞ն: Հիմա միայն կեղտ հավաքողներ են, փորձառու մասնագետներ չկան: Բոլոր փորձառուներին հեռացրեց, որ մնա ստրկամիտ աշխատակիցների հետ, ասի՝ մածունը սև է, ու նրանք ասեն՝ այո»:
Անի Կարապետյան