«90-ականների սկզբներին երբ ՀՀՇ-ն եկավ իշխանության, ոչ պակաս վարկանիշ ուներ, բայց ընդամենը մեկ տարի հետո տրոհվեց երկու մասի…». քաղտեխնոլոգ

Դեռևս մեկ տարի առաջ էր խոսվում այն մասին, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մեջ ֆրակցիոնիզմ լինելու է: Այս մասին 168.amի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝անդրադառնալով իշխանական կուսակցության անդամների միջև վերջին հրապարակային տարաձայնություններին:

«Անձամբ ես էլ եմ ասել, որ ուշ թե շուտ այդ ֆրակցիոնիզմն այդ քաղաքական ուժի  մեջ լինելու էր, մանավանդ իշխանության մեջ, որովհետև այսօրվա իշխանությունն ինչ-որ չափով ձևավորվել է ոչ միշտ քաղաքական տրամաբանության շրջանակում. Այսինքն՝ ինքն այնքանով է տրամաբանական, որ այս իշխանության մասն են այն բոլոր ուժերը, որոնք ինչ-որ չափով մասնակցել են հեղափոխությանը, և դրանք բավականին տարաբնույթ ուժեր են՝ սկսած Ղարաբաղյան պատերազմի մասնակիցներից՝ իրենց անցած ճանապարհով և քաղաքական զարգացումների մասին որոշակի պատկերացումներով, և վերջացրած սորոսական ծնունդ ունեցող շարժումների ներկայացուցիչներով»,- ասաց նա՝ հավելելով, որ տարաձայնություններն ավելի են սրվելու, երբ կուսակցության ներսում միմյանց կապող օղակի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն աստղաբաշխականից նվազի:

Մեր դիտարկմանը, թե արդյո՞ք վարկանիշի նվազումն ակնհայտ է այս շրջանում, որին նաև կարող ենք վերագրել ներկուսակցական խմորումները,  Վ. Հակոբյանն արձագանքեց. «Կարծում եմ, իհարկե, չի կարող համեմատվել մեկ տարի առաջվա իր վարկանիշի հետ, և դա շատ բնական է ու շատ կանխատեսելի այն մարդկանց կողմից, ովքեր քաղաքականությամբ  պրոֆեսիոնալ կերպով են զբաղվում. մի բան է էյֆորիայի ժամանակ գրանցված վարկանիշը, մեկ այլ բան՝ որոշակի ժամանակ անց, երբ մարդիկ արդեն կարողանում են գնահատել իրավիճակը: Հիմա,  տվյալ դեպքում նաև դրանով են պայմանավորված այդ սրացումները, որ արդեն ջրի երես են դուրս եկել»:

Վերջինի մասով քաղտեխնոլոգը նաև հիշեցրեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ, վարչության անդամ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մեկ տարի առաջ արված այն կանխատեսումը, թե իրական ընդդիմությունն «Իմ քայլը» ֆրակցիայի ներսում է լինելու:

«Հնարավո՞ր է, որ այդ ընդդիմությանը նոր կուսակցությունների տեսքով ականատես լինենք» հարցին ի պատասխան՝ մեր զրուցակիցը նշեց.  «Կարծում եմ՝ նման պրոցես կարող է լինել, ինչ արագությամբ՝ դժվարանում եմ կանխատեսել:  Սկզբից  կձևավորվի ընդգծված ֆրակցիոնիզմ՝ տարբեր մոտեցումներով, տարբեր նպատակներով, ու եթե տարաձայնություններն անհաղթահարելի լինեն, ու հնարավոր չլինի միակ կապող օղակի միջոցով այդ տարաձայնությունները հարթել, ապա, իհարկե, չեմ բացառում, որ հենց այդպես էլ կարող է լինել:

90-ականների սկզբներին Հայոց համազգային շարժումը երբ եկավ իշխանության, ոչ պակաս վարկանիշ ուներ, բայց ընդամենը մեկ տարի հետո այդ հզոր թվացող քաղաքական ուժը տրոհվեց երկու մասի,  ԱԺՄ-ն անջատվեց ՀՀՇ-ից.  այդ ժամանակվանից Վազգեն  Մանուկյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի ջրերը նույն առվով էդպես էլ չհոսեցին: Այսինքն, սա նույնպես քաղաքական օրինաչափության տիրույթում պիտի դիտել»:

Վ. Հակոբյանը նկատեց նաև, որ առաջին անգամը չէ, երբ ՔՊ-ի ներսում տարաձայնությունների ենք ականատես լինում. «Դավիթ Սանասարյանի գործի առնչությամբ նույնպես նման իրարամերժ մոտեցումներ կային: Ւնչ հարձակումներ եղան, օրինակ՝ նույն Արթուր Վանեցյանի նկատմամբ, դա նաև անուղղակի հարձակում էր հենց վարչապետի վրա ընդհանուր առմամաբ… Պրոցեսներ են, որոնք աստիճանաբար ավելի ակնհայտ են դառնում»:

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս