
Հորդառատ անձրևները Ճապոնիայում հազարավոր մարդկանց տարհանման պատճառ են դառնում

Ճապոնական 3 քաղաքների շուրջ 800 հազար բնակիչներ ստիպված են լքել իրենց բնակավայրերը սողանքների ու հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղի պատճառով:
Ինչպես հաղորդում է CNN-ը, ճապոնական Կյուշու կղզու Կագոշիմա պրեֆեկտուրայի Կագոշիմա, Կիրիրշիմա և Աիրա քաղաքների իշխանությունները հորդորել են քաղաքի բնակիչներին անհապաղ գնալ ավելի ապահով վայրեր:
Կագոշիմա քաղաքում մի տարեց կին զոհվել է, երբ սողանքից վնասվել է տունը:
Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեն քաղաքների բնակիչներին կոչ է արել քայլեր ձեռնարկել` պաշտպանելու իրենց կյանքերը:
Կագոշիմայի պրեֆեկտուրայի տեղական իշխանությունները դիմել են Ճապոնիայի պաշտպանական զորքերին` օգնելու փրկարարական ու վերականգնողական աշխատանքներում:
Կագոշիմայի մերձակա Միյազակի պրեֆեկտուրայի շուրջ 31.000 բնակչի ևս խորհուրդ է տրվել լքել իրենց բնակավայրերը:
Ըստ օդերևութաբանների հաղորդման` հունիսի 28-ից սկսած` Կյուշու կղզում 1000 միլիմետր անձրև է տեղացել. Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը կանխատեսում է, որ անձրևները կշարունակվեն մյուս շաբաթ ևս:
2018 թվականի հուլիսին Ճապոնիայի արևմուտքում շուրջ 200 մարդ է զոհվել վերջին տասնամյակներին երկրին պատուհասած ամենաաղետալի ջրհեղեղի ընթացքում: Դա 1982 թվականից ի վեր անձրևների հետևանքով ամենից շատ մահ գրանցած աղետն է եղել Ճապոնիայում: